Արցախի զբոսաշրջության ոլորտում 2017 թվականին զգալի աճ է գրանցվել: Չնայած հարևան երկրի հոխորտանքներին ու Արցախ այցելողների դեմ կիրառվող «պատժամիջոցներին», այն գրավում է արտասահմանցի զբոսաշրջիկներին հարուստ բնությամբ, հուշարձաններով, խոհանոցով և, թերևս, ամենակարևորը՝ մարդկանցով: Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Արտակ Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ այսօր ոլորտի զարգացման լուրջ ծրագրեր են մշակվում Արցախում:
Օտարերկրյա զբոսաշրջիկների թվի 66 տոկոսանոց աճ նախորդ՝ 2016 թվականի համեմատ: Արցախի զբոսաշրջության ոլորտում 2017-ին գրանացված այս ցուցանիշը Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Արտակ Գրիգորյանը բնորոշում է ՝ աննախադեպ, բայց և հավելում է. «2016-ի ապրիլյան պատերազմի պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազել էր շուրջ 13 տոկոսով»: Զբոսաշրջության ոլորտում կառավարության ջանքերն այսօր ուղղված են ոչ միայն նախորդ տարիների ցուցանիշների վերականգնմանը, այլև ոլորտի լուրջ և կայուն զարգացմանը:
Արտակ Գրիգորյանի խոսքով, հենց այս պահին մշակվում է «Մելիքների հետքը» զբոսաշրջյին երթուղին, որը ներառում է Արցախի պատմաճարտարապետական բոլոր այն հուշարձանները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են արցախյան մելիքներին: Երթուղին ենթադրում է այցելություններ մելիքական ապարանքներ, օրինակ՝ Տողում գտնվող Մելիք Եգանի ապարանքը, որը, զրուցակցիս բնորոշմամբ, եզակի հուշարձան է, այստեղ գործում է նաև թանգարան: Արցախի ամենահայտնի՝ Գանձասարի, Ամարասի, Շուշիի, Տիգրանակերտի պատմաճարտարապետական հուշարձաններից զատ, այս հուշարձանը ևս կարող է հետաքրքրել հատկապես հայաստանցի զբոսաշրջիկներին:
Արցախի կառավարության աշխատանքային օրակարգում է նաև Հյուսիսային զբոսաշրջային երթուղու զարգացման ծրագիրը, որը զբոսաշրջության ոլորտում զգալի ակտիվություն առաջացրած Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման ու գործարկման ենթատեքստում է:
Հյուսիսային զբոսաշրջային երթուղու զարգացման նախագիծը ենթադրում է հուշարձանների ու զբոսավայրերի զարգացման ծրագրեր, ենթակառուցվածքների ստեղծում, սպասարկման ծառայությունների բարելավում և այլն: Երթուղու մեկնարկային կետը Արցախի խորհրդանիշ համարվող «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողն է: Արցախի հյուսիսային մասով այն կշարունակվի դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, Գանձասարի, ապա՝ Դադիվանքի վանական համալիրներ՝ հասնելով մինչև Զուարի «Տաք ջրեր» կոչվող վայրը: «Վարդենիս- Մարտակերտ մայրուղու կառուցումն իր դրական ազդեցությունն է ունեցել կյանքի բոլոր բնագավառների վրա, այդ թվում և զբոսաշրջության »,-ասում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը
«Տարբեր հարցումների ու ուսումնասիրությունների միջոցով մենք փորձում ենք հասկանալ՝ ինչով է Արցախը գրավում զբոսաշրջիկներին: Իհարկե բնությունը, մշակույթը, համեղ ու ինքնատիպ խոհանոցը, բայց Արցախի ամենամեծ գրավչությունը արցախցին է»,-զբոսաշրջիկների հիմնական տեսակետն է փոխանցում Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Արցախցիների տոկունությամբ ու հյուրասիրությամբ հիացած զբոսաշրջիկներից մեկն էլ ԱՄՆ-*ից ժամանած Անահիտն է։ «Արցախում ամենաշատը արցախցիներն են ինձ դուր գալիս:Որքան հյուրասեր են, իմաստուն ու նվիրված իրենց հողին: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, նրանք երբեք չեն լքի իրենց հողը: Ես միայն այստեղ հասկացա, թե ինչ է Մենք ենք, մեր սարերը»:
Արցախի զբոսաշրջային գրավչությունն ապահովելու համար այստեղ կարևորում են նաև խոհանոցը: Մշակվում է հատուկ ճաշացանկ՝ արցախյան ինքնատիպ ուտեստներով՝ ժինգյալով հաց, խաշիլ, կուրկուտ և այլն: «Առողջ խոհանոց ենք առաջարկում մեր հյուրերին»,-ասում է արցախցի զրուցակիցս: