ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը կծառայի Արցախում։ Էդգար Տոնոյանը Կենտրոնական զինվորական հավաքակայանում մասնակցել է վիճակահանությանը։
ՊՆ Դավիթ Տոնոյանի որդին կծառայի Արցախում
Նյութեր են նախապատրաստվում` Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում 2018 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 18:46-ին, «Շտապ» խորագրի ներքո հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցնում։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում»։
Քննության առարկա են դարձվել դեպքի վերաբերյալ տեսանյութերը, հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արամ Մանուկյանի հուշարձանի բացումը` այսօր
Այսօր Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում, Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում կայանալու է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձանի բացումը:
Իսկ մինչ այդ մամուլում, փորձագիտական շրջանակներում, արձանի տեղադրման հետ առնչվող պետական գերտեսչություններում իրարամերժ որոշումներ հրապարակվեցին՝ կասկածի տակ դնելով արձանի բացման հարցը:
Ըստ հաղորդագրության՝ այսօր քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում հուշարձանի բացման պետական-պաշտոնական արարողությանը հետեւելու է մշակութային ծրագիր:
Որքանո՞վ արձանի բացումը կդառնա պետական ծրագիր, քանի որ մշակույթի նախարարության, Քաղաքաշինության պետական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կային հակասություններ՝ արձանի տեղադրման, ընտրության գործընթացի վերաբերյալ: Քաղաքապետարանից ներկայացուցիչ ներկա կլինի՞ այսօրվա բացմանը լրատվականի ծառայությունից մեզ դժվարացան պատասխանել: Դժվարացան պատաասխանել նաեւ քաղաքաշինության կոմիտեից:
Մշակույթի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախարար Մակունցը ներկա չի լինի, նախարարության ներկայացուցիչ՝ նույնպես: Ըստ գերտեսչության մամուլի պատասխանատու Անի Սմբատյանի՝ տարածքում արձանի տեղադրման վերաբերյալ նախարարությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան բացատրություն ստանալու համար ու դեռ չի ստացել:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, սակայն, մեզ փոխանցեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են եւ նախատեսված ժամին քաղաքական- պետական գործչի արձանը կբացվի:
Մինչ արձանի տեղադրումը՝ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարեց, որ աշխատանքներն իրականացվել են օրենքներիի խախտմամբ՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների պահաջներն անտեսել են։ Ըստ կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Բադալյանի, արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը:
Քաղաքապետարանն էլ հակադարձեց, որ արձանի տեղադրման, ընտրության գործընթացը սկզբից մինչև վերջ կատարվել է օրենքի պահանջներին համապատասխան: Վերջին ակորդը դրեց մշակույթի նախարարությունը:
Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ էր քվեարկել Երևանի յոթ կառույցներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկին, որի թվում էր նաեւ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը:
Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ օբյելկտների արտաքին տեսքն ու պատմականորեն դրանց հետ կապված տարածքը պետք է սկզբնական տեսքի բերել, այն տեսքի, որը դրանք ունեցել են շահագործման հանձնելու ժամանակ։ Մտավախության չկա՞, որ պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքի պահպանման նպատակով արձանն ապամոնտաժվի. Գեղամ Մանուկյանը պատասխանեց:
«Ոչ»:
Արամ Մանուկյանի արձանը պե՞տք է մեր քաղաքին, եւ պե՞տք է տեղադրվի սահմանված վայրում՝ «Ռադիոլուրը» հարցրեց երեւանցիներին:
Սևանի մամռակալման պատճառը միայն բարձր ջերմասիճանը չէ. մասնագետներ
Բնապահպաններն ու քաղաքացիներն ահազանգում են՝ Սևանա լճի մի ամբողջ ափ մամռակալած է:
Մասնագետները սա տարբեր գործոններով են պայմանավորում, պատասխանատուները՝ ջերմաստիճանի բարձրացմամբ միայն:
«Սևան» ազգային պարկի տնօրենը հորդորել է չանհանգստանալ ու շարունակել հանգիստն անցկացնել Սևանա լճում:
Սևանա լճից անկանոն ջրառ, բարձր ջերմաստիճան ու ոչ միայն. լրագրող «էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը երկար կարող է թվարկել պատճառները, թե ինչու է կանաչել Սևանա լճի ափը՝ Շորժայի հատվածում՝ նկարիչների միության հանգստյան տան մոտ գտնվող հատվածը:
Կիրակոսյանը հիշեցնում է՝ պետք է մաքրման կետեր լինեն, ցանկացել են դրանք տեսնել, սակայն չեն կարողացել:
Խեցգետնի թիվն է պակասել լճում, խաթարվել է Սևանա լճի էկոհամակարգը՝ ասում է զրուցակիցս: էկոհամակարգը փոխվել է նաև արհեստական ձկնաբուծության պատճառով: Զրուցակիցս չի հերքում՝ գուցե Սևանա լիճը «ծաղկել է» նաև ջերմաստիճանի բարձրացման պատճառով:
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ղեկավար Բարդուխ Գաբրիելյանն այս պահին դժվարանում է ասել, թե որն է լճի մամռակալման իրական պատճառը: Այսօրվանից դիտարշավ են սկսել.
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը նույնպես պնդում է՝ ջրիմուռները Սևանա լճի անբաժանելի մասն են: Ամեն խումբ ունի այն ջերմաստիճանը, որի ժամանակ ինքը բազմանում է: Սևանա լճի ջրի ջերմաստիճանը սովորաբար չի գերազանցում 21 աստիճանը, ուստի ջրիմուռների բուռն աճ չի դիտարկվում: Դրանք ակտիվանում են ջրի ջերմաստիճանը բարձրանալիս: Այս տարի տաք եղանակով պայմանավորված, Սևանա լճում ջերմաստիճանը տարբեր հատվածներում հասել է մինչև 24 աստիճանի:
Այս փուլում ջրիմուռների աճը երկու շաբաթ կտևի, եթե քամիներ չլինեն։ Գուլանյանն ասում է՝ նմանատիպ ևս մեկ «ծաղկում» կանխատեսվում է նաև օգոստոսին: Սակայն վստահեցնում է՝ վտանգավոր չէ:
«Ռադիոլուրի» զրուցակիցը պնդում է՝ հանրային լողափերում նմանատիպ երևույթներ չկան:
Ինչ են պահանջում Ապրիլյան պատերազմի մասնակիցները
2016 թ-ի քառօրյա պատերազմի մասնակից մի խումբ զինծառայողներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով իրենց զինգրքույկներում արձանագրել ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը:
Բողոքի ակցիա նախաձեռնողները Ազատության հրապարակից այսօր քայլերթով գնացին ՀՀ կառավարություն, որտեղ պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Նրանց լսեց կառավարության ներկայացուցիչը։
Ապրիլյան պատերազմի մասնակից մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակից երթով շարժվում են դեպի կառավարություն՝ ներկայացնելու իրենց բողոքը: Նրանք պահանջում էին իրենց զինգրքույկներում արձանագրել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը:
Վերջինների խոսքով՝ անարդարություն է տեղի ունեցել, քառօրյա պատերազմին մասնակցած մի շարք զինվորների զինգրքույկներում այդ փաստը չի արձանագրվել:
Խնդիրը նոր չէ, արդեն երկու տարի է դրա մասին բարձրաձայնում են: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը տեղյակ էր խնդրին և մի քանի անգամ պարզաբանում տրվել է. եթե մարտական հերթապահություն է իրականացրել զինվորը ու չի մասնակցել մարտական գործողություններին, ապա զինգրքույկում չի նշվելու, որ ապրիլյան պատերազմի մասնակից է։ Սակայն տղաներն ասում են՝ եթե կանգնած ես առաջնագծում, ապա ինչպե՞ս կարող ես մարտական գործողությունների մասնակից չդառնալ։
«Ռադիոլուրը» փորձեց պարզաբանումներ ստանալ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։ Նա կրկնեց՝ բոլոր այդ հարցերի պատասխանները, ինչ նախկինում արդեն տվել են:
Նշենք, որ կառավարության ներկայացուցիչները հանդիպեցին բողոքի ակցիա իրականացնողների հետ, խոստացան հստակ քննարկել խնդիրը տարբեր մասնագետների և վարչապետի հետ:
Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով:
Մայր Աթոռից հիշեցնում են, որ հայտնի նախաձեռնության մեջ ընդգրկված Կորյուն աբեղայի և մի խումբ աշխարհականների պահվածքի և գործողությունների առնչությամբ անցնող շաբաթների ընթացքում իրենց անհանգստության և դատապարտության խոսքն էին հնչեցրել եպիսկոպոսաց դասը, բազմաթիվ եկեղեցականներ և հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները հուլիսի 6, 2018 թվակիր խնդրագրով դիմել էին Վեհափառ Հայրապետին կարգազանց հոգևորականին պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ։
Հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում որոշում էր կայացվել Նորին Սրբության հորդորով մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։
Ինչու է աղբի մեջ կորել քաղաքը. պատկան մարմինները լռում են
Աղբահանության բարձիթողի վիճակը վերջին օրերին մայրաքաղաքում ավելի քան տեսանելի է։
«Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե որոնք են նման իրավիճակի պատճառները եւ նման տապի պայմաններում ինչ հետեւանք կարող են ունենալ դրանք մարդկան համար։
«Մաքուր Երևան» կարգախոսին չի համապատասխանում այսօրվա Երևանի դիմապատկերը: Երևանյան փողոցներով շրջելիս մայթեզրերի աղբամանները գրեթե բոլորը մաքուր էին: Սակայն պատկերն այլ էր շենքերի բակերում: Ամենուր աղբ ու գարշահոտություն է: Էլ չեմ ասում առնետների ու մլակների մասին:
2014 թվականից Երեւանի աղբահանությամբ զբաղվում է «Սանիթեք» ընկերությունը։ «Սպառողների խորհրդատվական կենտրոն»- ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նկատում է, որ լիբանանյան ընկերությունը սկզբնական շրջանում իր գործառույթները պատշաճ էր իրականացնում, սակայն վերջին տարիներին պատկերը փոխվել է: Նա իրավիճակը բացատրում է աղբահանության գումարների հավաքագրմամբ:
«Թաղապետարաններում ստեղծվել է մի կառույց՝ ուռճացված, գնում ես ու վճարում և չգիտես, թե դրանից որքանն է հատկացվում «Սանիթեքին», որքանն է քաղաքապետարանին մնում: Եվ երևի դա էր պատճառը, որ վերջին ժամանակները «Սանիթեքն» սկսել է վատ աշխատել»:
Աղբահանության խնդիրը տարիների պատմություն ունի, իսկ հիմա վիճակն ավելի է վատթարացել՝ հավելեց հասարակական կազմակերպության նախագահը: Բժիշկ Լալա Մանուկյանը մեջբերում է աղբահանության միջազգային կարգը: 22 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում աղբահանությունը պետք է իրականացվի օրական 3 անգամ: Օրգանական աղբը քայքայվում է 48 ժամվա ընթացքում, սակայն շոգ օրերին այն նեխում է հաշված ժամերի ընթացքում՝ ասում է.
«Առաջինը այդ տհաճ հոտը, որ դուրս է գալիս, դա ածխաջրի սուլֆիդն է, որ արտազատվում է օդ: Դա շատ թունավոր նյութ է: Առաջացնում է բազմաթիվ ալերգիաներ. չորություն բերանում, քերոցի զգացում կոկորդում, ինքնազգացողության վատացում: Եթե մարդն անընդհատ շնչում է այդ հոտը, օրվա ընթացքում կորցնում է իր աշխատունակությունը»:
Այս վտանգներին էլ գումարվում են աղիքային ինֆեկցիաները, որոնց թիվը, բժշկի խոսքով, այս տարի կրկնապատկվել է: Շատ հաճախ ինֆեկիցայի տարածողներն կրծողներն են ու մոծակները:
«Աղբահանությունն անպայման պետք է հատկապես շենքերի կողքերը, որտեղ երեխաներն են խաղում: Որ աղբի կուտակումն արդեն գետնին է: Նրանք մոտենում են, ինչ որ բան վերցնում են գցում: Մանկական հիվանդանոցներում շատ-շատ են ինֆեկցիոն հիվանդությունները»:
«Սանիթեք» ընկերությունում «Ռադիոլուրին» հայտնեցին, որ այսօր տարածած մամուլի հաղորդագրության ավելացնելու ոչինչ չունեն։ Իսկ հաղորդագրության մեջ նշված էր, որ տեխնիկական խափանումների արդյունքում մայրաքաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել եւ ընկերությունը հայցել էր քաղաքացիների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: «Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը: Այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ»,- նշված էր հաղորդագրության մեջ։
«Սանիտեքի» հետ պայմանագիրը կնքել էր Երեւանի քաղաքապետարանը եւ փորձեցինք պարզել, թե արդյոք այստեղ տեղյակ են իրավիճակից, ինչ տեխնիկական խափանումների են եղել աղբահանություն իրականացնող ընկերությունում եւ քաղաքապետարանն ինչպես է դրանց արձագանքել կամ փորձել աջակցել դրանց կարգավորման համար։ Մեր հարցերը մնացին անպատասխան։
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի արձանի բացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել պետական-հասարակական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացմանը:
Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ո՞վ է Արամ Մանուկյանը, թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս նրա գործ ունենք մեր պատմության մեծագույն առաքյալի հետ, որովհետև նրա կյանքը և գործունեությունը նման է ոչ թե մի մարդու կյանքի և գործունեության, ով ծնվեց, ապրեց և մահացավ, այլ ծնվեց իրականացնելու համար մի մեծ առաքելություն և ի վերջո իրագործեց այդ առաքելսությունը: Դա իսկապես մեծագույն առաքելություն էր՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ՝ երբ թվում է, թե թևերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է:
Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, նա երբեք ու երբեք չապրեց իր համար, իր ընտանիքի համար, իր հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, նա պայքարեց իր ժողովրդի համար, նա հաղթեց իր ժողովրդի համար և նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության հետևանքով և ամբողջացրեց իր առաքելությունը: Եվ ես հավատում եմ, որ այդ առաքելությունը նա սերմանել է այս հողի մեջ, մեծ հավանականությամբ նա կանգնել է այն տեղերում, որտեղ մենք հիմա կանգնած ենք:
Մենք ունենք մեր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական այրերը, հանրային այրերը, բոլորը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և այդ առաքելությունն է լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը և ապրել այնպես, որպեսզի ունենանք իրավունք ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայել նրա աչքերի մեջ և ասել՝ մենք տեր ենք Ձեր առաքելությանը Տիար Արամ Մանուկյան և Ձեր գործը կիսատ չէ, Ձեր ոգին կենդանի է, Ձեր հաղթանակը կենդանի է և հայ ժողովուրդն այլևս հաղթանակած է հավիտյան»:
Վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը․ վարչապետի հանձնարարականը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հուլիսի 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում hուլիսի 21-22-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Միքայել Արզումանյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոման մեջ:
Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են
ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մ. Մ.-ն առերևույթ
թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով
համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ.
ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրև կայացած
նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների
փոխարեն ստորագրել են այլ անձինք: Որոշումները հիմնականում վերաբերել են
համայնքի բնակիչներին սոցիալական օգնության գումարների հատկացմանը, որտեղ
հաճախակի սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված են եղել համայնքի ղեկավարի,
համայնքապետարանի այլ աշխատակիցների, ավագանու և նրանց ընտանիքի անդամներ,
ինչպես նաև համայնքի բնակիչ չհանդիսացող, կամ ՀՀ-ից բացակայող անձինք:
Այս առթիվ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը,
հիմնավորված է համարել, որ Ղուրսալի համայնքի ղեկավարի, ինչպես նաև
համայնքապետարանի աշխատակցի գործողությունների արդյունքում որևէ անձի,
կազմակերպության, հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնաս
չի պատճառվել և 2018թ. փետրվարի 5-ին որոշում է կայացրել հանցակազմի
բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Լոռու մարզի դատախազությունում այս որոշման օրինականության ստուգմամբ և
նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ
քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն անհիմն է, քանի որ
նյութերով չեն պարզվել դրանց վերջնական ընթացքը լուծող էական նշանակության
մի շարք հանգամանքներ: Նաև՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն
առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. փետրվարի
19-ին Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է քրեական
գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ
հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական
գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ
քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների
համակցությամբ հիմնավորվել է, որ համայնքապետը շարունակաբար վատնել է
հիշյալ համայնքի խոշոր չափերով գումարը:
Մասնավորապես Մ. Մ.-ն, խախտելով համայնքի ավագանու համապատասխան որոշման
պահանջները, 2015 թվականի հոկտեմբերի 20-ից 2017 թվականի նոյեմբերի 15-ն
ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մոր, կնոջ,
կնոջ մոր, համայնքի բնակիչ չհանդիսացող 2 անձանց դիմումների հիման վրա
նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ է ելքագրել և նրանց հանձնելով՝
վատնել: Պարզվել է, որ նույն կերպ՝ Մ.Մ-ն նաև համայնքի թվով 29 բնակիչների
դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ ելքագրելով
և նրանց հանձնելով ևս վատնում է կատարել:
Նշված արարքների համար հունիսի 22-ին Ղուրսալի համայնքի ղեկավարին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի
1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով
յուրացում կամ վատնում կատարելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է
կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մ.Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և
նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված
1.157.000 դրամի չափով վնասը:
Նկատի ունենալով, որ մեղադրյալը տվել է խոստովանական ցուցմունքներ,
աջակցել է նախաքննությանը, ամբողջությամբ վերականգնել է պետությանը
պատճառված վնասը՝ հուլիսի 18-ին նախաքննական մարմնի կողմից, դատախազի
համաձայնությամբ, գործուն զղջալու հիմքով դադարեցվել է նրա նկատմամբ
հարուցված քրեական հետապնդումը և գործով վարույթը կարճվել է:
Նոր էջ՝ օբյեկտիվ տեղեկատվությամբ
«Բացում ենք նոր էջ, որտեղ օբյեկտիվ տեղեկատվություն կլինի» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՏԿ և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։
Նրա տեղեկացմամբ, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցք ծրագիրը հինգ տրանշից է բաղկացած, ֆինանսավորվում է միայն առաջին երեք տրանշները, մնացածները ֆինանսավորողներ չունեն, հարցը լուծված չէ։
Ուստի անլուրջ կլինի, եթե որևէ մեկը ծրագրի ավարտի մասին հայտարարություն կանի։ Արտաշատ-Սիսիան, Սիսիան- Քաջարան ամենաբարդ հատվածի մասով, Գյումրիի շրջանցիկ ու Գյումրի-Բավրա հատվածները դեռ ֆիմամսավորողների են սպասում։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ ճանապարհահատվածները ավարտական վկայականներ դեռ չեն ստացել, քանի որ թերություններ են հայտնաբերվել ու դրանք պետք է վերացվեն։ Հակոբյանը ընդգծեց, որ շինարարությունը կիրականացվի տեղական շուկայից գնված շինանյութով։
«Հյուսիս-հարավ»-ի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ կան»,- հայտարարեց ՏԿ ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը։ Նա հայտարարեց ՝ ճանապարհը իսկապես ունի ռազմավարական նշանակություն, չբացառեց, որ հետազոտությունները լիարժեք չեն արվել։ Որպես օրինակ նշեց, որ բնակարանը վերանորոգելիս էլ բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս։ Ամենաբարդ հատվածը՝ Սիսիսան-Քաջարանը կկառուցվի պետություն-մասնավոր հատված համագործակությամբ։
Աշոտ Հակոբյանը հայտարարեց ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ապագայից չեն հրաժարվի։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր ծանոթացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 Աշտարակ-Թալին հատվածի աշխատանքներին: Նախարարը մի խումբ պաշտոնյաների, լրագրողների, շահագրգիռ ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտել է, որ այս այցի նպատակը ներդրումային այս ծրագրի իրականացման դաշտում նոր էջ բացելն է:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը՝ հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է երկու խոշոր հատվածներ՝ Մ2 Երևան-Երասխ-Եղեգնաձոր-Մեղրի և Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհները և ճանապարհային ենթակառուցվածքները:
Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորմամբ և բաժանված է առանձին տրանշների:
Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին․ հայտնի բլոգերը նոր տեսանյութ է հրապարակել
Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն հրապարկել է «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» տեսանյութ։ «Հայաստանի նման վայրն ինձ հույս է տալիս, որ կլինի աշխարհ, որտեղ ամեն ոք կարող է դառնալ լավագույնն այն ոլորտում, որը սիրում է… և այդ ամենը կրթության շնորհիվ»,- գրել է բլոգերը:
Տեսանյութում նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, շախմատ խաղացող բազմաթիվ երեխաներ:
Places like Armenia give me hope for a world where everyone grows up to become grandmasters in whatever they like….all thanks to Education. Come share your stories from around the world at Nas Daily Global — a 310,000 person strong community and growing! I also do a lot of beind the scenes on Instagram — find me there @NasDaily
Publiée par Nas Daily sur Mercredi 18 juillet 2018
Հայտնի բլոգերը նախօրեին պատմել էր հայկական ցայտաղբյուրների մասին՝ հրապարակելով «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով տեսանյութը:
This is The Land of Free Water!
Hello from a new country many of you probably don't know: Armenia!On my first day here, I wanna share with you how in Armenia, they do some things differently….especially when it comes to water!Great to be here! Come share your stories on this new group I started called Nas Daily Global — it's all about stories of others. And join me on Instagram @nasdaily where I do behind the scenes stuff.
Publiée par Nas Daily sur Lundi 16 juillet 2018
Նաս Դեյլին ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Բլոգերի այցը Հայաստան իրականացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ:
Պավել Մանուկյանի հայտարարությունը նոր երանգ է հաղորդում «Սասնա ծռերի» գործին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է «Սասնա ծռերի» 10 -ը անդամների գործով դատական նիստը:
Դատական նիստին ամբաստանյալ Պավել Մանուկյանն ուշագրավ հայտարարություն է արել: Ոչ պակաս ուշագրավ եղել է նաև Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը:
Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ պաշտպաններից Տիգրան Եգորյանը խնդրել է կես ժամով ընդմիջել նիստը: Սակայն մինչ նիստը ընդմիջելը՝ Պավել Մանուկյանը հանդես եկավ աղմկահարույց հայտարությամբ։
Ասաց որ ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցը ոչ թե Արմեն Բիլյանինն էր, այլ՝ Էդվարդ Գրիգորյանինը:
Խոսքը ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մասին է: Պավել Մանուկյանը մեկ այլ անակնկալ հայտարարություն էլ արեց։ Ասաց, որ ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելու հետ ոչ թե Բիլյանը կապ ունի, այլ՝ Մխիթար Ավետիսյանը։
Էդվարդ Գրիգորյանի եւ Մխիթար Ավետիսյանի խափանման միջոցը փոխվել է եւ նրանք կալանքից ազատ են արձակվել։ Այս հայտարարությունը հերքեցին թե Էդվարդ Գրիգորյանը, թե Մխիթար Ավետիսյանը։ Նիստը ընդմիջվեց 30 րոպեով: Վերսկսելով դատական նիստը՝ այս անգամ էլ ոչ պակաս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Վարուժան Ավետիսյանը.
«Մանուկյանի հայտարարությունը խմբի դիրքորոշումը չէ, այլ իր անձնական կարծիքն է»։
Փաստաբան Տիգրան Եգորյանը միջնորդեց նիստը հետաձգել՝ պաշտպանական մարտավարության որոշակի հարցեր ճշտելու համար։ Նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 1-ը:
Արդեն նիստից հետո փորձեցինք պարզաբանումներ ստանալ խմբի անդամներից կալանքից ազատված Արեգ Կյուրեղյանից։ Նա ասաց, որ չի մեկնաբանի քրեական գործի հետ կապված որեւէ հայտարարություն:
Արմեն Բիլյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության, կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շորթելու, պատանդ վերցնելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու եւ դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող` ավելի քան 14 մլն ՀՀ դրամի գումարը հափշտակելու մեջ: Առաջադրված մեղադրանքներում նա իրեն մեղավոր չի ճանաչում:
Արմավիր ՔԿՀ-ում 21 դատապարտյալ այսօրվանից հացադուլ է սկսել
Արմավիր քրեակատարողական հիմնարկի 21 դատապարտյալ այսօրվանից հացադուլ է սկսում՝ այսօր «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Բաբկեն Ղարդյանը:
Դեռ հուլիսի 10-ին շուրջ 30 դատապարտյալ Հանրային ռադիոյի միջոցով դիմել էր կառավարությանը՝ համաներման խնդրանքով, եւ հայտնել, որ ցանկանում են իրենց խնդիրը ներկայացնել վարչապետի ներկայացուցիչին:
Չկատարման դեպքում դատապարտյալները ծայրահեղ քայլի՝ հացադուլ սկսելու մասին էին հայտնել:
Քրեակատարողական հիմնարկից մեզ հաղորդեցին, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նման պահանջով հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան:
Այսօր «Ռադիոլուր» զանգահարած Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը փոխանցեց իր հետ պատիժը կրող շուրջ 21 դատապարտյալների կարծիքը։ Նրանց վրդովվեցրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ համաներում կիրառելու մասին «Ռադիոլուրում» արտահայտած միտքը: Քանի որ դատապարտյալների ավելի վաղ արված առաջարկ-խնդրանքը պատկան այրերի կողմից ուշադրության չի արժանացել, նրանք այսօրվանից սկսում են անժամկետ հացադուլ:
«Քանի որ վարչապետի ներկայացուցիչը չի այցելել մեզ, ուստի մեր խոստմանը հավատարիմ սկսում ենք հացադուլ: Միեւնույն ժամանակ խնդրում ենք ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Նաիրա Զոհրաբյանին, որոնք բարձրացրել են համաներման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ վարչապետի ներկայացուցչին եւ ՄԻՊ-ին այցելել մեզ՝ քննարկումներ անցկացնելու համար»:
Արդարադատության նախարարը «Ռադիոլուրին» մասնավորապես հայտնել էր, որ համաներումը իրավունք չէ, այլ արտոնություն, որի շնորհումը իշխանությունների, հանրության, հասարակության քաղաքական կամքն է՝ ներելու իրենց իրավունքը խախտած անձանց:
«Համաներում կլինի՞, թե՞ ոչ: Դա իշխանութունների, հանրության, հասարակության քաղաքական կամքն է: Արդյո՞ք ՀՀ-ի ժողովուրդը, իրավունքի խախտման զոհերը պատրաստ են ներել իրենց իրավունքները խախտած անձանց: Սա հիմնահարց է, որը հացադուլով չէ, որ պետք է լուծվի, որը շնորհ է, արտոնություն է, որը պետք է անի հասարակությունը, իշխանությունը: Եթե դրա ժամանակը գա՝ կքննարկվի»:
Դատապարտյալները կարծում են, որ «թավշյա հեղափոխությունից» հետո համաներման որոշման ընդունումը հասունացել է, եւ հայցում են հասարակության եւ ԶԼՄ-ների աջակցությունը: Ըստ անազատության մեջ գտնվողների՝ նախարար Զեյնալյանը հանրության անունից խոսելուց առաջ պետք է ավելի շատ մտահոգվի քրեակատարողական հիմնարկներում տիրող անմխիթար վիճակից, ներքին խնդիրներից: «Արմավիր» քրեկատարողական հիմնարկի 21 դատապարտյալներ կոչով դիմել են իրենց բախտակիցներին միանալու՝ համաներման քննարկման պահանջ բարձրացնելու գործընթացին:
«Որի հետեւանքով ամեն օր հազարավոր մարդկանց իրավունքներ են խախտվում: Ցանկանում ենք հիշեցնել, որ համաներումը մարդասիրական քայլ է, որն ամրագրված է Սահմանադրությամբ»:
«Ռադիոլուրի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ համաներման մասին ինքը բարձր ամբիոնից խոսել է մինչեւ հեղափոխությունը, բայց վերջինիս իրականացումը գործադիր մարմնի ղեկավարի գործողությունների տիրույթում է, իսկ ինքը, որպես համաներման կողմնակից, այսպես ասած լոբբինգ է իրականացնում:
«Պահանջն ուղղված է վարչապետին, ու կարծում եմ տեղին է: Հուսով եմ, որ կառավարությունը կարձագանքի: Այցելելու հետ կապված, ես միշտ էլ քրեակատարողական հիմնարկներ այցելել եմ, ու խնդրին ծանոթ եմ: Մեզ պետք է, որ գործադիր իշխանությունը հարցին ընթացք տա, եւ որոշակի լուծում գտնի: Կլինի՞, թե՞ ոչ: Չեմ կարող ասել: Նշենք, որ համաներման գործընթացը գաղտնի է, եւ տեղեկություն չի լինում մինչեւ գործընթացի ավարտը, նախագծի ներկայացնելը»:
Ըստ դատապարտյալների, Հայաստանի շուրջ 5000 դատապարտյալներից շատերը «անհամաչափ կամ ընտրովի արդարադատության են ենթարկվել», ու երկում տեղի ունեցած փոփոխությունից հետո համաներման շնորհումը հասունացել է, որի կիրառման դեպքում դատապարտյալները խոստանում են ավելի օրինապաշտ դառնալ:
Համաներման հարցի մասին ավելի վաղ հետաքրքրվել էինք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից: ՄԻՊ-ը պատրաստ է մասնակցել բոլոր քննարկումներին, համաներման հարցը քննարկվելու դեպքում:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի անկախացումից ի վեր եղել է 8 համաներում: Առաջինը՝ 95-ին, վերջինը՝ 2013 թվականին, անկախության 22-ամյակի կապակցությամբ:
Ինչ է կատարվել Փանիկում
Ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները երեկ ուսումնական վարժանք են իրականացրել Փանիկ գյուղում։
Գյուղի փողոցներում պայթյուններ, կրակոցներ են հնչել։ Գյուղացիները խուճապի են մատնվել։
Բնակչների խոսքով, զորավարժանքների մասին իրենք տեղեկացված չեն եղել։
Publiée par Armen Haiarpy Gevorgyan sur Mardi 17 juillet 2018
Ֆեյսբուքի «մթնոլորտն» ու դրա ազդեցությունը
Ինչպես են գնահատում քաղտեխնոլոգիաները ֆեյսբուքի միջոցով հրաժարականի մասին տեղեկացրած պաշտանյաների գրառումները:
Ինչ մեխանիզմով է գործում այս սոց ցանցը և որքանով է մեծ դրա ազդեցությունը:
«Թավշյա հեղափոխության» մեջ հասարակության համախմբան համար մեծ նշանակություն ունեցավ ֆեյսբուքը։ Հենց սոցիալական ցանցի միջոցով էր Նիկոլ Փաշինյանն իր էջում ուղիղ հեռարձակում իր քայլերը։ Այսօր վարչապետի ֆեյսբուքյան ասուլիսները դարձել են հասարակության հետ կապը պահպանելու հիմնական գործիք։
Սակայն նույն սոցիալական ցանցն այսօր նաեւ դարձել է հասարակական գործիք։ Ֆեյսբուքյան գրառումների, հասարակական ճնշման արդյունքում մենք արդեն ունենք նաեւ հակառակ պատկերը՝ շատ պաշտոնյաներ հասարակական ճնշման արդյունքում ազատման դիմումներ են գրում։ Մի քանի օր առաջ նման դիմում գրեց առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, երկու օր առաջ՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը: Վերջինը ֆեյսբուքում գրել էր.
«Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։
Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք… Հ.Գ. Խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»:
Հիմա մատնանշած թեմաների դիտարկումներից մի քանիսի մասին հակիրճ.
Սոցիալական ցանցերում բուռն քննարկման նյութ էր դարձել Գեւորգ Աճեմյանի՝ «Կյանքի խոսք» կրոնական համայնքին հարելու մասին տեղեկությունը, ապա ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հասցեին նրա վիրավորական հայտարարությունը դարձավ քննարկման նյութ։ Իսկ վերջինը «Աշտարակ կաթ»- ի հետ կապված աղմուկն էր։
Ուշագրավ է Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի նկատառումը.
«Աղանդավորությունը վատ բան չի, եթե հաջողությամբ ներդրվի Թուրքիայում և Ադրբեջանում` թեկուզև ֆինանսական մեծ ծախսերի հաշվին»:
ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հրաժարականին նույնպես նախորդել են բազմաթիվ քննարկումներ.
«Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ»,-գրել էր նա:
Կարպիս Փաշոյանը մինչ հրաժարականը անդրադարձել էր ապրիլյան պատերազմի մասնակիցների անունները շահարկելու խնդրին, ու ենթարկվել հասարակական քննադատությանը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարճ է մեկնաբանում տեղի ունեցածը.
«Այն ֆեյսբուքը, որը ծնեց այդ իշխանավորներին, հենց այդ նույն ֆեյսբուքը սպանեց նրանց»:
Իսկ ինչ սկզբունքով է մեխանիզմը գործում, ավելի շատ համախոհներ ունեցող կամ լայքեր հավաքած կարծի՞քն է գերակայում, թե՞ տեղեկության հավաստիությունը:
«Ֆեյսբուքը դա նույն միտինգն է, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է ամբոխի մի մասնիկ»:
Ֆեյսբուքում շատերը խիզախություն չեն ունենում իրենց կարծիքը հայտնել: Նույն քաղաքական տեխնոլոգիաները կիրառվում են նաև իրական կյանքում: Սա չի նշանակում, որ բոլորը ենթարկվում են մանիպուլյացիաների: Մտածող մարդիկ, ովքեր լուրջ վերլուծում են իրավիճակը, շատ լայքեր չեն հավաքում՝ ասում է քաղտեխնոլոգը։
Վարչապետն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին:
«Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երևանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի հետ կլինի առավել ամուր:
Իր հերթին, անվանի լողորդը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի: ”
«Ցանկանում ենք, որ այն հաղթանակը, որ տարաք՝ դառնա ողջ հայ ժողովրդինը: Բոլորս աշխատում ենք մասնակիցը լինել հայրենիքի բարգավաճմանը»,- ասել է Շավարշ Կարապետյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանում կան բազմաթիվ հայազգի շնորհալի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին, ներգրավվել կառավարման համակարգում և մասնակիցը դառնալ Հայաստանի զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նրանց տվյալները փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղ կքննարկվի նրանցից յուրաքանչյուրի հայտը և կտրվի համապատասխան արձագանք:
Վարչապետը ՀՀ անձնագիր է հանձնել Ֆրանսուա Ռոշբլուանին
Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը օրերս Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Երեկ ընդունելով նրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության անձնագիրը:
Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Փաշինյանը բարձր է գնահատել Ռոշբլուանի դերը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել երկար տարիների ընթացքում կատարած հայանպաստ գործունեության համար: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը նոր խթան կհանդիսանա, որպեսզի ֆրանսիացի գործիչը է՛լ ավելի ամրապնդի կապերը Հայաստանի, հայ ժողովրդի հետ:
Ռոշբլուանը շեշտել է, որ լինելով հայ ժողովրդի բարեկամը՝ ՀՀ անձնագիր ստանալը մեծ նշանակություն ունի իր համար: Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահը տեղեկացրել է, որ սա իր 33-րդ այցն է Հայաստան, և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման:
Ֆրանսիացի գործիչը նշել է, որ հետևել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին՝ հավելելով, որ հեղափոխության խաղաղ բնույթը ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարարական արժեքներին հայ ժողովրդի հավատարմության մասին:
Ֆրանսուա Ռոշբլուանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է նորանոր հաջողություններ և տեղեկացրել, որ հուլիսի 19-ին պատրաստվում է այցելել Արցախ: