Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Չորսամյա Սուրենի համար անկախություն բառն իր հնչյուններն ունի: Խոսափողը տեսավ՝ սկսեց երգել: Առանց որևէ ավելորդ բառի, առանց ամաչելու՝ անկախ ու անկաշկանդ՝ ինչպես պետք է լինի անկախ երկրի քաղաքացին :
Դեռ լավ չի հասկանում, թե ինչպես է ծնվում հայրենիքը: Բայց գիտի՝ իր ծննդյան օրը բոլոր հայերը Հայաստանի տոնն են նշում նաև: Բոլորին իրենց տուն կանչեց՝ իր ծննդյան մոմերը փչելու:
Խոջոյանների ընտանիքում այսօր եռատոն է: Հայրը, որդին ու հայրենիքի անկախությունը ծնվել են նույն օրը: Մինչև 91-ի սեպտեմբերի 21-ը Վարդան Խոջոյանի տարեդարձը տարեդարձ էր միայն իր ու իր ընտանիքի համար: 91-ից հետո փոխվեց ամեն ինչ:
Իսկ տասը տարի առաջ իրեն ու հայրենիքին միացավ նաև Վարդանի որդին ու որոշեց, որ հենց այս օրը պիտի լույս աշխարհ գա:
Հպարտությամբ ու մեծ ոգևորությամբ այսօրվա հոբելյարները միաձայն ասում են նույնը՝ ծնվել են շատ կարևոր օր ու հասկանում են օրվա արժեքը: Արթուր Պապյանն այսօր տոնում է իր 15-ամյակը՝ չմոռանալով շնորհավորել առաջինը իր երկրին:
Արթուրն այս օրը շնորհավորանքներ ստանում է ինչպես ծանոթներից ու հարազատներից, այնպես էլ անծանոթներից:
Սպասումի րոպեներ, ժամեր ու աննկարագրելի ապրումներ: Էրեբունի բժշկական կենտրոնում այսօր արդեն լույս աշխարհ է եկել 7 երեխա՝ 4 տղա, 3 աղջիկ: Արեգի մայրիկը սպասման մեջ էր՝ անհամբեր է:
Մոտենում է բժիշկ Նորայր Ղուկասյանը։ Արագ բժշկական խալաթը մեկնում ու ասում՝ չես վախենում, արի։ Ու նրա հետ մտնում եմ ծնարան։ Այստեղ պետք է ծնվեր Հայաստանի Հանրապետության եւս մեկ քաղաքացի։ Փոքրիկ Ալեքսը լույս աշխարհ եկավ ուղիղ ժամը 16։օօ- ին՝ ծնունդն ընդունող բժիշկների, Հայաստանի անկախությունից էլ երիտասարդ հոր եւ Հանրային ռադիոյի ներկայությամբ՝ իր ձայնով ազդարարելով, որ նա անկախ Հայաստանի քաղաքացին է.
«Ռադիոլուր»-ի աչքեւ առջեւ ծնված Ալքեսը
Դավիթը, որն Ալեքսից մեծ է երկու ժամով