Կինոյի ոլորտում արդեն իսկ սկսել են փոփոխությունները` դեռևս միայն պաշտոնափոխության տեսքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ այժմ էլ կինոյի մասին օրենքի վրա են աշխատում:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ազատվել էր պաշտոնից:
«Կինոկենտրոնի նախկին տնօրենը` Գևորգ Գևորգյանը բավարար էր աշխատում` իր ժամանակի համար, սակայն այժմ նոր հայեցակարգեր կան, նոր պահանջներ, դրա համար էլ տնօրենի փոփոխության գնացինք»:
Այսօր արդեն նախարարը ներկայացրեց Կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանին եւ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանին:
Ֆիլմը պետք է ճակատագիր ունենա, մրցունակ լինի, ոչ միայն որպես ազգային արժեք դիտարկվի, այլ՝ համամարդկային, շահավետ լինի թե գեղարվեստական և թե ֆինանսական առումով, տարածվի, վաճառվի և ոչ միայն փառատոնային հաջողություն գրանցի: Ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը ասում է, որ փորձելու են կինոարտադրությունը ճիշտ ուղու վրա դնել, խոստանում աշխատել բաց ու թափանցիկ։
«Պետք է նաև արտասահմանյան կինոարտադրողների հետ համագործակցենք, որ համատեղ արտադրության ֆիլմերի քանակն ավելանա: Դիստրիբյուրտորական ինստիտուտ ստեղծելու քայլեր պետք է տարվեն, քանի որ առանց դրա կինոյի ոլորտի զարգացումն ուղղակի անհնար է»:
Կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը նախկինում աշխատել է Դոմինիկյան Հանրապետությունում, ուսումնասիրել տարբեր երկրների կինոյի ոլորտի զարգացման փորձը:
Հանձնակատարի ինստիտուտի ստեղծումը հեռահար նպատակներն ունի։ Հայաստանը կապվելու է աշխարհի մյուս երկրների նույնանման ինստիտուտների հետ՝ կինոարտադրության իր տեխնիկական, մասնագիտական, մարքեթինգային չափանիշները համապատասխանեցնելով համաշխարհային պահանջվող մակարդակին։
Արմեն Ամիրյանին թեպետ դժվարությամբ, բայց հաջողվել է համոզել Արսեն Բաղդասարյանին ստանձնել գեղարվեստական ղեկավար- ֆիլմ հանձնակատարի պաշտոնը, քանի որ, ինչպես նշում է նախարարը, դժվար է համոզել մի մարդու , ով Հոլիվուդյան կինոարտադրության գլխավոր խաղացողներից մեկն է եղել.
Արսեն Բաղդասարյանը խոստացավ հավասար հնարավորություններ ստեղծել կինոարտադրողների համար, մատանաշեց, թե որն է հայաստանյան կինոյի ոլորտում ամենամեծ խնդիրը.
«Ամենամեծ խնդիրն այն է, որ կինոարտադրողները չեն կարողանում իրենց ֆիլմերը դուրս հանել, և մեր կապերով փորձելու ենք այս խնդիրն էլ լուծել»:
Եվ արդեն անդրադարձ կատարվեց կինոյի մասին օրենքին: Նախարարն ասաց , որ հաջորդ շաբաթ օրենքի նախնական տարբերակը կուղարկվի շահագրգիռ բոլոր կազմակերպություններին։ Օրինագիծը հանրային քննարկման է դրվելու կառավարությանը ներկայացնելու առաջ։ Նախարարը համոզված է, որ կինոյի մասին օրենքը շահագրգիռ պայմաններ է ստեղծելու, որ գործարարները ներդրումներ անեն կինոարտադրության մեջ:
«Պետք է կարողանանք կինոարտադրությունը դարձնել շատ շահավետ գործ: Մենք նաև «Հայկ»-ն ու Կինոկենտրոնը կմիավորենք` ավելի արդյունավետ արդյունքներ գրանցելու համար։ Այս քաղաքականության արդյունքում ակնկալում ենք, որ մենք այնպիսի ֆիլմեր կարտադրենք, որոնք մի կողմից մրցունակ կլինեն միջազգային ամենահեղինակավոր փառատոներում, մյուս կողմից՝ կարող են վաճառվել և լավ եկամուտներ բերել… Իսկ եկամուտները կուղղվեն դարձյալ կինորտադրությանը»:
Ինչ վերաբերում է օրերս Կինոկենտրոնում կատարված փոփոխություններին, ապա, ըստ նախարարի, դրանք բխում են ժամանակի պահանջներից։