Մարդու իրավունքների պաշտպանը դատական կարգով բողոքարկում է դպրոցներում դասագրքերի համար վճարներ գանձելու հարցը։
Օմբուդսմենը վստահ է, որ սա հակասում է Սահմանադրությամբ սահմանված անվճար կրթության սկզբունքին։
Սահմանադրական դատարանը դպրոցներում տարածում գտած այսպես կոչված «թաքնված վճարներ»-ի հարցով դիմում է ստացել: Նախաձեռնության հեղինակը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է:
Օմբուդսմենին մտահոգում են «Կրթության մասին» օրենքի եւ Սահմանադրության միջեւ առկա հակասությունները: Երկրի բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության համաձայն պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է, մինչդեռ «Կրթության մասին» օրենքով ամրագրված է, որ դասագրքերի անվճար տրամադրումը 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար է: 4-րդ դասարանից բարձր աշակերտների համար սահմանված են վճարներ:
Սա, ըստ օմբուդսմենի, վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը: Ընդ որում՝ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որեւէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական եւ ծնողական խորհուրդների որոշմանը: Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ցույց են տվել, որ վերոնշյալ կարգավորումները մի շարք բարդություններ են ստեղծել երեխաների եւ նրանց ծնողների համար։
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ դպրոցների դասագրքերն անվճար դարձնելու համար
Դպրոցների եւ մանկապարտեզների հետ կապված մեկ այլ կարեւորագույն խնդիրը հայտնվել է Պաշտպանի ուշադրության կենտրոնում «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքերից հետո:
Ինչպես են վեր հանվել այսօր պաշտպանի ուշադրության կենտրոնում հայտնված խնդիրները: Օմբուդսմենը պարզաբանում է՝ ստացված անհատական բողոքների եւ մոնիտորինգային աշխատանքների միջոցով: Դեռեւս կան մի շարք այլ հարցեր, որոնցով օմբուդսմենը դեռ պատրաստվում է դիմել ՍԴ:
Սահմանադրական դատարանում ակտիվ աշխատելու հնարավորությունը Օմբուդսմենին տվել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ընդունված նոր օրենքը: Սրանով է զգալիորեն ընդլայնվել Մարդու իրավունքների պաշտպանի հնարավորությունները՝ կապված ՍԴ դիմելու հետ:
Այս դեպքում արդեն այլ հարց է, թե ինչ արդյունավետություն է ունենալու խնդիրների քննարկումն արդեն ՍԴ-ում: