Անի Մինասյան «Ռադիոլուր»
Հուլիսի 30-ը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Մեր երկիրն այդ խնդրի դեմ ուղղված պայքարում արդեն հինգերորդ տարին անընդմեջ առաջին խմբում է ընդգրկվում: Հայաստանում թրաֆիքինգի դեպքերը շատ չեն, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել: Սակայն անելիքները շատ են:
ԱՄՆ պետդեպարտամենտը տարեկան հրապարակում է զեկույց` ներկայացնելով աշխարհում թրաֆիքինգի իրավիճակը։ Հայաստանն արդեն հինգերորդ տարին անընդմեջ ընդգրկվում է այն երկրների շարքում, որոնք լավագույնս են իրականացնում թրաֆիքինգի դեմ պայքարը։ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, մեր երկրում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանն ասում է, որ մարդկանց թրաֆիքինգը, ցավոք, չի սահմանափակվում մեկ երկրի սահմաններով.
ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը նշեց, որ վերլուծությունն ընդհանուր առմամբ ցույց է տալիս` Հայաստանը թրաֆիքինգի առումով հանդիսանում է սկզբնաղբյուր երկիր, սակայն վերջին տարիներին արձանագրվում են նաև ինչպես ներքին թրաֆիքինգի, այնպեսի էլ մեր երկիրը որպես տրանզիտ օգտագործելու դեպքեր: Վերջին տարիների ընթացքում առավել ուշադրության են արժանանում հարկադիր աշխատանքը և աշխատանքային շահագործումը: Վաչե Հովսեփյանը 2017-ի թրաֆիքինգի դեպքերը ներկայացնում է թվերով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ, Զոհերի նույնացման հանձնաժողովի նախագահ Էլեոնորա Վիրապյանի թվերը տարբերվում են Վաչե Հովսեփյանի ներկայացրած թվերից։ Հովսեփյանը խոսում է թրաֆիքինգի այն դեպքերի մասին, որոնք դատարանում են: Էլեոնորա Վիրապյանն ասում է, որ օգնում են նաև այն տուժածներին, որոնց դեպքով դեռ չեն հարուցվել քրեական գործ:
2014 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հուլիսի 30-ը հռչակվել է որպես Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Նախաձեռնությունը միտված է բարձրացնել իրազեկվածությունն այս համընդհանուր խնդրի նկատմամբ: