Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

«Եկել եմ, որ գնամ». ֆիլմի հերոսուհին Սաթենիկ տատն է, ներկայացված ցավը՝ համընհանուր

$
0
0

«Հայ Արտ» կենտրոնում օրվա հերոսուհին երեկ Սաթենիկ տատն էր՝ «Եկել եմ, որ գնամ» ֆիլմի 105-ամյա հերոսուհին:

Մեծ տատի անձնական մեծ ողբերգությամբ ծոռնուհին՝ լրագրող Արուս Հակոբյանը փորձել է խոսել համընդհանուր խնդրի՝  չապրելուց դատարկվող տների ու համայնքերի մասին:

Սաթենիկ տատի մեծ ցավի էպիկենտրոնը Սյունիքի մարզի Սվարանց համայնքն է: 

Սաթենիկ տատը Սյունիքի մարզի Սվարանց գյուղից է:

105- ամյա «կրեատիվ» Սաթենիկ տատը ծոռնուհու՝ մեր գործընկերուհի Արուս Հակոբյանի շնորհիվ լրագրողների փոքրիկ շրջանում վաղուց հայտնի է համակարգչային իր գիտելիքներով, Սքայպից ու ֆեյսբուքից օգտվելու, համաձայնեք, փոքր ինչ արտասովոր  կարողություններով, կենսախինդ ու աշխույժ բնավորությամբ, հումորով: Սվարանցի Սաթենիկ տատը երեկ, ոչ ավելի, ոչ պակաս, նորաստեղծ ֆիլմի գլխավոր հերոսուհին էր:


«Հայ Արտ» կենտրոնում պրեմիերայից առաջ հուզվում էր ու  ֆիլմի հեղինակ ծոռնուհուն նայելով ասում՝ հեսա  կտեսնեմ, գլխիս ինչ է բերել էս աղջիկը: Ինձ էլ ձեռքի հետ պատմում ֆիլմի նկարահանման մանրամասները:

Ֆիլմի գաղափարի մասին: Պարզվում է, որ գաղափարն էլ է Սաթենիկ տատուց ծնվել: «Ամեն անգամ ինձ տեսախցիկով տեսնելիս, դժգոհում էր՝ մի անգամ չեղավ, որ ինձ նկարես: Ես էլ որոշեցի նկարել»,- պատմում է ծոռնուհին: Ֆիլմի հերոսուհին Սաթենիկ տատն է, բայց ֆիլմում ներկայացված նրա մեծ ցավը՝ համընդհանուր:

Պատերազմից հաշմանդամ վերադարձած ամուսնու հետ մեծ դժվարությամբ կառուցած, յոթ որդով շենացրած Սվարանցում գտնվող տունն այսօր դատարկ է ու քանդվում է: Շուրջ 20 տարի առաջ Սաթենիկ տատի զավակները Մասիս տեղափոխեցին։ Առ այսօր դրան չի համակերպվում:


Հեղինակի մեկնաբանմամբ՝ ֆիլմում Սաթենիկ տատի յուրօրինակ հրաժեշտն է տանը,  Սվարանցում ապրած  ավելի քան 80 տարիներին, գուցե նաև կյանքին առհասարակ՝ հաշվի առնելով տարիքը:

«Եկել եմ, որ գնամ» ֆիլմում 105- ամյա կինն իր ձեռքերով, կարծեք, փորձում է կենդանություն տալ իրերին, սակայն բախվելով ցավոտ իրականությանն ու անխուսափելի ավարտին:

«Տատը մեռած լիներ, լավ էր: Չէր տեսնի քանդվող տունը»,- ասում է Սաթենիկ տատն ու անցնում ծերության բերած մյուս դժվարություններին:

«Աչքերս լավ չեն տեսնում, ականջներս լավ չեն լսում, ոտքերս դողում են»:

«Եթե տատը չհավանի, փայտը գլխիս կկոտրի»,- ֆիլմի ցուցադրումից առաջ հումորով զգուշացրել էր ֆիլմի հեղինակ ծոռնուհին: Ավարտին Սաթենիկ տատը ոչ փայտը կոտրեց նրա գլխին, ոչ էլ դժգոհեց: Նայեց լուռ, մի տեսակ իրականությունից վերացած ու 105-ամյա քարացած ցավը դեմքին:

Հետո, իրեն հատուկ կենսախնդությամբ,  վերադարձավ իրականություն՝ հպարտ հայացքով ընդունելով շնորհավորանքներն ու ծաղիկները:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles