Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին:
Հանրապետության Նախագահը Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև երկարամյա հայրենանպաստ գործունեության համար Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա Նախագահի կողմից պարգևատրվել է Անկախության տոնի առթիվ:
Վան Գրիգորյանը երախտագիտություն է հայտնել հայրենիքի բարձր պարգևին իրեն արժանացնելու համար և վստահեցրել, որ այսուհետ ևս նույնպիսի նվիրումով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: Հանդիպման ժամանակ նա Հանրապետության Նախագահին ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ.
«Հարգելի ավիատորներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 84-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ:
Ավիացիայում ամենից կարևոր գործոնն անվտանգ և ապահով թռիչքներն են: Թող, որ բոլոր թռիչքները և վայրէջքները լինեն հավասար, փափուկ և առանց խոչընդոտների։
Այդպիսի արդյունքների կարող ենք հասնել միայն բոլորիս համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ: Ձեզ ցանկանում եմ ուժ և եռանդ՝ հետագա աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»:
Այսօր` սեպտեմբերի 30-ին, 71 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ. փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։
Կենսագրական տվյալներ
ՀՀ պետական և հատուկ ծառայությունների գործիչ, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը ծնվել է 1946 թ.–ի, փետրվարի 11–ին, Լենինականում։
1963-1968 թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։
1969-1970 թթ. անցել է Մինսկի ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացներ։
1970-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։
1991-1995 թթ. — ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ։
1995-1997 թթ. — ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ։
1997-1999 թթ. — ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
1999-2003 թթ. — ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
2003-2004 թթ. — ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
ՀՀ Նախագահի 2011 թ. փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։
2016 թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ և նշանակվել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական։
Կոչումներ և շքանշաններ
Գեներալ-գնդապետ (17 դեկտեմբերի 2009 թ.)։
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան։
ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)։
ՀՀ վարչապետի հուշանվեր (2013)։
Գորիկ Հակոբյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ:
«Գորիկ Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ: Նրա կորուստը կրկնակի ցավալի է անձամբ ինձ համար, քանի որ կորցրեցի վաղեմի ընկերոջս: Խորին ցավակցություն եմ հայտնում Գորիկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:
Հանրությունը շարունակում է չվստահել քաղհասարակությանը՝ ցույց են տալիս «Կովկասյան բարոմետրի» հետազոտությունները։ Միայն 3 տոկոսն է լիովին վստահում ՀԿ-ներին: Հուսադրող է չվստահողների թվի նվազումը. 2013-ին չվստահողները հարցվածների 36 տոկոսն էին, հիմա ՝ 29-ը: Արդարադատության նախարարության տվյալներով ՝ Հայաստանում գործում է մոտ 4500 ՀԿ, փորձագետների գնահատմամբ՝ ակտիվ է դրանց 20%-ը միայն։
Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում երկու լուրջ խնդիր ունի ՝ ցածր է ֆինանսական կայունության աստիճանը, բավարար չէ հանրային ընկալման մակարդակը: Քաղաքացիական զարգացման ու համագործակցության հիմնադրամի ուսումնասիրությունը փաստում է, որ հայաստանյան ՀԿ-ների դիրքերը թույլ են այս երկու կետում, հատկապես ֆինանսների հարցում: Քաղհասարակության ֆինանսավորման հիմնական աղբյուրը շարունակում են մնալ միջազգային կազմակերպություններից ստացվող դրամաշնորհները: Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ դրանք ապահովում են ՀԿ-ների միջոցների 70- 80 տոկոսը: Սա արդյոք չի նշանակում, որ առանց դրանց քաղհասարակությունը Հայաստանում կիսով չափ կամ դրանից ավելին չէր գործի:
«Այնպես չէ, որ ՀԿ-ներն առանց դրամաշնորհների չէին գործի, բայց փաստ է, որ միջազգային աջակցությունը քաղհասարակության համար մեծ դեր ունի: Այն թույլ է տալիս գործունեության ավելի շոշափելի արդյունքներ ստանալ»,- ասում է Քաղաքացիական զարգացման ու համագործակցության հիմնադրամի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը:
Նա նշում է, որ զարգացած երկրներում ձևավորված մշակույթ են նվիրատվություններն ու բիզնեսի աջակցությունը: Դրանք Հայաստանում էլ կարող էին փրկություն դառնալ, բայց դեռևս սահմանափակ դրսևորումներ ունեն, ուսումնասիրության հեղինակների կարծիքով, անբարենպաստ տնտեսական պայմանների և ՔՀԿ-ների նկատմամբ անվստահության պատճառով:
Անվստահությունն էլ քաղհասարակության մյուս խնդիրն է: ՀԿ-ների մասին հանրությունն այսօր ավելի շատ է լսում ու ավելի շատ բան գիտի, բայց միևնույնն է այնքան էլ չի վստահում: «Մենք օգտագործել ենք «Կովկասյան բարոմետրի» տվյալը, ըստ որի՝ հարցվածների միայն 3 տոկոսն է վստահում ՀԿ-ներին: Այս ցուցանիշը վերջին երեք տարիներին չի փոխվել, բայց փոխվել է քաղհասրակությանը չվստահողների թիվը ՝ 36-ից դառնալով 29 տոկոս, ինչը դրական միտում կարելի է համարել»:
Ֆինանսական կայունությունն ու հանրային վստահությունը 7 ուղղություններից երկուսն են, որոնցով չափվում է քաղհասարակության առաջընթացը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 24 երկրներում: Այն իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ մասնակից յուրաքանչյուր երկրից գործընկեր որևէ կազմակերպության հետ:
Քաղհասարակության կայունության ինդեքս կոչվող ուսումնասիրությունն ամեն տարի փորձում է չափել տեղաշարժն ու գնահատել, թե որ կետում են հասարակական կազմակերպությունները: Թույլ է տալիս տեսնել նաև համեմատական պատկերը:
2016-ի զեկույցից, օրինակ, տեղեկանում ենք, Ադրբեջանի ՔՀԿ-ների 2/3-ը վերջին տարիներին կասեցրել է գործունեությունը , Ռուսաստնում ՔՀԿ-ները կորցրել են իրենց աշխատակազմերի մեծ մասը ՝ անբավարար ֆինանսավորման պատճառով, Բելառուսում յուրաքանչյուր դրամաշնորհ սպասում է կառավարության հաստատմանը:
ՔՀԿ-ների կայունության ցուցանիշով հայաստանյան ՀԿ սեկտորը առաջատար է հետխորհրդային երկրների շարքում, զիջում է միայն Ուկրաինային: Սրանում իր դերակատարությունը չի հերքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը. հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը վստահեցնում է՝ USAID-ն շարունակելու է աջակցությունը:
«Հայաստանում USAID-ի ծրագրերի ավելի քան 60 տոկոսն իրականացվում է տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով: Մենք շարունակելու ենք օժանդակել, ներդրում կատարել քաղհասարակության ոլորտում, որ ՀԿ-ները ուժեղ և հուսալի գործընկեր դառնան հասարակության ու պետության համար»:
Հայաստանը 3 ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ դրանցից մեկը իրավական միջավայրն է: Շատ բան այս կետում պայմանավորել է ՀԿ-ների մասին նոր օրենքը, որն ընդհանուր առմամբ քաղհասարակությունը կոմպրոմիսային տարբերակ է համարում: Դրանով, ի դեպ, մի քանի նորամուծություններ են նախատեսվում՝ օրինակ ՀԿ-ները կարող են ուղղակիորեն ներգրավվել ձեռնարկատիրական գործունեության մեջ , որոշակի հարցերով ՝ օրինակ բնապահպանական, իրենց շահառուների հարցերը վիճարկել դատական կարգով և վերջապես առանց մտավախության, որ աշխատանքային օրենսգրքի նորմեր են խախտում, կարող են կամավորներ ներգրավել:
Հայաստանում այսօր ապրում է 100 տարին լրացած 85 մարդ։ Ամենաերկարակյացը բնակվում է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Նա 115 տարեկան է: Տարեցները հիմնականում կանայք են, նրանք միջինում 6 տարի ավելի են ապրում տղամարդկանցից՝ այսօր հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը։
Արդեն 25 տարի հոկտեմբերի 1- ն աշխարհում նշվում է որպես տարեցների օր: Վերջին տարիներին Հայաստանում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում: Ներկա պահին 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի շուրջ 13 տոկոսը: Տարեցները հիմնականում կանայք են, նրանք միջինը 6 տարի ավելի են ապրում տղամարդկանցից: Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը ծերացող երկիր է:
Ջավախի Գումբուրդո գյուղում այսօր բախումներ են տեղի ունեցել գյուղացիների եւ ոստիկանների միջեւ։ Խնդիրը հարթելու նպատակով դեպքի վայր է ժամանել նաեւ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին՝ հայտնում է jnews.ge- ն։
Գյուղացիների եւ ոստիկանների դիմակայությունն սկսվել է առավոտյան ժամը 11- ին։ Բնակիչները ցանկացել են 10- րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել։ Եկեղեցին այժմ վերականգնվում է եւ ոստիկանները նրանց թույլ չեն տվել բակ մտնել։ Իրավիճակը դրանից հետո լարվել է, գյուղ են բերվել հատուկ նշանակության ուժեր։ Ուժայինների եւ բնակիչների միջեւ բանակցությունները վարում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը։jnews.ge- ը հայտնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնատար անձանց եւ գյուղի մի քանի բնակիչների հետ մտել է եկեղեցի։
Բանակցություններից հետո պատգամավոր Սամվել Մանուկյանը Ախալքալախի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը բնակիչներին հայտնել են, որ նախարարը խոստացել է դիմակայության ժամանակ ձերբակալված երկու համագյուղացիներին ազատ արձակել, իսկ խաչքարի տեղադրման հարցը պետք է որոշեն հոգեւոր առաջնորդները։
Այսօր տեղի է ունեցել շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի պսակադրությունը։ Հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է:
«Ես կարծում եմ, որ պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում: Ես ամուսնանում եմ Հայաստանի հետ: Եվ հայկական բանաստեղություն ասմունքելով ու պար պարելով՝ ասես ուզում եմ ասել՝ Հայաստանն արդեն իմ տունն է, ես էլ՝ նրա մասնիկը։ Մեր երկիրը Լևոնի ամենակարևոր ու թանկ բաներից է, արդեն՝ ինձ համա՛ր էլ»,- «Ճամփորդ» պարբերականին տված պարցազրույցի ժամանակ ասել է Արոնյանի արդեն կինը՝ Արիանան։
Երեւանի Ադոնցի 6/1 հասցեում պետական բնակարանաշինական ծրագրի շահառուների եւ «Միկշին» ընկերության «հակամարտությունը» շարունակվում է։
«Ռադիոլուրի» անդրադարձն ու շահառու պետծառայողների բողոք-հայտը հասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Այն ի գիտություն է ընդունել շահառուների բողոքն առ այն, որ կառուցապատող «Միկշին»-ը, օգտվելով իրենց խոցելի վիճակից, նրանց դրդում է մեկ այլ՝ «Ադոնց 6/1» անունով կազմակերպության հետ ստորագրել սպասարկման պայմանագիր, որում, սակայն, ծառայությունների դիմաց անհասկանալի բարձր գին է սահմանված՝ ամսական 24 հազար դրամ:
Ամենակարեւոր հարցերից է նաեւ «Միկշին»-ի եւ կոմունալ սպասարկում իրականացնող ընկերությունների փոխկապակցվածությունը:
Բնակիչները պնդում են, որ տարբեր անունների տակ նույն մարդիկ են, ինչը «Միկշինից» հերքում են: «Ռադիոլուրը» շարունակում է անդրադառնալ արդեն բարձրացված խնդիրներին:
Ադոնցի 6/1 հասցեում պետծրագրով պետծառայողների համար բնակարանաշինական ծրագրի շուրջ դժգոհությունները շարունակվում են:
«Ռադիոլուր»-ն արդեն մանրամասնել է, որ շենքի շահառուներից շուրջ 130-ը տունը ստացել է, բայց առանց հոսանքի, քանի որ շենքի մասնաշենքերից ոչ բոլորի համար է ենթակայան կառուցվել:
ՀԷՑ-«Միկշին» փոխադարձ մեղադրանքներից հետո սկսել են հստակեցվել ժամկետերը՝ ենթակայանը պատրաստ կլինի մինչեւ մարտ, իսկ դիմում գրող քաղաքացիներն, այդուհանդերձ, հոսանք ու իրենց տանն ապրելու հնարավորություն կունենան: Բայց հարցերի մի ողջ շղթա դեռ հարուցում է շահառուների տարակուսանքն ու վրդովմունքը:
«Միկշինը» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը եւ ստիպում իր հետ փոխկապակցված մեկ այլ ՝ «Ադոնցի 6/1 սպասարկող կազմակերպության» հետ կնքել չհիմնավորված գներով սպասարկման, ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման պայմանագրեր՝ պնդում են շահառուները:
«Ինչ հանգամանքներից ելնելով է «Միկշինը» որոշել, որ հենց այս կազմակերպությունը պետք է իրականացնի սպասարկումը՝ հետագայում այն շարունակելու համար: Պետք է սեփականատերերն իրենց ժողովով եւ 50+1 տոկոսից ավելիի ցանկությամբ համատիրություն կազմավորեն, ոչ թե «Միկշինը» որոշի, որ հենց այս կազմակերպությունը պետք է գա, ու հետո մենք շարունակենք դրա հետ»,- ասում է շահառուներից մեկը:
Բայց խնդիրներին գանք հերթով: Շենքը նոր է՝ համատիրություն չունի: Կառուցապատողն ինքն է կազմակերպություն հիմնել, հաշվել-հաշվարկել ու համատիրության գործը ստանձնելու իր գինն առաջարկել՝ ամսական 24 հազար դրամ: Ընդ որում՝ սա չի ներառում ոչ տաք ջրի, ոչ աղբահանության, ոչ ջեռուցման ծախսերը: Ի՞նչ տրամաբանությամբ եւ ի՞նչ ախորժակով է հաշվարկվել սակագինը:
Բնակիչների հարցը նաեւ ՏՄՊՊՀ անդամներին է հետաքրքրում: Կարեն Ղազարյանը, ով սպասարկող կազմակերպության ղեկավարն է ու, բնակիչների պնդմամբ, նաեւ «Միկշինի» վառ ներկայացուցիչը, հաշվարկման բանաձեւը չի ներկայացնում, չնայած հանձնաժողովը նախապես պահանջել էր:
Նա մանրամասները խոստանում է ավելի ուշ ներկայացնել, փոխարենը բացատրում է ու փաստորեն նաեւ խոստովանում՝
«Բնակիչների հետ փոխհարաբերություններում մենք սակագինը չենք հաշվել ըստ բնակարանի կամ բնակարանի քմ-ի: Մենք «Միկշին» ՍՊԸ-ի հետ ունենք պայմանագիր, որով մեկ բնակարանի համար հաշվարկել ենք 24 հազար դրամ՝ աշխատանք, նյութեր, հարկեր, եկամուտ՝ այսպիսի բյուջեի շրջանակներում:
Հանձնաժողովի անդամներից մեկի դիտարկմանը, թե կա քաղաքապետարանի որոշում, ըստ որի, եթե չկան այլ ծառայություններ, սպասարկման վճարը 1 քմ-ի համար 15 դրամ է, Կարեն Ղազարյանը արձագանքեց՝ դա համատիրությունների մասով է: Մենք համատիրություն չենք, ՍՊԸ ենք՝ շահույթ հետապնդող ու մենք ունենք մեր հաշվարկները»:
Բնակիչների համար նույն անհասկանալի հաշվարկներն են նաեւ տաք ջրի համար:
«Որոշել են՝ տաք ջրի գինը 1 խմ-ի համար պետք է լինի 2300 դրամ: Որն է սրա խելամտությունը: Այսպիսի գին ընդհանրապես գոյություն չունի»:
Շենքի տանիքն էլ է բնակիչներին պատկանում, զարմանում են հանձնաժողովում, ինչպե՞ս է «Միկշինը» առանց հարց ու պատասխանի բերել, արեւային տաքացուցիչներ տեղադրել ու պատրաստվում տաք ջուր վաճառել նույն բնակիչներին:
Ընդ որում՝ վաճառքի հարցերը կրկին անցնում են «Ադոնցի 6/1» անվամբ ՍՊԸ-ին, որի ղեկավար Կարեն Ղազարյանի վստահեցմամբ՝ «Միկշինի» հետ պայմանագիրն է թույլ տալիս: Նույն պայմանագրով ենթադրվում է նաեւ կաթսայատան շահագործումը, որը եւս պատկանում է բնակիչներին: Շահույթ հետապնդող կազմակերպության կազմած պայմանագիրը պարտադրվում է շահառուներին՝ պնդում են վերջիններս:
Սպասարկման այս պայմանագիրը որեւէ կապ չունի տաք ջրի ու հոսանքի հետ, սակայն այն չստորագրողներին «Միկշինը» կամայաբար տաք ջուր ու հոսանք չի տրամադրում, ցանկացած ժամանակ էլ անջատում է, ավելին՝ սպառնում՝ «կհանդիպենք» ջեռուցման շրջանում, «սեւ ցուցակով»:
Իրենց պարտադրվում է ամեն ինչ՝ սպասարկող վարկատու բանկն՝ իրենց ուզածը, նոտարն՝ իրենց ուզածը, ապահովագրողն՝ իրենց ուզածը, սպասարկողն՝ իրենց ուզածը: Անգամ կապի օպերատորն է միայն իրենց ուզածը:
Ընտրության ոչ մի հնարավորություն, հարյուրավոր շահառուների անունից պնդում է նրանցից մեկը:
« Միանշանակ, սա գերիշխող դիրքի չարաշահում է: Մարդն իր ընդհանուր կոմունալ ծախսերը պետք է վճարի միջինը 70 հազար դրամ, դա էլ առանց ջեռուցման: Գազ չունենք, ամեն ինչը հոսանքով է, հոսանքի վրա ավելի շատ պիտի ծախսենք,ջրի փող ու 24 հազար դրամ՝ Միկշինին»: Բա երեխաների հարցերը ո՞նց լուծենք: Խելամտությունը ո՞րն է մեր երկրի այս պայմաններում: Կամ էլ պետք է մեկին գտնենք, տունը վաճառենք, թողնենք գնանք: Անունով էլ պետական ծառայող ենք, ու պետությունը մեզ լավություն է արել: Լավությունն այստեղ ո՞րն է»:
«Միկշին» ընկերության իրավաբան Դավիթ Կարապետյանը նկատում է՝ սպասարկման պայմանագիր կնքել է արդեն ավելի քան 100 շահառու: Բայց եթե ոչ բոլորը ստորագրեն պայմանագիրը, մնացած 100-ն էլ առոչինչ կհամարվեն, շարունակում է սպասարկող կազմակերպության ղեկավար Կարեն Ղազարյանը: Մի նրբություն էլ կա: «Միկշինն» ու սպասարկող կազմակերպությունը խոստանում են, որ վճարովի սպասարկումը սկսվելու է եկող մարտի մեկից: Մինչ այդ լինելու է անվճար: ՏՄՊՊ հանձնաժողովականները հարց են ուղղում այս կազմակերպություններին՝ այդ դեպքում ինչու եք հիմիկվանից ստիպում պայմանագիր կնքել, այն դեպքում, երբ դրանք մի օր կարող են առոչինչ համարվել:
«Բնակիչներին երբեւէ չի պարտադրվել, անկախ նրանից, թե ոնց են իրենք դա մեկնաբանում: Մենք փորձել ենք բնակիչ-«Միկշին» եւ «Միկշին»-«Ադոնցի 6/1» սպասարկողի միջից «Միկշինին» հանել: Սպասարկողը թող կապի մեջ լինի միանգամից շահառուի հետ»,- ասում է Կարեն Ղազարյանը:
Այս խառը փոխհարաբերություններում ով ով է, առաջին հայացքից դժվար է հասկանալ: Բնակիչները պնդում են՝ տարբեր անունների տակ նույն մարդիկ են՝ միկշինցիները, ինչը «Միկշինից» հերքում են ու այդպիսով ավելի մեծ վրդովմունք հարուցում: Բայց լուծումն, այնուամենայնիվ, նշմարվում է՝ ստեղծել սեփական համատիրություն:
Ովքեր արդեն կնքել են «թանկարժեք» սպասարկման պայմանագիրը, ամեն օր կարող են այն լուծել՝ միանալով սեփական համատիրությանը ու մասնակցելով գրպանին մոտիկ սակագնի ձեւավորմանը: «Միկշինից» խոստանում են չխանգարել դրան:
«Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան»,- Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում 64-ամյա տղամարդը կրակ է բացել փառատոնի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով 59 մարդ զոհվել է, 527-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան։ pic.twitter.com/bijNIMqhUa
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ սկսվում է ոսկե աշունը: Ֆեյսբուքում նա գրել է. «Հոկտեմբերի 6-ից սկսվում է Հայաստանի ոսկե աշունը իր տաք և արևառատ օրերով»։
Հոկտեմբերի 6-ից սկսվում է Հայաստանի ոսկե աշունը իր տաք և արևառատ օրերով։
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ:
Վեհափառ Հայրապետն իր վշտակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահին, Ամերիկայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին` աղոթելով վերջիններիս հոգիների հանգստության համար: «Աղոթում ենք, որ Տերը խաղաղություն և մխիթարություն շնորհի բոլոր սգացողներին, ինչպես նաև տուժածներին պարգևի արագ ապաքինում, քաջառողջություն և ուժ` հաղթահարելու այս ողբերգական միջադեպը», — նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում:
Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված ապահով պահի Միացյալ Նահանգները և Ամերիկայի ողջ ժողովրդին:
Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքի Բաղրամյան գյուղը երեկ նշել է հիմնադրման 70- ամյակը:
Հոբելյանական տարում գյուղում մի շարք փոփոխութուններ են արվել, անցկացվել է ոռոգման ներքին ցանց, ապահովվել է գիշերային լուսավորությամբ, տեղադրվել է 18 մ երկարությամբ խաչ:
Տոնի կապակցությամբ բարեկարգվել է այգին, տեղադրվել են մանկական խաղեր և բակային մարզասարքեր, բացվել է համնայքապետարանի նոր շենքը:
Բաղրամյանը գյուղը երեկ իր հարկի տակ հավաքել էր բազմաթիվ հյուրերի: Համայնքը նշում էր հիմնադրման 70-ամյակը: Գյուղը հիմնադրվել է 1946թ-ին Իրաքից հարենադարձված հայերով և մեկ տարի անց անվանակոչել մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվամբ: Գյուղի անվանակոչությունը նվեր էր մարշալի հոբելյանին, ասում է Հովհաննես Բաղրամյանի եղբոր թոռ Արթուր Բաղրամյանը.
«Մարդու կենդանության օրոք չեն անվանակոչում, թույլատրելի չէր, բայց դուք հաղթահարեցիք այդ արգելքը և մարշալ Բաղրամյանի ծննդյան 50-ամյակին մեծ նվեր արեցիք»:
Այսօր էլ նոր սերունդն է տեր իր գյուղին, բարեկարգում են, նորոգում միասին, հավասար ուժերով: Հանայնքի հիմնադրման հոբելյանական տոնին բացվեց ու օրհնվեց համայնքապետարանի նոր շենքը, որը սեփական միջոցներով գնել, վերանորոգել ու կահավորել է համայնքի գործարար ղեկավար Գոռ Միրզոյանը, ինչպես նաև վերաբացվեց նոր խաղահրապարակներով այգին: Բոլոր խաղերը տեղադրվել են Focus on children now բարեգործական կազմակերպության միջոցներով: Կատույցի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Քալանթարյանը նշեց, որ պայմանավորվել էին խաղերը տեղադրել այգու բարեկարգումից հետո, այդպես էլ եղավ:
Տեղադրված նոր խաղերը նաև մարզվելու հնարավորություն են տալիս գյուղի պատանիներին ու երիտասարդներին, իսկ փոքրերին՝ զվարճանալու և ազատ ժամերին խաղալու: Այգում տեղադրված նախկին խաղերը կոտրված էին: Գյուղի երեխաների համար սպորտով զբաղվելու վայր էլ կա, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի մարզադպրոցը: Երեխաները հպարտացան, որ օլիմպիական չեմպիոնն իրենց համագյուղացին է:
Բաղրամյան գյուղում գործում է Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մասնաճյուղը , որը կառուցվել է ծանրամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Օգսեն Միրզոյան անձնական ներդրումներով: Մարզադպրոցում բռնցքամարտով և ծանրամարտով անվճար մարզվում է 9-23 տարեկան մոտ 80 սան՝ նաև հարակից բնակավայրերից: Մարզադպրոցը տվել և հիմա էլ ունի չեմպիոններ՝ Առաքել Միրզոյան, Արայիկ Միրզոյան,Նորայր Ավետիսյան, Տիգրան Քալանթարյան, Դավիթ Հովհաննիսյան, ով 5 ամիս առաջ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Օգսեն Միրզոյանը նշեց, որ պետական հովանավորությամբ վարձատրվում են միայն մարզիչները, մնացած բոլոր հոգսերը կրում է ինքը: Օլիմպիական խաղերի չեմպիոնը շուրջ 500 քմ տարածքի վրա նախատեսել է սեփական միջոցներով գյուղում կառուցել ավելի մեծ մարզադպրոց, որտեղ կզբաղվեն ծանրամարտով, բռնցքամարտով և ըմբշամարտով:
Բաղրամյան գյուղի բնակիչները գյուղատնտեսությամբ քիչ են զբաղվում՝ ոռոգման ջուր չունենալու պատճառով, մշակում են միայն տնամերձ հողամասերը: 537 հա ոռոգելի տարածքից գրեթե 100 հա է մշակվում, որտեղ ծիրանի և խաղողի այգիներ են, մնացածը քանդվել են ու ամայի տարածքներ դարձել:
Գյուղում վերջերս անցկացվել է ոռոգման ներքին ցանց: Համայնքի բնակիչներն աշխատում են տարբեր վայրերում: Համայնքի ղեկավարի օգնական Տիգրան Կարապետյանը նշեց, որ գյուղի սուղ բյուջեով հնարավոր չէ բարեկարգման լայն աշխատանքներ կատարել, դա արվում է բարեգործական միջոցներով: Նկատելով համայնքի դրական տեղաշարժը գյուղացիները հույս ունեն, որ այն շարունակական կլինի և կվերանորոգվի նաև դեկտեմբեր ամսից գործունեությունը դադարած մանկապարտեզը:
Համայնքի տոնի կլապակցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալագրեր հանձնեց գյուղի բարեկարգման ու շենացման մասնակիցներին:
«Արմենիա» բժշկական կենտրոնում, ըստ դատախազության՝ բուժզննում անցնող դատապարտյալ Դավիթ Գալստյանի փախուստը կազմակերպելու կասկածանքով մեկ քաղաքացի ձերբակալվել է: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Ձերբակալված քաղաքացու ինքնության մասին տվյալներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2 մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38, 355-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
«Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը (www.april2016.am)։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ կայքը նվիրված է 2016թ. ապրիլյան պատերազմին, տեղի ունեցած մարտական գործողություններին, զոհված հերոսների կյանքի ու սխրանքի պատմությանը, հայ-ադրբեջանական պատերազմի ներկա փուլին։
Կայքում ընթերցողի հետ հարց ու պատասխանի ձևաչափով լուսաբանված են պատերազմի ներկա փուլի ընթացքը, դրա դրդապատճառներն ու հաղթահարման հնարավոր տարբերակները, առաջնագծում զինծառայողների հերոսության ներկայացման համաշարում պարզաբանված է պատերազմական պայմաններում թիկունքի և առհասարակ քաղաքացիական բնակչության դերակատարությունը։
«Ապրիլյան պատերազմ 2016» կայքում ներկայացված են վերլուծական բնույթի նյութ-տեղեկագրեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ժամանակագրություն, որոնք լույս են սփռում հայ-ադրբեջանական հակամարտության և Հայաստանի ռազմավարական մտահոգությունների վրա և կարող են օգտակար լինել թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա լսարանի համար։
Կայքն ունի նաև ադրբեջաներեն էջ, որտեղ ներկայացված են հակառակորդի լսարանին հետաքրքրող այն հարցերի պատասխանները, որոնք ադրբեջանցի ակտիվ օգտատերերը հաճախ փորձում են ստանալ հենց հայկական կողմից։ Կայքը չծանրաբեռնելու համար այդ էջը հասանելի է միայն ադրբեջանցի օգտատերերին։
Կայքի բովանդակային հագեցումն իրականացվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ 2016թ.-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Կայքի ստեղծման, տեխնիկական կահավորման և անվտանգության ապահովման աշխատանքներն անհատույց կերպով իրականացվում են «Լոկատոր» ՓԲԸ կողմից։
Ներկայումս շարունակվում են աշխատանքներ իրականացվել կայքի համալրման ուղղությամբ։ Առաջիկայում նախատեսվում է շարունակել 2016թ․ ապրիլ-մայիսին զոհված զինծառայողներին նվիրված ակնարկային հուշապատումների, վերլուծական տիպի նյութերի տեղադրման և ապրիլյան պատերազմի ժամանակագրության ներկայացման գործընթացը։
Կայքի բովանդակության ահռելի ծավալների նախնական ինֆորմացիան հավաքվել է ՊԲ և ՊՆ՝ մարտական գործողություններում ներգրավված համապատասխան զորամասերում դաշտային աշխատանքների, զոհված զինծառայողների ընտանիքներ տնայցերի, ինչպես նաև ոլորտի առաջատար ու ճանաչված մասնագետների հետ մշտական փոխխորհրդակցության շնորհիվ։
Խտացրած կա՞թ, թե կաթ պարունակող խտացված մթերք: Թթվասե՞ր, թե թթվասերային մթերք: Հալած յուղ կամ հալած պանի՞ր, թե՞ նման անվանմամբ, բայց տարբեր ծագման ու որակի այլ արտադրանք: Սա, թերեւս, բառախաղի է նման, բայց երբ այդ «բառախաղը» մտնում է սպառման ցանց ու առնչվում ամեն օր մեր կողմից սպառվող մթերքի տեսականուն, դառնում է սպառողին խաբող ու մոլորեցնող գործունեություն: Խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանիրների տեղական եւ ԵԱՏՄ շուկաներում հենց ձեւակերպումներն են տարբեր խախտումների հիմք դարձել: Ինչպես տարանջատել մեկը մյուսից ու ինչպես կողմնորոշվել. «Ռադիոլուրն» է տեղյակ:
Ինչպե՞ս է ստացվում, որ մինչեւ ռուսական сгущённое молоко-ն հասնում է Երեւան, ճանապարհի կեսին դառնում է сгущенка: Առաջին հարցը, որ կտա սպառողը՝ իսկ ո՞րն է տարբերությունը: Հենց այս արտադրատեսակների տարբերությունը չհասկանալը կամ չնկատելն է հայաստանյան սպառման ցանցում բերել համատարած խախտումների:
Ամենամեծ 8 սուպերմարկետներում եւ 30 ընկերությունում խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք. բացահայտել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Բայց միանգամից անցնենք հարցին՝ ո՞րն է տարբերությունը. բացատրում են հանձնաժողովում:
Խտացրած կաթ կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը: Դրա մեջ օգտագործվում է բացառապես կենդանական յուղ, արգելվում է օգտագործել կաթնային յուղի փոխարինիչներ: Իսկ կաթ պարունակող խտացրած մթերքի բաղադրության մեջ կան բուսական յուղեր
Խախտում թույլ տված սուպերմարկետների բոլոր ցանցերում, առանց բացառության, գնապիտակների վրա նշված է եղել «խտացրած կաթ», այն դեպքում, երբ վաճառվողը եղել է բուսական յուղից և այլ բաղադրիչներից պատրաստված մթերք: Խախտումներ համատարած կատարել են նաեւ մատակարարները:
Մի շարք դեպքերում արտադրողը ռուսերեն մակնշման մեջ մանրամասն նշել է, որ մթերքը պատրաստված է բուսական յուղերից՝ հավելանյութերի ավելացմամբ, մինչդեռ մատակարարը թարգմանել է ու հայերեն պիտակով ներկայացրել է խտացրած կաթ, ինչն անթույլատրելի է: Կամ խանութ հանձնելիս է մի ապրանքն այլ ապրանքի անվան տակ մատակարարվել:
Բայց խնդիրը սրանով չի վերջանում: Сгущённое молоко-ի՝ այսինքն խտացրած կաթի տարաներն ու փաթեթավորումը չափազանց նման են сгущенка-ի՝ այսինքն՝ կաթ պարունակող խտացրած մթերքի տարաներին՝ մոլորության աստիճանի: Սա նշանակում է՝ խտացրած կաթի գնորդը գրեթե փորձագետ պետք է լինի:
Լսենք իմ զրուցակից սպառողների մոտեցումը խնդրին:
Բայց բուսական յուղեր ու հավելումներ պարունակող խտացված կաթնային մթերքը համով ու հոտով առանձնապես չի տարբերվում մաքուր կաթից ստացված արտադրանքից: Իսկ արդյո՞ք սա սննդամթերքի անվտանգության խնդիր առաջացնում է. հարց ուղղեց «Ռադիոլուր»-ը ՏՄՊՊՀ նախագահին:
«Անվտանգության որեւէ խնդիր չկա: Համաձայն օրենսդրության՝ երկու ապրանքն էլ գոյություն ունի: Տարբերությունը որակական է՝ այն առումով, որ մեկը կենդանական յուղից է, մյուսը՝ բուսական: Համապատասխանաբար նաեւ այդ ապրանքների գինն է մինչեւ 40 տոկոսով տարբեր»,- ասում է Արտակ Շաբոյանը:
Նույն խնդիրն առկա է նաև թթվասերի, յուղի և հալած պանիրների շուկայում: Այս դեպքում ևս սխալ մակնշումները շփոթեցրել և մոլորեցրել են սպառողին: Ըստ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի՝ խտացրած կաթ, թթվասեր, հալած յուղ կամ հալած պանիր կարող է կոչվել բացառապես մաքուր կաթից պատրաստված մթերքը, մինչդեռ այս անվանումներով մակնշված մի շարք ապրանքների բաղադրության մեջ առկա են հավելանյութեր՝ բուսական ճարպեր և այլն:
Տարբերելու համար պետք է ուշադիր լինել «մթերք» բառի առկայությանը: Օրինակ՝ եթե նշված է պանրային հալած մթերք, պանրային ապխտած մթերք, թթվասերային մթերք, ապա դրանք ավելի ցածր որակ ունեն՝ պարունակում են բուսական յուղեր, հավելումներ: Շաբոյանն իր հորդորն է ուղղում սպառողներին:
«Հատկապես ուշադիր լինել կենդանական յուղեր պարունակող ապրանքատեսակների նկատմամբ: Տարածում է ստանում այն երեւույթը, երբ տնտեսվարողները կենդանականի փոխարեն սկսում են բուսական յուղ օգտագործել: Սրանք գնի եւ որակի առումով տարբեր ապրանքներ են»:
Տնտեսվարողների մի մասն ընդունել է խախտումներ կատարելու փաստը: ՏՄՊՊՀ-ն տալիս է խիստ նախազգուշացում՝ խնդիրը հինգ օրում վերացնելու ու հաջորդ անգամ տուգանելու զգուշացմամբ: Նման գործունեությունը վնասում է սպառողին, խոչընդոտում նման արտադրանք թողարկող և իրացնող առավել բարեխիղճ ընկերություններին: Ինչպե՞ս է ստացվում, որ երբ ու որ շուկայում հետազոտություն է կատարվում՝ պարզվում է խնդիր կա, հայտնաբերված խնդիրներն էլ հետագայում չեն բացառվում: Ստացվում է՝մեր սպառողը շարունակ խաբվո՞ւմ է։ Շաբոյանը չի հերքում մեր դիտարկումը:
«Այս ճանապարհով՝ սպառողներին խաբելու, մոլորեցնելու միջոցով տնտեսվարողները փորձում են մրցակցային առավելություն ստանալ: Այսպիսի ապրանքները արտաքին տեսքով, համով, հոտով իրար շատ նման են»:
Հետեւողական ենք լինելու՝ խոստանում է Շաբոյանը: Բայց որոշ դեպքերում այս հայտարարությունն ավելի շատ մխիթարանքի է նմանվում:
Գյումրիի դրամատիկականում այսօր աշխատանքի 10-րդ տոնավաճառն էր: 800 աշխատատեղ էր առաջարկում 30 գործատու:
Գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող մարզում ավելի քան 16 հազար աշխատանք փնտրող կա, բայց շուրջ 1000 աշխատատեղ:
Շատ հաճախ առանց այն էլ սակավ աշխատատեղերը թափուր են մնում համապատասխան մասնագետի բացակայության պատճառով, իսկ մասնագիտացում չպահանջող աշխատանքներն էլ շատ ցածր են վարձատրվում:
Ժամանակ առ ժամանակ արտաքին քաղաքական հարթակում ծագող տարակարծությունները չեն ստվերում հայ- ուկրաինական հարաբերությունները:
Վկայությունը՝ Խարկով քաղաքում Ուկրաինայի հայկական կոնգրեսի կազմակերպած կրթամշակութային համաժողովն էր:
Հենց այստեղ բանաձևվեցին հայոց լեզվի և մշակույթի պահպանության հարցեր օտար երկրում:
Ուկրաինայում ապրում է 500 հազարից ավելի հայ, որից 70 հազարը՝ Կիեւի մարզում։ Հայերն այստեղ զանեվածաբար հասատավել են նախորդ դարի 90-ական թվականներից, իսկ Արեւմտյան Ուկրաինայում ավելի վաղ ժամանակներից:
Հայերը միշտ էլ բարեկամական հարաբերություններ են ունեցել ուկրաինացիների հետ, սակայն այսօր քաղաքական առումով հարաբերությունները բավականին բարդ փուլում են։ Բայց դա կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցությունը շարունակելուն խոչընդոտ չէ։
Նման մի համագործակցության օրինակ էր նաեւ Խարկովում կազմակերպած հայ- ուկրաինական մշակութային ու կրթական համաժողովը։ Ուկրաինայի հայկական կոնգրեսի կազմակերպած համաժողովին մասնակցում էին նաեւ Ուկրաինայում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Կոնգրեսի ղեկավար Աշոտ Ավանեսյանին մտահոգում են կրթական հարցերը, Ասում է, որ նմանօրինակ համաժողովների ժամանակ քննարկում են, թե ինչպիսի քայլեր են անհրաժեշտ, որպեսզի ուկրաինահայերը չմոռանան իրենց լեզուն։ Բացը լրացնելու համար նախատեսում են ունենալ հայագիտական կենտրոնները:
Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են ու մնացել են լուծելու մի քանի տեխնիկական հարցեր՝ ասում է:
Ուկրաինայի մշակույթի նախարարության ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Վլադիմիր Խոդորկովսկին «Ռադիոլուրի» հետ զրուցում նշում է, որ իրենք սերտ կապերի մեջ են հայ համայնքի հետ:
Պարբերաբար կազմակերպում են փառատոներ, կոնֆերնսներ, ուր մի բեմահարթակում հայտնվումեն հայ և ուկրանիացի արտիստներն ու մշակութային գործիչները:
Ասում է, որ հայերի հետ շատ ընդհանություններ կան եթե ոչ պետական, ապա մասնավոր հարաբերությունները պետք է ընդլայնվեն։ Խոդորկովսկին նկատում է նաև, որ Ուկրաինան առանաձնաում է իր յուրահատկությամբ, քանի որ այստեղ ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հնարավորություն ունեն սովորելու ու տարածելու իրենց մշակույթը. «Երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մենք պետք է ցույց տանք հայ- ուկրաինական բարեկամական քայլերը իրական գործերում։ Մենք պետք է զարգացնենք ազգային հարցերը նոր հարթության վրա»:
Հայաստանի ԱԺ հայ- ուկրաինական բարեկամական խմբի անդամ Կարինե Աճեմյանը նկատում է, որ այս համաժողովների անցկացումը համախմբում է նաև հայերին։ Նրանք հավաքվում են մի սեղանի շուրջ, քննարկում համայնքի խնդիրները:
Նկատենք, որ Ուկրաինայում հայ համայնքն իր մեծությամբ մտնում է հնգյակի մեջ։ Ուկրաինայի հայկական կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանին հիշեցնում ենք Հայաստան-Սփյուռք համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որ պետք է դեպի Հայաստան ուղղել նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը։ Աշոտ Ավանեսյանն ասում է, որ իրենք պատրասատ են ներդրումներ իրականացնել:
Նշեմ, որ Ուկրաինայում հիմնականում գործում են կիրակնօրյա հայկական դպրոցներ։ Բայց սա արդեն՝ հաղորդման այլ թեմա է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-9-ը կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: