Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all 5459 articles
Browse latest View live

Պետբյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար

$
0
0

Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թթ.-ի ընթացքում պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները պարզել են, որ Երևանում գործող մի շարք ընկերություններ, որոնք տրանսպորտային միջոցների տեխզննություն էին իրականացնում, ապօրինություններ են կատարել:

Մասնավորապես, այդ ընկերությունները 2015-2018 թթ.-ին օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տված տրանսպորտային միջոցների զննության անցկացման թույլտվությունը՝ մեքենաները, փաստացի, տեխնիկական զննության չեն ենթարկվել:

«Ապօրինի վարձատրվող գործակալների միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխզննության կայան ներկայացվող կտրոնների, նաև արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց՝ այդ մասին փաստող կտրոն ստանալու համար նախատեսված 5500-10 500-ական դրամ հափշտակելու դիտավորությամբ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել էին ֆինանսների նախարարություն և չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից հափշտակել 1 մլրդ 31 մլն 330 հազար դրամից ավելի գումար»,- նշվում է ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Մարզերում նույնպես տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությամբ զբաղվող 10-ից ավելի ընկերություններ չկատարած աշխատանքների դիմաց նույն սխեմայով պետբյուջեից հափշտակել 1 մլրդ 108 մլն 920 հազար դրամից ավելի գումար:


Իսրայելի վարչապետը կարգադրել է հետ կանչել եկեղեցապատկան կալվածքների մասին նախագիծը

$
0
0

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի հայ պատրիարք  Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: Բենիամին Նեթանյահուին ուղարկված նամակը ստորագրվել էր հունիսի 18-ին Երուսաղեմի հայ եւ հույն պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից:

«Նամակում հոգևոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնել եկեղեցապատկան
կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվի Նախարարների խորհրդի քննարկմանը: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում այն մասին, որ հակառակ փետրվար ամսին վարչապետի կողմից եղած հավաստիացման, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում»,-նշել է  Հովնան Բաղդասարյանը:

Իր պատասխան նամակում, Բենիամին Նեթանյահուն հավաստիացնում է Երուսաղեմի հայ պատրիարքին եւ գրում է, որ կարգադրել է հետ կանչել նշված նախագիծը քննարկումից եւ հանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հոր հետ` խնդրին լուծում գտնելու համար:

Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ

$
0
0

Հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ ազդեցություն ունեն պետգնումների վրա

$
0
0


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շահերի բախման դեպքեր վերհանելու և դրանք կանխարգելելու նպատակով ուսումնասիրել է 2014-2017-ին կատարված պետգնումները` նպատակ ունենալով  բացահայտել այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի կամ անուղղակի միջամտություն են ունեցել պետգնումների գործընթացին:

Շահերի բախման դեպքեր բացահայտվել են` «Ռադիոլուրին» փոխանցվել են հանձնաժողովից: Դրանց, սակայն,  փաստաբան Մարատ Ատովմյանը վերապահումով է մոտենում:

2014-2017 թվականներին կատարված պետական գնումների գործընթացներին որքանով են միջամտություն ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձինք կամ նրանց հետ 1-ին աստիճանի արյունակցական կապ ունեցողները և ամուսինները: Հարցի պատասխանը փնտրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` 2017-ի հոկտեմբերից  մինչև այս մարտը ուսումնասիրությամբ: Արդյունքներն ամփոփվել են առանձին զեկույցով: Ըստ դրա՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյան ֆորմալ առումով ներգրավված չի եղել գնման մրցույթներին, բայց փաստացի կարող էր ազդեցություն ունենալ իր շահերից բխող որոշումների կայացմանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյան:

« Ուսումնասիրված 709 պայմանագրերից 99-ում (14%) ըստ էության առկա է շահերի առերևույթ բախման իրավիճակ. Բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ ԲՊԱ պաշտոն է զբաղեցնում»:

Բարձրաստիճան անձանց ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ պայմանագրեր կնքած ընկերությունների անունները հրապարակվել են` ասում է Էդգար Շաթիրյանը: Փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանն այս հարցում վերապահում ունի` ինչու չեն ներկայացվում պետգնումների գործընթացի վրա ազդեցություն ունեցած պաշտոնյաների անունները: Հանձնաժողովի անդամը հակադարձում է:

«Մեր խնդիրը չի եղել բարձրաստիճան պաշտոնատար այս կամ այն անձանց անունների հրապարակումը: Հրապարակել ենք կազմակերպությունների ցանկ, այսինքն` ցանկության դեպքում հնարավոր է պարզել բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նրանց հետ փոխկապակցված անձանց»:

Մարատ Ատովմյանն այլ վերապահումներ  էլ ունի թե հանձնաժողովի գործունեության, թե այս կառույցի ներկայացրած զեկույցի առումով: Որքանով էր հիմնավոր պետական միջոցների հաշվին ստեղծել նման մարմին, որն իր սուղ լիազորությունների պատճառով սուղ էլ աշխատանք էր կատարում: Փաստաբանը հիշեցնում է, որ տարիներ շարունակ այս հարցադրմանը հանձնաժողովից պատասխանում էին, թե այդքանն էին  թույլ տալիս իրենց վերապահված գործառույթները: Ատովմյանը կարծում է նաեւ, որ վերջին զեկույցներն ուղղակի ընթացիկ հակակոռուպցիոն տրամաբանության մեջ  են:

«Այս պարագայում ասել, թե որքանով են բոլոր հնարավոր ռիսկերն ու դրսեւորումները բացահայտվել եւ դրանք արծարծվել, դա մի քիչ դժվար է ասել, քանի որ մենք համեմատելու տարբերակ չունենք այլ զեկույցի կամ այս առումով այլ բացահայտումների հետ»:

Էդգար Շաթիրյանն իր հերթին շեշտում է` շահերի բախման կանխարգելման ու վերացման նպատակով կատարված ուսումնասիրությունը առաջարկների հիմք է դարձել, ու այդ առաջարկները ներկայացվել են կառավարությանը, իրավասու մարմիններին: Զեկույցում բարձրացված խնդիրները փաստում են` շահերի բախման իրավիճակների օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն:

Վերջին ՝ 2016-ի ընդգրկուն փոփոխություններից հետո էլ ընդգծվում  է նոր փոփոխությունների կարիքը: Իսկ փոփոխությունները ծրագրվում է իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմամբ, որի պահից էթիկայի հանձնաժողովը կդադարի գործել:

«Անհասանելի» պատմական հուշարձաններ, թե անբարեկարգ ճանապարհներ

$
0
0

Զարգացնել ներքին տուրիզմն  ու  Հայաստանը դարձնել գրավիչ զբոսաշրջիկների համար: Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ  հայտարարում է, որ ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար:

Տուրիզմը գերակա ուղղություն հռչակած մեր երկրում դեպի պատմամշակութային վայրեր տանող  անբարեկարգ ճանապարհները շատ են: Կան հուշարձաններ, որոնց  պարզապես անհնար է հասնել՝ ճանապարհ չկա:

Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջան այցելելիս պարտադիր պայման է դարձել Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի կամ պարզապես  Ստեփանավանի դենդրոպարկ այցելելը: Հենց այս  ճանապարհին էլ զրուցեցինք  տաքսու վարորդի հետ:


Մեղմ ասած անմխիթար ճանապարհների պատճառով զրուցակիցս մեքենան հաճախ է վերանորոգում:

Ճանապարհին զրուցեցինք նաև այցելուների հետ,  նրանք էլ, մեղմ ասած, գոհ  չեն :

Գյուլագարակ խոշորացված  բնակավայրի   ղեկավար  Մհեր Գևորգյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում  ասում է՝ պատրաստ է աջակցել ճանապարհի ասֆալտապատմանը, սակայն, միայնակ ոչինչ  չի կարող անել: Նկատում է՝ եթե ճանապարհի հանգստյան գոտիները չլինեին, այնտեղ արոտավայր կլիներ: Իսկ  որպես արտովայր ճանապարհը վատը չէ: Զրուցակցիս կարծիքով՝ ավելի շատ պետք է  գործարարները մտածեն, թե ինչպես  գրավեն այցելուներին:


«Ես ինչի պետք է բիզնեսի հետ խոսեմ, իրենք պետք է իմ հետ խոսեն: Որ ասեմ բիզնեսը զարգացնելու համար ճանապարհը սարքի:

Թե որքան գումար է պետք այս  ճանապարհը կարգի բերելու համար, համայնքի ղեկավարը չգիտի,  միայն ասում է՝  առաջիկայում փոսալցման աշխատանքներ կկատարվեն ՝ համայնքի հաշվին:

«Սա մարզային ճանապարհ է,- ասում է Ռադիոլուրի մյուս զրուցակիցը՝ ՏԿ և ՏՏ նախարարության  Հայաստանի ավտոմոբիլային  ճանապարհների տնօրինության ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գուրգեն Թադևոսյանը: Գերատեսչությունը ճանապարհի պահպանում չի իրականացնում:

«Կարևորությունից ելնելով՝ մեր մասնագետները ուսումնասիրել են՝ 3,6 կմ երկարություն ունի, որի առաջին 750  մետրը ասֆալտապատված է, քիչ քանակի փոսեր կան, մնացածը հիմնանորոգի, քանի որ վատ վիճակում է: Մոտավոր հաշվարկներով շուրջ 250 մլն դրամ գումար է  անհարժեշտ ասֆալտապատելու համար : Դեռ հաշվարկ ենք արել, գումար դեռ չկա: Խնայողությունների հաշվին նախատեսում ենք այլ ծրագրերով ներառել այդ ճանապարհը»:

Ցանկությունն ու հաշվարկները կան,   գումարները դեռ փնտրվում են: Տուրիզմը գերակա ուղղություն հռչակած մեր երկրում    դեպի պատմամշակութային վայրեր տանող  անբարեկարգ ճանապարհները շատ են: Նույն մարզում դեպի  Կուռթանի ձոր՝ Հնեվանք տանող  ճանապարհն էլ այն վիճակում է, որ  միայն լուրջ ներդրումների դեպքում է  հնարավոր կարգի բերել,-ասում է Գյուլագարակ խոշորացված բնակավայրի ղեկավար ՄՀեր Գևորգյանը: Սա ոչ միայն պատմամշակութային վայր տանող, այլ նաև ռազմավարական նշանակության ճանապարհ է :


«Նախկինում ցանկանում էին դա պահեստային ճանապարհ դարձնել, որը կտաներ դեպի Թումանյան կայարան: Որևէ համայնքապետ  չի կարող միայնակ ճանապարհը վերանորոգի:Եթե կա մեկը , որ մենակ կսարքի, ես պեչատը կդնեմ,  կգնամ , թող ինքը գա, աշխատի: Դրա վերանորոգման համար մեծ գումարներ են հարկավոր: Ռոբերտ  Քոչարյանը խոստացավ, որ կվերանոգորեն, իրենք չեն կարողացել, ես ի՞ նչ պատասխանեմ:

Հայաստանի ավտոմոբիլային  ճանապարհների տնօրինության ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գուրգեն Թադևոսյանի տեղեկացմամբ՝  հաջորդ տարվա բյուջեի  նախագծում  ներառվել է   Հաղպատի հուշարձան  տանող 5 կմ երկարությամբ  ճանապարհը: ՀԲ միջոցներով    վերանորոգվել է Զորաց քարեր տանողը:  Արդյո ՞ ք կարող ենք այս որակի ճանապարհներով տուրզիմ զարգացնել մեր  հարցին Թադևոսյանը պատասխանում է՝

« Տարեցտարի փորձում ենք լավացնել , ամեն տարի աշխատանքներ կատարվում են, կան զարգացնելու տեղեր, աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Խոստովանում է՝  Հայաստանի ճանապարհների վիճակն այս պահին չի նպաստում   զբոսաշրջության զարգացմանը:

Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցին վտանգված է. Կարոտ Սասունյան

$
0
0


Եվրամիության մշակութային ժառանգության մրցանակին արժանացած Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու դռները փակ են  ու երկրում ստեղծված իրավիճակը  հույս չի ներշնչում, որ այդ դռները  մի օր կբացվեն՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է Դիարբեքիրում բնակվող, լրագրող Կարոտ Սասունյանը:

Մեր հայրենակցին մխիթարողն այն է, որ Սուրբ Կիրակոսը Դիարբեքիրի  այլ եկեղեցիների պես չի պետականացվի: Նման վճիռ ավելի վաղ ընդունել էր Թուրքիայի բարձրագույն վարչական դատական մարմինը։

 

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծ հայկական եկեղեցին է Մերձավոր Արևելքում: Երկար տարիներ այն լքված է եղել: 2011-ին Սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ այն հնարավոր եղավ վերականգնել և վերաբացել ծխականների համար:

«Վերաբացման 4 տարիների ընթացքում եկեղեցին եղել է խաչմերուկ, հանդիպման վայր, ինքնության վայր, խորհրդանիշ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Դիարբեքիրում բնակվող Կարոտ Սասունյանը։ Հայերը եկեղեցին դարձրել են հավաքատեղի, ինքնությունը վերագտնելու օջախ:

Այսօր այն լքված է, քանդման վտանգի առջեւ: Կարոն կարողացել է գաղտնի մուտք գործել եկեղեցի,  լուսանկարել այն ու նկարներով  փոխանցել եկեղեցու ծայրահեղ ծանր վիճակը: Նշենք, որ Սուրբ Կիրակոսը վերջին անգամ տուժել է Թուրքիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև 2015-ին սկսված բախումների ժամանակ, դրանից հետո  եկեղեցու տարածքն անհասանելի է դարձել բոլորի համար:

«Ես եկեղեցի մտա, հարեւանությամբ գտնվող շինության միջոցով, որտեղ անցք էր բացվել դեպի Սուրբ Կիրակոս: Ընդհանուր վիճակը ահավոր էր. խորանն օգտագործվել էր որպես խրամատ, սրբաբատկերների 90 տոկոսը ավերված էր, օգտագործվել էր նրանց բնական կարիքների համար, ամբողջ գետինը անկողնային պարագաներ էին շաղ տված, նստարանները, ապակինները կոտրված: Ավերված էր խոհանոցը, հուշանավերների վաճառքի հատվածը, իսկ այն հուշանվերները, որոնք իրենք չէին հավանել, այրել էին: Միայն պատրիարքի համար նախատեսված աթոռն էր, որ չէին վնասել»:

Եկեղեցու դուռը փակ է շուրջ 3 տարի: Մուտքը  թույլատրվում է միայն տեղի իշխանությունների կողմից: Վերջին անգամ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է այցելել եկեղեցի՝ իրավիճակը գնահատելու համար: Ըստ Կարոտ Սասունյանի՝ Սուրբ Կիրակոսը վերանորգման կարիք ունի, այս վիճակում այն չի կարող երկար կանգուն մնալ՝ կխոնարհվի, քանի որ եկեղեցու սյուները վնասված են: Իսկ իշխանությունների՝ վերաբացման բարի կամքի դրսեւորման հարցում վատատես է:

«Ներկայում, շատ եմ ցավում, բայց եկեղեցին վերբացելու ոչ մի հույս չկա: Եկեղեցու դռները փակ կմնան, քանի որ երկրիրը ղեկավարվում է մեկ անձի կողմից: Նման լիազորությունները տրվեցին նախագահին բարեփոխված սահմանադրության շնորհիվ, ու երկրում վիճակն ավելի վատացավ:  Անգամ ժողովրդավար ճանապարհով ընտրված տեղական իշխանությունների ներկայացուցիչներն են հրաժարական տալիս, կամ ձերբակալվում»:

Դիարբեքիրում բնակվող մեր հայրենակիցը հայտնում է, որ  փակված Սուրբ Կիրակոսի փոխարեն տիգրանակերտցիները ասորական Սուրբ Մարիամ եկեղեցի են այցելել ու այնտեղ մոմ վառել: Երբ անասունների հոտը վերացվում է, հովվի կարիք էլ չի լինում, մենք էլ հոգեւորականի, հովվի կարիք ունենք:

Ու եթե անգամ տեր հայր էլ չլինի,  Սուրբ Կիրակոս եկեղեցին մեր համար նման խորհրդանիշ է՝ ասում է Կարոտ Սասունյանը:

Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան

$
0
0

Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան։

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ֊ «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում»։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- նշել է Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը։

ՇՏԱՊԱյսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության…

Publiée par Vahram Qahana Melikyan sur Samedi 14 juillet 2018

Գարեգին Բ-ն դուրս է բերվել ցուցարարների շրջափակումից

$
0
0

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս է եկել շրջափակումից եւ ուղեւորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց եւ կուղեւորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների եւ հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,-գրել է նա:

Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։Հակառակ տխրահռչակ նախաձեռնության…

Publiée par Vahram Qahana Melikyan sur Samedi 14 juillet 2018


Ադրբեջանական կողմը հայ բնակչի է գերևարել և փորձում է ներկայացնել որպես հետախույզ

$
0
0

Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

Տարածված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով հերքել է Կարեն Ղազարյանի հետախույզ լինելու մասին լուրերը, և նշել, որ քաղաքացու՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին հանգամանքները ճշտվում են:

Աշոտ Ահարոնյանը մասնավորապես գրել է. «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:


Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում պարզաբանում էր ներկայացրել, համաձայն որի՝ ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ, ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում։

«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,-գրել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել

$
0
0

Ոստիկանության ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

«Քաղբանտարկյալ՝ Արարատ Խանդոյանը ազատ արձակվեց։ Արարատ Խանդոյանը ենթարկվել է քաղաքական հետապնդման,նախկին իշխանությունների կողմից»,- գրել է Արա Ղարագյոզյան։

Շենքի փլուզում Երեւանում. կա երկու վիրավոր եւ մեկ զոհ

$
0
0

Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում տեղակայված՝ Հայաստանի արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնի շենքն այսօր մասամբ փլուզվել է։

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ)՝ պարզվել է, որ փլուզվել է ճակատային հատվածի քիվը (մոտ 10 գծամետր), ինչի հետևանքով կան տուժածներ:

Քիչ առաջ շենք ժամանեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեք տուժողներից մեկը մահացել է, երկուսը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Նրա փոխանցմամբ՝ շենքում շինարարական աշխատանքներ են տարվել: Երեքն էլ եղել են Փորձագիտական կենտրոնի աշխատակիցներ, որոնք փլուզման պահին անցնում էին շենքի տակով:

ԱԻՆ-ը ավելի վաղ հաղորդել էր, որ փլուզման մասին ահազանգը «911» ծառայությունում ստացվել է ժամը 11։13, դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Գ. Մ.-ն (1965թ.), Ա. Կ.-ն (1971թ.) և Մ. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի և Ա. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Հ.-ինը` բավարար: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) և թուլացած օդորակիչը», — ասված էր ԱԻՆ հաղորդագրությունում:

Կլինի համաներում, թե ոչ

$
0
0

Համաներումը իրավունք չէ, այլ արտոնություն՝ այսօր «Ռադիոլուրին» հայտնել է արդարադատությանը նախարար Արտակ Զեյնալյանը։

Իսկ նախարարին դիմելու պատճառը «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի շուրջ 30 դատապարտյալի կառավարությանը «Ռադիոլուրի» միջոցով ներկայացված խնդրագիրն էր։

Դատապարտյալները նաեւ նշել էին, որ իրենց խնդրանքը չբավարարելու դեպքում՝ կդիմեն նաեւ հացադուլի։ Անգամ հացադուլի օրն էր նշվել՝ հուլիսի 18- ը։ «Ռադիոլուրն» այսօր կրկին գնացել է խնդրագրի հետքերով։

Համաներումը իշխանութունների, հանրության, հասարակության քաղաքական կամքն է, դա ոչ թե իրավունք է, այլ արտոնություն, «Ռադիոլուրի» հետ զրույցում այսօր նշեց արդարադատությանը նախարարն Արտակ Զեյնալյանը։

«Համաներում կլինի թե՞ ոչ: Դա իշխանութունների, հանրության, հասարակության քաղաքական կամքն է: Արդյո՞ք ՀՀ-ի ժողովուրդը, իրավունքի խախատման զոհերը պատրաստ են ներել իրենց իրավունքները խախտած անձանց: Սա հիմանհարց է, որը հացադուլով չէ, որ պետք է լուծվի, որը շնորհ է, արտոնություն է, որը պետք է անի հասարակությունը, իշախանությունը: Եթե դրա ժամանակը գա կքննարկվի»:

Համաներման հասարակական պահանջ արդո՞ք ձեւավորված է։ Այնուամենայնիվ՝ դատապարտյալները կարծում են, որ «թավշյա հեղափոխությունից» հետո դա անհրաժեշտ է։ Ավելին՝ Արմավիր քրեակատարողական հիմնարկից շուրջ 30 դատապատրայալ իրենց խնդրագիրը փորձել են կառավարությանը ներկայացնել «Ռադիոլուրի» միջոցով, իսկ հեռախոսազանը ստացել էին հուլիսի 10- ին.

«Ձեզ անհանգստացնում են Արմավիր քրեակատարողական հիմնարկից, դատապարտյալ Բաբկեն Ղալցյանը»:

Բաց նամակում, որն ընթերցել էր մեզ զանգահարած դատապարտյալը, բարձրացվում էր համաներման հարցը: Անազատության մեջ գնտնողները նշում էին, որ Հայաստանի շուրջ  5000 դատապարտյալներից շատերը «անհամաչափ կամ ընտրովի արդարադատության են ենթարկվել», իրավիճակի փոփոխության իրենց ակնկալիքը կապում էին հեղափոխության հետ, կարծում, որ իրավիճակի լուծում կարող է դառնալ համաներումը, դրա կիրառման դեպքում  խոստանում էին ավելի օրինապաշտ դառնալ:

Նամակում 3 պահանջ էին բարձրացնում, ցանկանում էին, որ վարչապետի ներկայացուցիչն այցելի իրենց, ծանոթանա իրենց խնդիրներին և դրանք փոխանցի գործադիրին: Հասարակությունից ակնկալում էին  աջակցություն իրենց պահանջին , որպեսզի հնարավորինս  լայն համաներում կիրառվի: Երրորդ պահանջը համարյա վերջնագիր էր հիշեցնում:

«Եթե վարչապետի ներկայացուցիչը մինչև հուլիսիւ 18-ը չայցելի մեզ ստիպված կլինենք դիմել բողոքի շայրահեղ միջոցի ՝ հացադուլի և այսպես հասնել արդարությանը»:

Համաներման հարցի մասին հետաքրքրվեցինք նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից: Կլինի՞, թե՞ ոչ.  հարցը Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում՝ պատասխանեց.

«Պաշտպանը պատրաստ է մասնակցել բոլոր քննարկումներին, այդպիսի մեխանիզմ քննարկվելու դեպքում»:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի անկախացումից ի վեր եղել է 8 համաներում: Առաջինը՝ 95-ին, վերջինը՝ 2013 թվականին, անկախության 22-ամյակի կապակցությամբ: 5 տարի Հայաստանում համաներում չի եղել ու, ըստ ոլորտում մասնագիտացած կառույցների, դրա անհրաժեշտությունը հասունացել է:

Ինչու է ջրազրկվել Խարբերդի ամառանոցային թաղամասը

$
0
0

Խարբերդի ամառանոցային թաղամասի ջրազրկման պատճառը դժբախտ պատահարն է՝ «Ռադիոլուրին» այսօր հայտնել է «Երևան» ՋՕ ընկերության  տնօրեն Մերուժան Ասատրյանը.

«Մենք էլ ենք տարածքում եղել, այնտեղ դժբախտ պատահար էր տեղի ունեցել. Երեխա էր խեղդվել ԱԻՆ-ը կտրել էր ջուրը: Հետո տվեցին, այլ խնդիրներ կան: Խցանումներ կան, այս շաբաթ կլուծենք, ուրբաթ կամ շաբաթ ջուր կունենան»:

ԱԻՆ-ից Ռադիոլուրին հաստատեցին՝ հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխան ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցի վերջնամասում՝ ջրանցքից դուրս են բերել 2001թ ծնված երեխայի դին։

Օրերս Ռադիոլուրն անդրադարձել էր Խարբերդում ոռոգման ջրի բացակայության խնդրին: Երևան ՋՕ-ն վստահեցրել էր, որ հանգստյան օրերին բնակիչները ոռոգման ջուր կունենան:

ՀՀ մշակույթի նախարարն այցելել է Հանրային ռադիո

$
0
0

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր այցելել է Հայաստանի հանրային ռադիո:

Նախարարը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի և Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է Ռադիոտանը, ծանոթացել ձայնագրման նոր ստուդիայում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Այցի ժամանակ քննարկվել են Մշակույթի նախարարություն — Հանրային ռադիո համագործակցության նոր հնարավորությունները:

 

Մահացել է Վարուժան Պլուզյանը

$
0
0

Այսօր 80 տարեկանում մահացել է մեր ավագ գործընկերը՝ մշակույթի վաստակավոր գործիչ Վարուժան Պլուզյանը։

Նա ծնվել է Երեւանում, ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիան, եղել է օպերային երգիչ, սակայն կյանքի մի մեծ հատված՝ մոտ հինգ տասնամյակ աշխատել է Հանրային ռադիոյում։

Վարուժան Պլուզյանի երաժշտական հաղորդումները մեր ռադիոյի «Ոսկե ֆոնդի» գանձերից են, նա նաեւ բազմաթիվ երաժիշտների մասին գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։


«Բուրգեր Քինգ»-ի պայթյունի գործով մեղադրանք է առաջադրվել «Կոտայք» գարեջրի գործարանի արտադրամասի պետին

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Երևանում գործող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառը։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար մեղադրանք է առաջադրվել «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին։

Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում պայթյունը տեղի է ունեցել 2018 թվականի  ապրիլի 2-ի երեկոյան, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 9 քաղաքացի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել  քննչական խումբ, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ պայթյունի պատճառները պարզելու համար, այդ թվում՝  նշանակվել դատաբժշկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ։

Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ պայթյունի օջախը գտնվել է դեպքի վայր հանդիսացող՝ «Բուրգեր քինգ» արագ սննդի կետի առաջին հարկի սրահի վաճառականգնակի տակ՝ հատակի վրա: Դատաապրանքագիտական, պայթյունատեխնիկական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ պայթյունի պատճառ է հանդիսացել ճնշման տակ գտնվող, խախտումով տեղափոխված գլանանոթի՝ դժվարամատչելի վայրում խախտումով տեղադրումը, որի հետևանքով տեղի է ունեցել գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, ինչը նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ գլանանոթի մեջ ճնշման բարձրացմանը, որի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Ըստ փորձագետների՝ տեղի ունեցած պայթյունն ունեցել է 0.745 ՄՎտ հզորություն, ինչը համարժեք է 178 գր՝ ըստ տրոտիլային էկվիվալենտի:

Քննությամբ պարզվել է, որ ածխաթթվածնային գլանանոթը գործարանային արտադրության է՝ արտադրված Ռուսաստանի Դաշնությունում ՝ 2012թվականին, և համապատասխանել է ԳՕՍՏ 8050-85 միջպետական ստանդարտի պահանջներին, հետևապես՝ պիտանի նպատակային օգտագործման համար:

«Բուրգեր քինգ» արագ սննդի կետում գործունեություն ծավալող «Բուրգեր Արմ» ՓԲ ընկերությանը  գարեջրատեսակների և ըմպելիքների մատակարարման ծառայություններ մատուցել է «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊ ընկերությունը, որի կողմից էլ առաքվել է նշված գլանանոթը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մատուցված ծառայության անվտանգության համար պատասխանատու անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետի աշխատանքային պարտականություններից է եղել  հրահանգավորել և ուսուցանել  նույն  ընկերության գարեջրի լցման սարքերի տեղադրող-մեխանիկին՝  աշխատանքի անվտանգության կազմակերպման կանոնների վերաբերյալ, սակայն չի  ուսուցանել, չի տեղեկացրել  բարձր ճնշման տակ գտնվող գազի գլանանոթների սպասարկման պայմանները, և տեղադրող-մեխանիկը, առանց անվտանգության տեխնիկայի քննություն հանձնելու և չունենալով սահմանված կարգով և ձևի վկայական, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում իրականացրել է  գարեջրի լցման  գլանանոթի սպասարկման, մասնավորապես՝ ածխաթթու գազի գլանանոթի փոխարինման աշխատանքը, որը կատարելիս թույլ է տվել մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ ճնշման տակ գտնվող գլանանոթը տեղադրել է սխալ՝ պառկեցված վիճակում, վատ օդափոխվող տեղում և սառեցնող սարքավորման հետնամասում տեղադրված աշխատանքի ժամանակ տաքացող գալարախողովակաշարին մոտ, չի ամրացրել գլանանոթը,  որի հետևանքով 2018թ.-ի ապրիլի 2-ին տեղի է ունեցել նշված գլանանոթի ջերմաստիճանի բարձրացում, որն էլ նպաստել է ածխաթթվածնի գազային ֆազայի ավելացմանը՝ բերելով գլանանոթի մեջ ճնշման բարձրացման և որպես հետևանք՝ հանգեցնելով   պայթյունի։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Կոտայք Գարեջրի Գործարան» ՍՊԸ-ի  սառնարանա-կոմպրեսորային արտադրամասի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

$
0
0

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության մասին:

Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զորակցության և կարեկցանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ տուժածներին և վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում»:

Հասնել այնպիսի լուծումների, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չմնա «հիվանդանոցների դռներին». Նիկոլ Փաշինյան

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:

«Այսօրվա մեր քննարկումը նվիրված է առողջապահության ոլորտի ֆինանսավորման խնդիրներին: Մեր խնդիրն է՝ հասնել այնպիսի լուծումների, որպեսզի բուժման կարիք ունեցող ՀՀ ոչ մի քաղաքացի, այսպես ասած, չմնա հիվանդանոցների դռներին: Մենք այս խնդրի լուծման համար պետք է հարցեր լուծենք երկու մակարդակում. առաջինը՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարների ծախսման արդյունավետության բարձրացումն է, երկրորդը, որը ռազմավարական խնդիր է, առողջապահության ապահովագրական համակարգի անցման ուղղությամբ խնդիրների լուծումը, որպեսզի գործնականում պետությունը յուրաքանչյուր անգամ ստիպված չլինի միջամտել անհատական դեպքերին և մենք ունենանք համակարգային լուծումներ, որոնք կաշխատեն ինքնաշխատ եղանակով: Իհարկե, հասկանալի է, որ սա պետք է լրացուցիչ ծախսեր առաջացնի պետության համար, մեր խնդիրն է՝ այդ ծախսերի ֆինանսավորման ապահովումը: Սա մեր քաղաքական խնդիրն է ու պարտավորությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարության խնդիրն է հասկանալ նշված խնդրի լուծման ճանապարհները և գտնել հստակ լուծումներ:

«Առնվազն առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը, որպեսզի նրանք այդ բուժօգնության ամբողջական կամ որոշակի տրամաբանական փաթեթների նկատմամբ ունենան հասանելիություն»,- ընդգծել է վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայություններին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին, բուժօգնության ֆինանսավորման մեխանիզմներին: Նախարարի խոսքով՝ ներկայումս տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակներում առաջանում են հերթեր, ինչը լուրջ խնդիր է առաջացնում այն քաղաքացիների համար, որոնց վիրահատությունը կամ բուժօգնությունն անհրաժեշտ է լինում տվյալ պահին:

Ըստ նրա, հերթերը պայմանավորված են միջոցների սղությամբ, որոնք բաշխվում են ըստ ամիսների: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այս պարագայում առողջապահական ապահովագրության համակարգը դիտում են որպես խնդրի լուծման ամենաադրյունավետ մեխանիզմներից մեկը և հավելել, որ պետական ծառայողների համար այժմ գործող ապահովագրական համակարգը գործում է ընդհանուր առմամբ արդյունավետ: Նա անհրաժեշտ է համարել դիտարկել ժամանակի ընթացքում ամբողջությամբ ապահովագրական համակարգի անցնելու հարցը:

Այնուհետև խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել առողջապահության ոլորտի ֆինանսավորման մեխանիզմների, աղբյուրների հստակեցման, սոցիալապես անապահով քաղաքացիների առողջապահական խնդիրների լուծման շուրջ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ներկայացված առաջարկությունները ևս մեկ անգամ մանրամասն քննարկել և արդյունքները ներկայացնել իրեն:

Քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը

$
0
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ իրադարձությունը, որը հանգեցրեց իրենց հանդիպմանը, այնքան էլ ուրախալի չէ՝ նկատի ունենալով վերջին բացահայտումները հիմնադրամում: Վարչապետը հույս է հայտնել, որ այս գործընթացների արդյունքում հնարավոր կլինի կոնկրետացնել պատկերացումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա անելիքների վերաբերյալ:

Իր հերթին, Պետրոս Թերզյանը նշել է, որ իրենց համար մեծ ցնցում էր այդ լուրը, որովհետև հիմնադրամի պատմության մեջ նման բան չի եղել և իրենք գործել են հաստատակամությամբ, որ այն մաքուր մարմին է:

Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ անելու են ամեն ինչ՝ նվիրատուների գումարներն իրենց նպատակներին հասցնելու համար:

Մաշալյանը շնորհավորական ուղերձ է հղել Էրդողանին

$
0
0

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, բարձրաձայնել է նաև հայ համայնքին հուզող խնդիրները, հայտնում է ԱԿՕՍ-ը:

Մաշալյանն Էրդողանին խնդրել է լուծել ոչ մահմեդական քաղաքացիների առջև ծառացած բյուրոկրատական խնդիրները: Նա նկատել է, որ ազգային փոքրամասնությունների նոսրանալը բնական չէ, այլ ընդամենը արդյունք է պետության՝ տարիներ ի վեր շարունակվող ռեպրեսիվ քաղաքականության:

Խնդիրների շարքում մասնավորապես նշվում է համայնքային վարչական կառույցների ղեկավարների ընտրության անցկացման դեմ ստեղծված խոչընդոտները: Եպիսկոպոսն ընդգծել է, որ բյուրոկրատական խնդիրների պատճառով չեն կարողանում ո՛չ պատրիարք ընտրել, ո՛չ վարչական ղեկավարություն:

Որպես լուծման տարբերակ՝ Մաշալյանն առաջարկել է սկսել նոր նախաձեռնություն, դրսևորել նոր քաղաքական կամք, որոնք փոքրամասնությունների նկատմամբ բայրացկամ վերաբերմունք կձևավորեն:

Viewing all 5459 articles
Browse latest View live