Հայաստանյան աշխատաշուկայում ամենապահանջարկված մասնագիտությունը ծրագրավորողն է: Այս մասին այսօր հայտնել է տնտեսագետ, «Staff.am» կարիերային կայքէջի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը:
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացվել են մեր երկրի վերջին մեկ տարվա աշխատաշուկայի վիճակագրական վերլուծության արդյունքները՝ ըստ «Staff.am» հարթակի տվյալների:
Վերլուծությունների հիման վրա կատարված կանխատեսումների համաձայն՝ այդ ոլորտում որակյալ մասնագետների պահանջը գնալով աճելու է:
Ընդ որում, Լուիզա Ավետիսյանի խոսքով, նման եզրահանգման են եկել ոչ միայն իրենք: Դա կանխատեսում են նաեւ աշխատաշուկայի վիճակագրական այլ վերլուծողներ եւս:
Ինչպիսի՞ աշխատանքներ եւ մասնագիտություններ են այսօր Հայաստանում ամենապահանջվածները եւ ինչպիսի՞ հմտություններ են գործատուները ակնկալում աշխատանք փնտրողներից:
Այս հարցերի պատասխանները գտնելու համար անցկացված վիճակագրական վելուծությունների համաձայն՝ ամենապահանջված մասնագետները ՏՏ ոլորտում են, որտեղ էլ ամենապահանջված մասնագիտությունը ծրագրավորողն է:
Տնտեսագետ, «Staff.am» կարիերային կայքէջի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանի փոխանցմամբ՝ դա պայմանավորված է երկու հանգամանքով.
«Նախ, որ ՏՏ ընկերություններն ամենաակտիվն են աշխատաշուկայում ե՛ւ իրենց աշխատանքների քանակով, ե՛ւ, առհասարակ, իրենց ակտիվությամբ, նաեւ նրանով, որ ծրագրավորման մասնագետների կարիք կա ոչ միայն ՏՏ ոլորտում, այլեւ բանկերում, ֆինանսական եւ այլ ոլորտներում»:
Տարբեր ոլորտներում վաճառքի, սպասարկման, մարքեթինգի, գովազդի եւ կազմակերպչական աշխատանքներում մասնագետների պահանջը նույնպես աշխատաշուկայում զգալի տեղ է զբաղեցնում: Վերլուծությամբ պարզվել է նաեւ, որ գործատուները թեկնածուների մեջ 10 հմտություններից ամենաշատը փնտրում եւ գնահատում են վաճառքի եւ բիզնեսի զարգացման հմտություններ ունեցողներին:
Այն, որ գործատուները հիմնականում պահանջում են աշխատանքային փորձառություն՝ տեղյակ են նաեւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում: Նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ՝ հատկապես երիտասարդներին փորձառության տրամադրման ուղղությամբ իրենք որոշակի քայլեր ձեռնարկում են.
Արտեմ Ասատրյանը նաեւ տեղեկացրեց, որ Զբաղվածության գործակալությունն ամեն ամիս կրկնվող մոտ 1000 թափուր աշխատատեղ է գրանցում:
«Staff.am»-ի անցկացրած ուսումնասիրության մասին կայքի համահիմնադիր Վահե Ավետիսյանը փոխանցեց հետեւյալը.
Լուիզա Ավետիսյանի փոխանցմամբ՝ իրենք ուսումնասիրել են նաեւ մարզային ակտիվությունը: Ըստ այդմ՝ Երեւանից հետո ամենամեծ ակտիվությունը Աբովյան քաղաքում է, քանի որ շատ ընկերությունների գլխամասային գրասենյակները այնտեղ են տեղակայված: Տեղական ընկերությունների ակտիվության առումով, որոնք աշխատող են փնտրում մարզերում, առաջատարը Գյումրին է, այսինքն՝ այնտեղ գրանցված ընկերություններն են ակտիվություն ցուցաբերում:
Ընկերությունները հիմնականում ունեն մարքեթինքի մասնագետների կարիք: Ընդ որում, Լուիզա Ավետիսյանի խոսքով, տարբեր ոլորտներում այդ մասնագետների պահանջը, գնալով, ավելանում է: Գործազուրկների եւ աշխատանք փնտրողների շրջանում, սակայն, տվյալ մասնագիտությունների գծով առաջարկը, կարծես թե, առավելապես բացակայում է, մասնավորապես՝ միջինից բարձր տարիք ունեցողների շրջանում այդ առումով անհուսություն է, հատկապես, երբ գրանցվում են հերթական թանկացումները:
Լուիզա Ավետիսյանը տեղեկացրեց, որ թեպետ իրենք աշխատաշուկայի վրա արտագաղթի ազդեցության վերաբերյալ խորը ուսումնասիրություն չեն կատարել, բայց ակնհայտ մի բան կարող է ասել.
Ինչպես փոխանցեցին Հայաստանի աշխատաշուկայի վիճակագրական վերլուծության հեղինակները՝ իրենց ուսումնասիրությունները լինելու են պարբերական: