Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all 5459 articles
Browse latest View live

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի թաքնված ականները

$
0
0

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որը արդարադատության նախարոությունը հանրային քննարկման է ներկայացրել,  թեժ ու բևեռացված բանավեճի  առարկա է դարձել:

Նախագծի պաշտպանները համոզված են, որ   օրենքի ընդունումը ուշացել է, ամեն ինչ պետք է անել օր առաջ այն ընդունելու համար:  Ընդդիմախոսներն ավելի արմատական են տրամադրված: Սա ոչ թե ընտանիքը պաշտպանող, այլ այն քայքայող նախաձեռնություն է: 

Որտեղ են նման մտահոգությունների հիմքերը, կան արդյոք թաքնված ականներ օրենքում:

Հարցը, թե Հայաստանին պետք է արդյոք ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք, այսօր տրամագծորեն հակառակ երկու պատասխան  է ստանում:  Քաղաքացիական հասարակության մի մասը, արդեն նաև պետությունը վստահեցնում են, որ նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը հասունացել է:

Հասարակական սեկտորի ու մտավորականների մի մասը կասկած չունի, որ այդ օրենքի անհրաժեշտությունը չկա ու Հայաստանն այդ քային գնում է միջազգային կառույցների թելադրանքով:

Ի դեպ, նախագիծը սեպտեմբերի 20-ից տեղադրված է edraft.am կայքում , հանրությունը հնարավորություն ունի  քվեարկությամբ արտահայտել իր դիրքորոշումը: Այս պահին, ըստ կայքի քվեարկության,  նախագծին դեմ  է   57 տոկոսը  դեմ է, 43 տոկոսը՝ կողմ: Օրենքի ընդդիմախոսներից մեկը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարն է:  Գագիկ Գինոսյանի համար անհասկանալի է, թե ինչու է  առանձին օրենք  գրվում ընտանեկան բռնության մասին: Բռնությունը ընտանիքի ներսում թե դուրս,  դատապարտելի է, նաև  պատժելի՝ ասում է:

«Ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ են գրված օրենքի վրա հավելումներ անում, ունենք չէ՞ սահմանված, թե ծեծի դեպքում ինչ պատիժներ են նախատեսվում: Քիչ չի մտել են քո եկեղեցին, կեղտոտ ձեռքերով պղծել, հիմա էլ ուզում են խորան բարձրանալ և քարոզ անել» ։
Տարբեր օրենքների առանձին դրույթներն ընդամենը պատասխանատվություն և պատիժ են նախատեսում, մինչդեռ ընտանեկան բռնության  համար նույնքան կարևոր է կանխարգելումը՝ սա օրենքի կողմակիցների հակափաստարն է: Նրանք նշում են, որ  գործող օրենսդրության որևէ նորմ կամ հոդված ընտանեկան բռնության կանխարգելման որևէ դրույթ չի պարունակում և կանխարգելիչ միջոցառումներ չի նախատեսում: Այս օրենքը փորձելու է լուծել հենց այդ խնդիրը՝ ասում է արդարադատություն նախարար Դավիթ Հարությունյանը:

Ի դեպ,  կառավարությունը փոխել է իր նախկին դիրքորոշումը և այժմ նույն դիրքերում է այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք տարիներ շարունակ խոսել են այս  օրենքի ընդունման անհրաժեշտության մասին: 2013-ին կառավարությունն ընտանեկան բռնության կանխարգելումը  հրատապ չէր համարում, առաջին նախագիծը կառավարությունը չի հաստատել, իսկ  արդ հրատապությունը տեսնում է: Դավիթ Հարությունյանը սա վիճակագրությամբ է պայմանավորում:

«Մենք գնում ենք այս քայլին, քանի որ վիճակագրության դինամիկան մտահոգիչ է»:

Իրավապահ մարմիններում 2016-ին ընտանեկան բռնության դեպքերով 359 քրեական գործ է հարուցվել, ամենաշատը գրանցվել են ծեծի դեպքեր, 10 քրեական գործ հարուցվել է սպանության հոդվածով: Ըստ իրավապահների ՝ այս տարվա առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների  վիճակագրական պատկերը փոխվել է. սպանությունների դինամիկան պահպանվոել է, բայց այս տարի եղել են նաև ինքնասպանության հասցնելու դեպքեր:Խնդրով զբաղվող ՀԿ-ների տվյալներով՝ վերջին 5 տարիների ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դարձել 30 կին:   Այն պնդումը, որ բռնություններն ընտանիքում  տարեցտարի աճում են,  ՀԿ-ները հիմնավորում են  իրենց դիմողների և ժամանակավոր ապաստարանի կարիք ունեցողների դինամիկայով:

Ասում է  փաստաբան, Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը: Այս պնդումը սակայն, նաև  վիճակագրությունը որպես հիմնավորում բավարար չեն այն ՀԿ-ների համար, որոնք դեմ են նախագծի ընդունմանը: Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանը համոզված է, որ նման օրենքի ընդունման հանրային պահանջ չկա:Արդարադատության նախարարն ասում է՝  այս մերժողական արձագանքն  անսպասելի չէր: Դավիթ Հարությունյանը նաև հավաստիացնում է, որ օրենքի ընդունման անհրաժետությունը կա ոչ թե արևոմուտքի թելադրանքով, այլ այն հանձնառությունների, որոնք Հայաստանը ստանձնել է տարբեր կոնվենցիաների ու միջազգային փաստաթղթերի միանալով:

Նախարարը նաև ենթադրում է, որ հանրային քննարկումը թույլ կտա որոշակիորեն հարթել այսօր անհարաթելի թվացող տարաձայնությունները:


Ովքեր կստանան բնակարան՝ Երեւանի ծննդյան առթիվ

$
0
0

Հոկտեմբերի 11-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանին քննարկել և հաստատել է  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը:

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, անհատույց սեփականության իրավունքով բնակարան կտրամադրվի կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին:

Երևան քաղաքի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշման նախագիծը ևս քննարկվել և հաստատվել է Երևանու ավագանի կողմից:

Երեւանի պատվավոր քաղաքացիների շարքը համալրվեց

$
0
0

Երևանի ավագանին հոկտեմբերի 11-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաստատել է Երևանի քաղաքապետի առաջարկը՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը։

Ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, նկատի առնելով հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, բազմամյա վաստակն ու բեղմնավոր գործունեությունը, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել  հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Սուրենի Շլեպչյանին։

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, հաշվի առնելով հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակն ու բազմամյա գործունեությունը, Երևանի ավագանին քննարկել և հաստատել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Նիկողոսի Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Ավագանու մեկ այլ որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանին:

Սոցիալական ձեռնարկություն` Արմավիրի քոլեջում

$
0
0

ԵՄ ֆինանսավորմամբ  այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջում  բացվել է ներառական սոցիալական ձեռնարկություն՝ տպագրատուն  «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված «Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար» ծրագրի շրջանակում:

Ծրագրի մասնակից  հաշմանդամություն ունեցող 5 երիտասարդ  ներգրավվել է սոցձեռնարկության աշխատանքներում: Ձեռնարկությունից ստացված եկամուտը ներդրվելու է քոլեջի կանոնադրական նպատակների համար:

Եվրամիությունը 15.2 մլն  եվրո  է ներդրել  Հայաստանում զբաղվածության խթանման, միջին մասնագիտական կրթության բարեփոխումների նպատակով:  Ըստ վիճակագրական տվյալների  հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության մակարդակն ամենաբարձրն է:  Նրանցից  քչերն են կարողանում մասնագիտական կրթություն ստանալ կամ զարգացնել հմտություններն ու կարողությունները:

Արմավիրի արվեստի պետական քոլեջում դեռ նախորդ տարում «Սեյվ դը չիլդեն» կազմակերպության ֆինանսավորմամբ  ներառական մասնագիտական  կարճաժամկետ դասընթաց է իրականացվել հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար: Քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը նշեց, որ դասընթացներում մասնագիտական հմտութուններ են ձեռք բերել գեղարվեստական ձևավորում, կար ու ձև, ֆուրշետ և քանդակագործություն մասնագիտությունների գծով:

Ծրագրին մասնակցել է 40 երիտասարդ, որոնցից մեկն աշխատանքի է ընդունվել արվեստի պետական քոլեջում: Հաշմանդամություն ունեցող անձաց աշխատանքի ապահովման գործում Եվրոմիության ֆինանսավորմամբ արվեստի պետական քոլեջում բացվել է սոցիալական ձեռնարկություն՝ տպագրատուն:

Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին այսօր մասնակցել է Արմավիրի արվեստի պետական քոլեջում սոցիալակ ձեռնարկության բացմանը, որտեղ ապահովված է հաշմանդամություն ունեցող 5 երիտասարդի զբաղվածությունը: Տպագրատանը տպվելու են տարբեր ձեռնարկնեևր, մատյաններ, հաստ կազմով գրասենյակային գրքեր: Տպագրատունը շահույթ չհետապնդող կառույց է, որի եկամուտն ուղղվելու քոլեջի կանոնադրական ծախսերին:

Միջին մասնագիտական կրթություն ստացողները սովորաբաևր դժվարությամբ են աշխատանք գտնում և շարունակում են կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Քոլեջի 1-ին կուրսի ուսանող Անի Աբրահամյանը սովորում է «Դիզայն» բաժնում և ավարտելուց հետո սովորելու է բուհ-ում, որպեսազի կարողանա հետագայում աշխատանք գտնել:

«Ռադիոլուր»-ի դիտարկմանը մեր կրթական ոլորտում  որքան  է կարևորվում քոլեջների դերը և աշխատաշուկայում ինչ պահանջարկ կա ԿԳՆ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը պարզաբանեց, որ մարզերում պահանջարկ կա, հիմա ամեն ինչ անում են, որպեսզի կրթությունը համապատասխանեցնեն աշխատաշուկային:

Միջին մասնակգիտական կրթության և ուսուցման ոլորտում  աջակցելու հանձնառություն ունի Եվրոմիությունը, ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսին: Նա նշեց, որ  Հայաստանում շատ տաղանդավոր մարդիկ են ապրում և պետք է խթանել նրանց կրթությունը:

«Ես այսօր հայտարարուոմ եմ մի մեծ նախագծի մասին՝15  մլն եվրո արժողությամբ, որի նպատակն է Հայաստանում համապատասխանեցնել  միջին մասնագիտական կրթությունը աշխատաշուկայի պահանջներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով  գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության խթանմանը»:

Բյուջետային աջակցության  13 մլն եվրոն ուղղվելու է միջին մասնագիտական կրթության և ուսուցման աջաջնահերթ կարիքներին,  իսկ  2.2 մլն եվրոն՝ կարողությունների զարգացմանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց մարզային քոլեջում սոցիալական ձեռնարկության հիմնումը նշելով. «Ամենակարևորը, որ մարդ արթնանում է, գիտի ուր պետք է գնա և ինչով զբաղվի: Բացի դա լուծում է սոցիալական խնդիրներ»:

Սոցիալական ձեռնարկություններ բացվել են  տարբեր մարզերի 5 բնակավայրում, որտեղ ներգրավված է 25 աշխատող:

Մեր լեզուն, մեր խնդիրները

$
0
0

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Հայերենի լավ իմացությունը ազգապահպանության պայմաններից մեկն է: Եվ լեզվի ուսուցման մակարդակի բարձրացումը բխում է յուրաքանչյուրի շահերից:

Հայերենն այսօր օրենսդրական մակարդակում բավականին պաշտպանված է, այլ խնդիր է, թե արդյո՞ք «Լեզվի մասին» օրենքը կիրառվում է, թե՞ ոչ. Մամուլի ազգային ակումբում այսօր հայտարարել է ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։

Ինչպես են իրենց մայրենիի իմացությունը գնահատում ուսանողները, ինչո՞ւ հայերենի նոր բառարաններ չեն հայտնվում մեր սեղաններին, ինչպես են դասավանդում հայերենը մեր կրթօջախներում։

Հարցերի պատասխանները՝ «Ռադիոլուրի» ռեպորտաժում։

 

Նոր երգ՝ նվիրված 2799-ամյա Երևանին

$
0
0

 Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին ընդառաջ թողարկվել է նոր երգ «Երևան՝ սիրո քաղաք» անվանումով: Երաժշտության հեղինակն է Արա Թորոսյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը:

Ուզում էի իմ նախագահին նկարեի, բայց չստացվեց․ Դավիթ Հակոբյանը՝ Նազարբաեւի նկարի մասին

$
0
0

ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարը լայնորեն տարածում են ղազախական լրատվամիջոցները: Խոսքը հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին կատարված լուսանկարի մասին է: Դավիթ Հակոբյանն արդեն հասցրել է պատմել լուսանկարի ստեղծման պատմությունը: Մասնավորապես, tengrinews.kz-ի թղթակցին լուսանկարիչը պատմել է, որ ի սկզբանե նա պատրաստվում էր լուսանկարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, բայց առավել հաջողված է ստացվել Նազարբաևի կադրը:

«Ես լուսանկարելիս առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում լուսավորությանը, ֆոնին, կադրին: Ցանկանում էի լուսանկարել իմ նախագահին, բայց չստացվեց: Միայն Նազարբաևը լավ դուրս եկավ: Ես ի սկզբանե հենց այսպիսի կադր էլ ուզում էի: Նախագահը ինձ չէր նայում. 50 լուսանկարիչ կանգնած, սպասում էր, թե երբ ղեկավարները կմտնեն սրահ, և նա ինձ չէր նայում, այլ բոլորին: Ես ավելի լավ լուսանկար չէի էլ կարող պատկերացնել, կադրն ուժեղ է դարձել Նազարբաևի ինքնավստահ հայացքի ու քայլվածքի շնորհիվ»,-ասել է Դավիթ Հակոբյանը:

Լոքյանը՝ խնդրի առաջ

$
0
0


Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի և առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:

«Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, Երևանում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ: Արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը:
Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ»,-ասաց նա:

«Չնայած արձանագրված արդյունքներին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների»,- ասաց վարչապետը և հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով հետևողականորեն շարունակել Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին էլ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

«Պարոն Լոքյան, մենք նաև այն ծրագրերը և ժամանակացույցը, որը կազմել ենք հետևողական պետք է գնանք: Իրավաբանական անձերի 25 տոկոսը լավ է, բայց ընդհանրապես ցուցանիշ չէ: Մինչև տարեվերջ 100 տոկոսով պայմանագրերը պետք է կնքվեն, նույնը վերաբերում է հավաքագրումներին»,- ասաց վարչապետը:


«Հայփոստ»-ը կմասնավորեցվի

$
0
0


ՀՀ կառավարության կողմից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը կերկարաձգի ևս երեք ամսով՝ մինչ 2017 թվականի տարեվերջ: Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հանձնվել է հավատարմագրային կառավարման՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին և 2016թ. դեկտեմբերի 14-ին ստորագրվել հավատարմագրային կառավարման պայմանագիր:

Պայմանագրով՝ հավատարմագրային կառավարման ժամկետը սահմանվել է 9 ամիս (ավարտը՝ 2017թ. սեպտեմբերի 30):

«Հաշվի առնելով, որ «Հայփոստ»-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում և կառավարության 2017թ. հունիսի 19-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մինչև 2018թ.ավարտը իրականացնել «Հայփոստ»-ի մասնավորեցում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերը նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով»,- ասաց նախարարը:

«Փոխգործակցություն-2017» զորավարժություններին կմասնակցեն նաև ԿԽՄԿ ներկայացուցիչներ

$
0
0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում բոլոր միջոցառումներն անցկացվում են մեկ սցենարով. Հայաստանի տարածքում անցկացվող զորավարժություններն ակտիվ փուլում են: Հոկտեմբերի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց  ՀԱՊԿ միացյալ  շտաբի  ղեկավար  Անատոլի Սիդորովը: «Զորավարժությունների հիմքում ընկած է կովկասյան տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակը: Հայաստանում երկրորդ անգամ ենք նման ծավալի զորավարժություններ անցկացնում: Առաջինը եղել էր 2012 թ.: Այդ ընթացքում շատ բան է փոխվել, ինչը հաշվի ենք առել ընթացիկ զորավարժությունները կազմակերպելիս»,- նշել է Սիդորովը:

Նա հավելեց, որ «Մարտական եղբայրություն» զորավարժությունները, որի մի փուլն են Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները, ենթադրում է միջոցառումների ամբողջական համալիր` իրավիճակի հնարավոր սրացումից մինչև կարգավորում:

Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 2500 մարդ, 500 միավոր տեխնիկա և ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների 25 թռչող սարքեր: «Հավաքական ուժերի ղեկավարման նոր սխեման առաջին անգամ աշխատեց հենց այս զորավարժությունների ընթացքում: Հավաքական ուժերը զորավարժությունների ժամանակ գործում են պայմանական հակառակորդի դեմ»,- ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը:

Զորավարժություններին կմասնակցեն նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ. նրանք կգործեն պայմանական հակառակորդի կրակի տակ ընկած վայրում:

Անատոլի Սիդորովն ընդգծեց, որ զորավարժություններում թերություններ, իհարկե, կան, սակայն, միևնույն ժամանակ, նա շեշտեց սպաների բարձր պրոֆեսիոնալիզմը, զորքերի մարտական պատրաստության բարձր մակարդակը:

Աշնանային արձակուրդները՝ հոկտեմբերի 30-ից

$
0
0

Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ։ Այս մասին  նշված է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ստորագրած 711-Ն հրամանում։

Երկրորդից մինչև տանսերկուերորդ դասարանցիների աշնանային արձակուրդները կսկսվեն  հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ։

Բանտերի 20 տարվա ռազմավարական ծրագիրը՝ հավակնոտ

$
0
0


Հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը:

Ի՞նչ բարեփոխումներ կբերի այն: Այս հարցերի շուրջ այսօր խոսել են արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:

Նրանց որոշ դիտարկումներն ու գնահատականները՝  «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

ՔԿՀ-ներում  մոտ 20 տարվա ռազմավարությունը ներառում է մոտ 9 ուղղությամբ բարեփոխումների իրականացում: Գործողությունները ընդգրկում են օրենսդրական բարեփոխումներ, կոռոպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ, քրեակատարողական ծառայողների որակավորման-վերապատրաստման խնդիրներ, շենքային պայմաններ եւ այլն:

Այս ամենի մասին բավականին մանրակրկիտ խոսելով՝ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը շեշտեց, թե համակարգի խնդիրների լուծումը բացի քաղաքական կամքից պահանջում են նաեւ ֆինանսական միջոցներ: Դրա համար էլ 20 տարվա ռազմավարության մեջ կան ե՛ւ երկարաժամկետ, ե՛ւ կարճաժամկետ լուծումներ:

Բուժծառայություններ, քրեակատարողական աշխատողների որակավորում, աշխատավարձերի խնդիր, կառավարման փոփոխություններ, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում՝ այս ամենը 20 ամյա ռազմավարությունում հաշվի են առնվում՝ ասաց արդարադատության փոխնախարարը:

Համակարգի փոփոխություններն անհրաժեշտ է համարում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա կազմակերպությունը ռազմավարության մեջ ներառելու համար առաջարկներ է ներկայացրել: Նաեւ՝ մտահոգություններ հայտնել:

Այդ տեսանկյունից նա կարեւորում է նախկին նման ծրագրերին գնահատական տալը, ինչը, ըստ նրա, չի արվել: Այնինչ՝ գնահատելը հարկավոր է դասերը հաշվի առնելու համար: Ըստ Սաքունցի՝ 20-ամյա ռազմավարությունը նպատակ ունի նաեւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, մինչդեռ, այնտեղ վերլուծություններ չկան այդ ուղղությամբ նախկին ծրագրերի վերաբերյալ, ինչը նույնպես կարեւոր է:

Բանախոսը նաեւ 20 տարվա ռազմավարությունը բավականին հավակնոտ համարեց, քանի որ չկա երաշխիք, որ դրա շարունակականությունը կապահովվի: Արթուր Սաքունցը գնահատմամբ՝ ոլորտում հաջողություններ կան, կան ուղղություններ, որոնք շատ լավ ներկայացված են նոր ռազմավարության մեջ, բայց կան նաեւ բացեր:

Օրինակ՝ անդրադարձ չկա, թե ինչպե՞ս պետք է լուծել քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող չգրված օրենքների խնդիրը: Կազմակերպությունն իր առաջարկները ձեւակերպելու եւ ներկայացնելու է ԱՆ-ին՝ տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

Նոր երկարաժամկետ ռազմավարության հետ կապված մտահոգություններ եւ առաջարկներ ունի ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

Խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը 20 տարվա տեւողությունը դրական գնահատեց, քանի որ պետք է տեսնել, թե այդքան ժամանակ հետո ի՞նչ ենք ակնկալում ունենալ: Նա նույնպես հիմնական բացերից մեկը համարեց այն, որ նոր 20-ամյա ռազմավարությունը չի անդրադառնում ՔԿՀ-ներում հիերարխիկ հարաբերությունների խնդրին:

Արդարատադության նախարարությունն առաջարկվող բարեփոխումները միայնակ չէ, որ իրականացնելու է՝ նշեց փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա նաեւ հավելեց, որ 20-ամյա ռազմավարության նախագիծը վերջնական փաստաթուղթ չէ, դրա մշակումներն այս փուլում շարունակվում են եւ իրենք բաց են բոլոր կառուցողական առաջարկները քննարկելու ու ներառելու համար, որպեսզի հնարավոր լինի երկխոսության արդյունքում ունենալ մի փաստաթուղթ, որն ունակ կլինի լուծելու այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են  համակարգում կամ ժառանգվել խորհրդային միությունից:

 

Պայքար՝ գծատերերի դեմ

$
0
0


Հանրապետության բոլոր բնակավայրերը պետք է տրանսպորտ  ունենան: Սա  վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարական էր  մի քանի ամիս առաջ:

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարությունը ուսումնասիրել  ու որոշել է  պիլոտային ծրագիր սկսել Արմավիրի մարզից:  Միասնական երթուղային ցանց ունենալու օրենսդրական հիմքերն են նախապատրաստվում: Դրանք այսօր կառավարության նիստում են հաստատվել:

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարությունը  նախատեսում է ցանցը ներդնել  առաջիկա  տարիներին: Վարչապետը, սակայն, կարծում է, որ հաջորդ տարվա  առաջին եռամսյակում ամբողջ ցանցը պետք է պատրաստ լինի:

Արդեն կառավարության նիստից հետո տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը «Ռադիոլուրին» է փոխանցել թե’ պիլոտային ծրագրի, թե’ միասնական երթուղային ցանց ունենալու տեսլականը:

Ստեղծել միասնական երթուղային ցանց. տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարության հերթական նախաձեռնությունն է: Մինչ այդ, դեռ  օրենսդրական կարգավորումներն են տրվում: Վարչապետ Կարեն Կարապետյան.

«Միասնական ցանցի ներդրման նախապատրաստական բոլոր աշխատանքները կավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետում»:


Վարչապետի դիրքորոշումը հստակ է. կառավարության նիստում տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին նա փոխանցեց:

Միասնական օպերատոր ունենալու  համար նախ և առաջ պետք է հայտնի գծատերերից  ազատվել: Ինչպես  են նախարարությունում պատկերացնում խնդրի լուծումը՝ հարցնում եմ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին:

Նույն կազմակերպությունները  կարող են նաև իրենք մասնակցել մրցույթին՝ասում է  նախարարը:  Միասնական երթուղային ցանց կստեղծվի, սակայն պիլոտային ծրագրի հաջողությունը տեսնելուց հետո միայն: Այն կսկսվի Արմավիրի մարզից: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ծրագրից որոշ մանրամասներ փոխանցեց «Ռադիոլուրին»:

Նախարարը նաև ռիսկերն է մատնանշում,  մտահոգություններ հայտնում։ Գուցե տնտեսվարողը չսպասարկի ու ռիսկը ավելի մեծանա։ Այսօր մի ուղղություն չսպասարկելի ավելի պակաս ռիսկ ունի, քան՝ ասենք մի ամբողջ մարզինը՝ ասում է զրուցակցիս: Նաև հստակեցնում է, թե ինչ չափորոշիչներ են ներկայացնում հավանական ներդրողին:

Մարզն ընտրել են, ներդրողին փնտրում  են:

«Արհեստական մոնոպոլիա չենք ստեղծում, սակայն, եթե բնական մենաշնորհ ձևավորվի, դեմ չենք լինի»,- ասում է  նախարարն ու արդեն որպես  ոչ թե պաշտոնյա, այլ քաղաքացի ներկայանում:

Վատ աշխատող  տնտեսավարողներին այս պահին նախարարությունը միայն տուգանում է։ Այլ լծակներ չունենք՝ ասում է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն ու խոստովանում՝ միշտ չէ, որ տուգանքը լավ արդյունք է տալիս: Քայլերի հերթականությունն է բացատրում՝ հաջորդ քայլն արդեն  պետք է լինի վատ աշխատող տնտեսվարողին լիցենզիայից զրկելը:

Փաստաթղթով կարեւորված ՀՀ քաղաքացին՝ թանկացումների ֆոնին

$
0
0


Այս տարվա հունիսի 19-ին քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում համաձայնություն տվեց 2017-2022 թվականների կառավարության գործունեության ծրագրին:

Փաստաթղթի հիմքում կարեւորվել էր ՀՀ քաղաքացին:

4 ամիս անց արդեն նույն կառավարությունից նույն խորհրդարանում պահանջում են հստակեցնել մեկ հարց՝ ինչպես օր օրի թանկացումների ֆոնին ապրի փաստաթղթերով կարեւորված ՀՀ քաղաքացին:



Կույրերը՝ Ռադիոլուրի տեսադաշտում

$
0
0


Ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրն անցկացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Տեսողության համաշխարհային օրվան: Այս տարի օրը նշվում է այսօր՝ հոկտեմբերի 12-ին:

Սովորաբար թվում է, թե մենք՝ տեսողության խնդիր չունեցողներս, պետք է օգնենք կույր մարդկանց, որպեսզի նրանք կարողանան քայլել, փողոցն անցնել և ընդհանրապես՝ տեղաշարժվել: Սակայն իրականությունն այլ է: Իրականում հենց նրանք են օգնում շատ շատերիս, որ կարողանանք տեղաշարժվել:

 


Ճարտարապետի օրվա առթիվ պարգեւատրում են լրագրողին

$
0
0

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Ճարտարապետներն իրենց մասնագիտական տոնի առթիվ մրցանակներ ստացան մի քանի օր ուշացումով:

Միջոցառումը կազմակերպվել էր այսօր և օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը մրցանակներ ստացան  բացառապես ավագ սերնդի ճարտարապետներ:

Միջոցառմանը մասնակցել  են Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու  Երևանի քաղաքապետը:

Արդյո՞ք ստվերում չեն երիտասարդ ու նոր խոսքով ճարտարապետները և որտե՞ղ են հայկական ժամանակակից ճարտարապետական կառույցները:

 

 

Գերակտիվ ու գործունյա. 26- ամյա Տարոն Ազատյանը երիտասարդ ճարտարապետի օրինակ է:

Այսօրվա միջոցառմանը մրցանակներ ստացան բացառապես ավագ սերնդի ճարտարապետներ: Դեռ երիտասարդ է մրցանակներ ստանալու համար՝ ասում է, իր մասնագիտությունը հասունություն է սիրում:

ԵՊՀ Ճարտարապետության բաժնի 1928 թվականին առաջին շրջանավարտները չոթն էին, յոթն էլ տղաներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր յուրովի ձեռագիրը թողեց հայկական ճարտարապետության պատմության մեջ:

Երկար տարիներ այս ֆակուլտետի դռները բացում էին մեծամասամբ տղաները, այսօր արդեն տղաներին հավասար քայլում են նաև աղջիկները:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի համար անընդունելի են այս  տարբերությունները։ Ավելին, ասում է՝ կանայք շատ հարցերում ավելի նրբանկատ են, ինչպես կյանքում:

Արդի ճարտարապետությունն այսօր իր թրենդներն է թելադրում, բայց, երիտասարդ ճարտարապետ Տարոն Ազատյանի կարծիքով, Հայաստանում մոդեռն ճարտարապետության մեկ շենք անգամ չի կառուցվել:

1992-ին Իրանից Հայաստան եկավ Արմեն Մինասյանն ու արդեն 27 տարի ապրում ու աշխատում է հայրենիքում: Ճարտարապետի համար այդպիսի շենքեր կան:

Ճարտարապետի օրվա առիթով շնորհակալագիր ստացավ նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը: Ասում է՝ մի տեսակ անհարմար է զգում: Այսօր մրցանակներ պիտի ստանային բացառապես ճարտարապետները:

Քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Ճարտարապետի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք ճարտարապետներ: Հուշամեդալներ հանձնեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայրենիքի շքանշան` Էռնեկյանին

$
0
0

Նախագահի նստավայրում նախօրեին տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:

Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին և նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն:

Հանրապետության նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն և հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը և վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը:

«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա: Ոչ միայն Արգենտինայում, այլև աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում` շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ և ղեկավարությամբ: Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագայությունների ժամանակ, այլ նաև եվրոպական մայրցամաքում տարբեր գործարարների և պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում:

Պարոն Էռնեկյանը, սակայն, իր գործունեությունը դրանով բնավ չսահմանափակեց և որպես իսկական ու նվիրյալ հայ հաստատվեց նաև մայր Հայաստանում և ընդարձակ գործունեություն ծավալեց այստեղ: Առանձնահատուկ պետք է նշեմ, բայց հպանցիկ, որ մեծատաղանդ գործարարը նաև բարեհամբույր բարերար է, և չնայած այն հանգամանքին, որ նա չի խոսում իր կատարած բարեգործությունների մասին, թեև դա հենց այդպես էլ պետք է լինի, այնուհանդերձ, մենք գիտենք դրանց ծավալները, չափերը, գիտենք, որ դրանք կրում են շարունակական բնույթ:

Էդուարդո Էռնեկյանը եկավ Հայաստան և իր հետ բերեց գործարար նոր մշակույթ, որ համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Կարող եմ խոստովանել, որ Հայաստան այցելած տարբեր պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ մշտապես դրական են արտահայտվում մեր օդանավակայանում իրականացվող ծառայությունների մասին: Շատ կարևոր է, որ մենք դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիներից և ընդհանրապես Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդուց: Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաև նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը: Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, և օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր:

Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, և պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր ևս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, և ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետև գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, և շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու: Այնպես որ՝ մենք շատ լավ հասկանում և գիտակցում ենք, որ դա զուտ բիզնես չէ, սակայն զուգահեռաբար այն նաև բիզնես պետք է լինի, որպեսզի օրինակ լինի ուրիշների համար:

Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհելու մեջ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում: Այո՛, մենք համոզված ենք, որ Հայաստանը շենացնելը հերոսություն է: Այո՛, սփյուռքի ձեռնարկատերերի և Հայաստանի պետության միջև կարող են հաստատվել փոխշահավետ հարաբերություններ, և այս գործընկերային հարաբերությունը պարոն Էռնեկյանի հետ ուղղակի այդ օրինակներից մեկն է: Ես համոզված եմ, որ պարոն Էռնեկյանի հետ միասին ստեղծել ենք լավագույն հնարավոր համագործակցությունը, և այն իսկապես պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների համար:

Երիտասարդ զինծառայողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ իսկական հրամանատարն այն հրամանատարը չէ, որ ասում է՝ առա՛ջ. իսկական հրամանատարն այն հրամանատարն է, որ ասում է՝ առա՛ջ իմ ետևից: Հիմա պարոն Էռնեկյանը ոչ թե կոչ է անում ուրիշներին, որ պետք է Հայաստանում ներդրումներ, բարեգործություններ կատարել, այլ ուղղակի անձնական օրինակով ցույց է տալիս, թե դա ինչպես է պետք անել: Ես մեծ համոզվածություն ունեմ, որ պարոն Էռնեկյանը՝ որպես առաջամարտիկ, դեռևս շատ երկար ժամանակ շարունակելու է նույն եռանդով իրականացնել այդ շնորհակալ գործունեությունը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն Էռնեկյան, Հայաստանի Հանրապետության հերոսի կոչմանն արժանանալու համար: Ես կարծում եմ, որ այս իրադարձությունը Հայաստանի և մեր ժողովրդի համար էլ է շատ կարևոր իրադարձություն: Վստահ եմ, որ նաև անձնապես Ձեզ համար է կարևոր իրադարձություն, որովհետև ճանաչման ավելի մեծ չափանիշ չկա, քան պետության բարձրագույն կոչումը: Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի ապագան փայլուն է, որովհետև մեր ժողովուրդն ունի բազմաթիվ տաղանդավոր զավակներ:

Ուրեմն փա՛ռք մեր ժողովրդին և փա՛ռք մեր հերոսներին»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Էդուարդո Էռնեկյանը իր համար մեծ պատիվ է համարել հայրենիքի բարձրագույն պարգևին արժանանալը, երախտագիտություն հայտնել Հանրապետության Նախագահին և ընդգծել, որ այն ընդունում է մեծ պատասխանատվության զգացումով և խոնարհությամբ:

«Պարո՛ն Նախագահ, շնորհակալ եմ Ձեր ջերմ խոսքերի համար: Իրոք, մեծ պատիվ է լինել այսօր այստեղ, ստանալ Ազգային հերոսի շքանշանը, որը Դուք ինձ շնորհել եք:

Ես այն ընդունում եմ անչափ մեծ խոնարհությամբ և պատասխանատվության զգացումով:

Իմ սիրելի ծնողների և ավագ եղբոր մասին հուշերը ինձ համար կենդանանում են այսօր:

Ինչպես գիտեք, Անդրանիկը՝ իմ եղբայրը, ով բժիշկ էր, միավորեց իր խիզախ հայրենակիցներին, մեր նախնիների հողը՝ Արցախը, պաշտպանելու նպատակով, ինչպես արեցիք Դուք, պարո՛ն Նախագահ:
Ես կիսում եմ այս պատիվը նրանց հետ, որովհետև ես ժառանգել եմ հայրենասիրության, զոհաբերության և ծառայության ոգի, որն ինձ պարտավորեցնում է կանգնել Հայաստանի՝ մի երկրի կողքին, որը շատ բան է տվել դարերի ընթացքում:

Որպես հայկական ծագումով Արգենտինայի քաղաքացի՝ ես համարում եմ, որ իմ պարտքն է միանալ բոլոր իրական հերոսներին, ովքեր ամեն օր այս պետությունը հզոր են դարձնում, կյանքի են կոչում մեր նախնիների տեսլականը և կերտում այսօրվա ու վաղվա երկիրը: Իմ երախտագիտությունն ու հիացմունքն եմ հայտնում նրանց բոլորին և իմ արգենտինահայ ընկերներին, ովքեր շատ բան են անում այս պետության համար:

Թող այս մեդալը լինի մեծարանք բոլոր վերոհիշյալների համար և ժառանգություն՝ գալիք սերունդներին: Նրանց բոլորին հայտնում եմ իմ շնորհակալությունը: Ես վայելում եմ ժողովրդի հարգանքը: Հայաստանի ապագայի համար ամեն օր աշխատող մարդիկ են այս պահի իրական հերոսները:

Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ»,- ասել է Էդուարդո Էռնեկյանը:

Նախագահի նստավայրում Էդուարդո Էռնեկյանին Հայաստանի բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ջերմագին շնորհավորանքները և Հայրապետական օրհնությունն է բերել երախտավոր հայորդուն պետական բարձր պարգևի արժանացնելու կապակցությամբ:

«Գոհունակ սրտով ենք մասնակցում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից մեր ժողովրդի ու մեր Սուրբ Եկեղեցու մեծազնիվ զավակ տիար Էդուարդո Էօրնեկյանին «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչման ու պարգևի հանձնման այս հանդիսավոր արարողությանը: Պարգևը արժանի գնահատանք է ազգային կյանքում մեծ բարերարի ավանդի ու ծառայությունների, որոնք առատ արգասիքներն են նրա բարեպաշտ հոգու և ջերմ ազգասիրության ու հայրենասիրության:
Փառք և գոհություն Ամենակալ Աստծուն, որ մեր ժողովրդին շնորհում է զավակներ, ովքեր իրենց կյանքը նվիրում են դարձնում հարազատ ժողովրդին ու հայրենիքին ծառայությունը:

Սփյուռքում ծնված շատ հայորդիների նման տիար Էդուարդո Էօրնեկյանը չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների հանդեպ և անկախ պետականության առաջին իսկ օրից ազնիվ հանձնառությամբ իր զորակցությունը բերեց Հայաստանին ու Արցախին: Նրա բարերարությամբ կյանքի կոչված մեծածավալ ծրագրերը կարևոր նպաստ են մեր երկրի տնտեսության զարգացման գործում, ինչպես և՝ նշանակալի աջակցություն կրթությանն ու մշակույթին: Սրտի գոհունակությամբ ենք անդրադառնում նաև, որ տիար Էդուարդո Էօրնեկյանը սատարում է մեր Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը՝ իր մեծ ավանդը բերելով հոգևոր մեր կյանքի պայծառացմանը: Այսպիսի օրհնաբեր իրագործումներով, որոնք զորացնում ու բարօր են դարձնում մեր հայրենիքը, շենացնում ազգային-եկեղեցական կյանքը, գրվում են մեր ժողովրդի նորօրյա պատմության փառքի էջերը:

Այս պահին կցանկանայինք առանձնացնել նաև, որ մեր ժողովրդի բարերար զավակների նվիրումը, իրագործվող ազգանվեր ու հայրենաշեն ծրագրերը, բոլորիս համար մեծ քաջալերություն լինելով, միաժամանակ վառ օրինակ են պատանի և երիտասարդ հայորդիների և գալիք սերունդների համար: Թող այսպես լինի միշտ, թող Բարձրյալ Տերը մեր զավակներին հանապազ շնորհի բարեպաշտության, հայրենյաց սիրո, պատասխանատվության ու նախանձախնդության ոգի, և մեր կյանքից անպակաս լինի պարծանքը ազնիվ գործերի:

Այս ուրախալի առիթով Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, սիրելի՛ պարոն Էօրնեկյան և մաղթում արևշատ կյանք ու նոր հաջողություններ՝ Ձեր և Էօրնեկյան բարեգործ գերդաստանի ազնիվ նախաձեռնություններին ու գործերին:

Հայրապետական Մեր օրհնությունը, գնահատանքը և շնորհավորանքն ենք բերում Ձեզ, մեծարգո՛ Նախագահ, ազգային անդաստանում բացառիկ ծառայություններ մատուցած երախտավոր հայորդիներին պետական բարձր պարգևների արժանացնելու համար:

Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն աշխարհասփյուռ հայ կյանքի շենացման ու պայծառության»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

Հրդեհ՝ մանկահասակ երեխայի մահվան ելքով․ հարուցվել է քրգործ

$
0
0

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:

2017թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ահազանգ է ստացվել առ այն, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատներից մեկում, որտեղ հայտնաբերվել է 2013թ.  ծնված երեխայի դի՝ մասնակի այրված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի դատավարական այլ գործողություններ:

Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ մանկահասակ երեխան տանը գտնվել է մենակ. մայրը մյուս երեք երեխաների հետ տանից բացակայել է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի առաջացման պատճառները, երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Ադրբեջանական «հերոսությունը»՝ Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում

$
0
0

Ֆրանկֆուրտում, հոկտեմբերի 12-ին, գրքի տոնավաճառի ժամանակ ադրբեջանցիները հայկական տաղավարից գողության փորձ են արել:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը մանրամասներ է հայտնել՝ նշելով հետեւյալը.

«Հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Հայաստանի տաղավար է մտնում երկու ադրբեջանցի, վերցնում գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի եւ Արցախի մի քանի քարտեզ եւ Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տանում դրանք իրենց հետ:

Մերոնք կարգի հրավիրելու պահանջով հետեւում են այս երկուսին մինչեւ Ադրբեջանի տաղավար, եւ ես իրենց տաղավարում արդեն ուժով հետ եմ վերցնում քարտեզներն ու վերադառնում:

Անմիջապես տաղավար եմ կանչում ցուցահանդեսի անվտանգությանը եւ ոստիկանությանը, նաեւ ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին եւ այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրում է եւ խոստանում միջոցներ ձեռնարկել: Ցուցահանդեսի ղեկավարությունից պահանջել եմ մի սեղանի շուրջ նստեցնել իրենց տաղավարի պատասխանատուի հետ եւ դեռ սպասում եմ:

Այս ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է (թեեւ ամեն կերպ փորձում էին խանգարել նկարահանելուն), եւ մենք կփորձենք այն առաջիկայում հրապարակել:


Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում տեսնում եմ, որ իբրեւ թե իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար եւ պատռել քարտեզներ: Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար:

Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակչռում է գրականությանն ու մշակույթին (տես մի քանի օրինակ կցված նկարներում)»:

Երեւանը` յուրատեսակ «թակարդ» երեւանցիների համար

$
0
0

Այսօր՝ աղետների նվազեցման միջազգային օրվա առիթով ԱԺ- ում կազմակերպվել էին լսումներ՝  «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով:

Քննարկման ընթացքում նշվել է, որ տեխնածին աղետների առումով, այսինքն՝ մարդկային գործունեության հետեւանքով, ՀՀ տարածքում ամենավտանգավոր տարածքներն են Լոռին, Սյունիքը եւ Երեւանը:

Տեխնոգեն աղետների տեսանկյունից Հայաստանի ամենավտանգավոր կառույցը Մեծամորի ատոմակայանն է:

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը սկզբունքորեն դեմ է ատոմային էներգետիկային, բայց պատմականորեն այնպես ստացվեց, որ հենց նա էր գլխավորել ՄԱԳԱՏԷ մեկնած հայաստանյան պատվիրակությունը:

Գնացել էին խնդրելու միջազգային օգնություն՝ ատոմակայանն անվտանգ վերագործարկելու համար: Սկզբունքներին դեմ գնալու համար Կարինե Դանիելյանն ուներ մեկ հիմնավորում:

Ադրբեջանն այսօր խնդիրը շահարկելով կրկին արշավ է նախաձեռնել Հայաստանի դեմ՝ այս անգամ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում»:

Էներգետիկ անվտանգության մասին զեկույցում ադրբեջանական պատվիրակության կողմից մեղադրանքներ են ներկայացնում, որ Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանային սպառնալիք է, այդ պատճառով առաջարկում են համապատասխան քայլեր ձեռնարկել։

Եվրանեսթում արժանի հակահարված տալու համար որոշակի պարզաբանումների կարիք է զգում ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այս հարցում անկեղծ է՝ ատոմակայանը ռիսկային էր հենց կառուցման եւ շահագործման պահից՝ Խորհրդային Միության ժամանակից։

Իրականում ինչ նկատի ունեն ադրբեջանցիները: Կարինե Դանիելյանը լավատեղյակ է՝ խոսքը սեյսմիկ ռիսկի մասին է:

Ոչ թե քաղաքական մոտեցում, այլ հստակ քաղաքականություն է Հայաստանին անհրաժեշտ աղետների ռիսկերի նվազեցման հարցում: Բնական աղետների տեսանկյունից Հայաստանում արդիական են մի շարք խնդիրներ՝ երկրաշարժի, սելավների, սողանքների վտանգները, անապատացումը եւ Սեւանա լճի հիմնախնդիրը:

Այս ամենի կողքին վտանգներ է ստեղծում նաեւ մարդու գործունեությունը՝ առաջացնելով տեխնածին աղետների ռիսկեր: ՀՀ տարածքում ամենավտանգավոր գոտիներն են Լոռին, Սյունիքը եւ Երեւանը: Լոռին եւ Սյունիքը թիրախավորված են հանքարդյունաբերության եւ պոչամբարների առատության պատճառով: Այս առումով բնությունը նախազգուշական պատասխան արդեն տվել է՝ զգուշացնում է Կարիեն Դանիելյանը:

Դիտարկվող խնդրի տեսանկյունից բնակիչների համար առավել վտանգավոր է Երեւանը, որը յուրատեսակ «թակարդ» է դարձել երեւանցիների համար՝ հատկապես չմտածված շինարարության տեսանկյունից: Շատերը նույնիսկ չգիտեն, որ գոյություն ունի կառավարության որոշում, որ Օպերայի եւ բալետի շենքի մոտակայքում կառուցվող շենքերը պետք է լինեն առավելագույնը 5 հարկ եւ բարձր չլինեն թամանյանական այդ շենքից։

Փաստորեն, Հյուսիսային պողոտան ամբողջությամբ այդ որոշման ակնհայտ ոտնահարումն է: Նմանատիպ բազմաթիվ խախտումների թվարկումը մտահոգում է ինչպես արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին, այնպես էլ  տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին:

 


Ընդհանուր առմամբ՝ աղետների ռիսկերի նվազեցման հարցում միայնակ պայքարը որեւէ արդյունք չի տա: Շահագրգիռ կողմերը պնդում են, որ պետք է աշխատեն միասին՝ 4 ուղղությունով միաժամանակ: Պետք է ապահովվի օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ու միջազգային կառույցների փոխգործակցությունը: Օտարերկրացիներին, ի դեպ, հայ փորձագետները խորհուրդ են տալիս հետեւել ոչ միայն օրենսդրական դաշտում անհրաժեշտ կարգավորումներին, այլեւ դրանց իրականացմանը։

Viewing all 5459 articles
Browse latest View live