Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Սարչապետում վատ չեն ապրում, բայց արտագաղթում են

$
0
0

Վրաստանին սահմանակից Սարչապետ գյուղի գրեթե բոլոր բնակիչներն ապրում են արտագնա աշխատանքի շնորհիվ։ Այստեղ ընտանիք չկա, որի անդամներից մեկը չաշխատի Ռուսաստանում։

Գյուղացիներն արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ գյուղը դարձել է ամառանոց։ Նույնիսկ կատակում են` գյուղում մի աշխատատեղ կա՝ գյուղապետի։

Չնայած գյուղապետերը  վստահեցնում են, որ իրենց աշխատանքը եկամտաբեր չէ, բայց  ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի զբաղեցնեն  այդ պաշտոնը։ Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը, որը համայնքը ղեկավարում է 2008 թ.-ից, ասում է, որ իր գործը շատ է սիրում, բացի դա  իր պապը 40 տարի  կոլտնտեսության նախագահն է եղել, ղեկավարելու սինդրոմը նրան  փոխանցվել է գենետիկորեն:

Սարչապետը Վրաստանի սահմանակից գյուղ է, այստեղ բնակիչներն ապրում են արտագնա աշխատանքով։ Գյուղապետն  էլ չի թաքցնում, որ   իր ընտանիքի եկամուտն էլ գոյանում է  դրսից եկած փողերով։

Թե ինչու է գյուղը կոչվել Սարչապետ,  տեղի բնակիչները ստույգ չգիտեն: Ասում են՝ պարսկերենի բարբառներից մեկով  «թռչնաբույն» է նշանակում։

Գյուղացիներից մեկը հումորով նկատում է, որ այսօր գյուղն իսկապես բույն  է դարձել շատերի համար։ Նրանք միայն  ձմռան են  լինում իրենց տանը, գարունը  բացվելուն պես մեկնում  են  Ռուսաստանի Դաշնություն։

Մետաքսյա Մխոյանը պատմում է, որ ամուսնությունից հետո  մեկ տարի էլ չէր անցել, երբ ամուսինը մեկնեց  արտագնա աշխատանքի։ Երկու երեխաների դաստիարակությամբ հիմնականում ինքն է զբաղվել, հիմա  էլ նույն ճակատագիրը սպասվում է նրանց, ապա թոռներին:

Բնակլիմայական պայմաններն այստեղ այդքան էլ բարենպաստ չեն։ Ցուրտ է նույնիսկ ամռանը: Հետևաբար՝ աճեցնում են միան կարտոֆիլ, սոխ և զբաղվում անասնապահությամբ: Սարչապետը Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերից չէ, որտեղ հող մշակելը վտանգավոր է ու շատ հաճախ անհնար։ Բայց Վրաստանի սահմանակից այս գյուղում կարոտով հիշում են խորհրդային կոլտնտեսությունը, երբ գյուղում կային մի քանի փոքրիկ արտադրամասեր ու կարի  ֆաբրիկա:

Ֆաբրիկան կանանց համար լրացուցիչ վաստակի տեղ էր։ Գյուղացիները նույնիսկ հաշվել են, թե տարին քանի անձրևոտ օր ունի, որ իմանան` կանայք դաշտի փոխարեն երբ գնան ֆաբրիկա։

Իսկ  այժմ որևէ արտադրամաս  չկա։ Ավելին՝ 5 տարի առաջ բացված  պանրագործարանը  մի քանի տարի  հետո փակվեց:  Գյուղապետն ասում է, որ շուկայում չկարողացավ իր դիրքն ապահովել ու բիզնես տեսանկյունից շահութաբեր լինել։ Սարչապետում  արդեն  համակերպվել են այն մտքի հետ, որ գյուղը դարձել է ամառանոց։ Նույնիսկ կատակում են` գյուղում մի աշխատատեղ կա՝ գյուղապետինը, հողի վրա աշխատելը աշխատանք չի համարվում։ Գյուղապետին էլ  զարմացնում  է հարցը, թե ինչպես սոցիալապես անապահով գյուղացին ձայնը տալիս է  ՀՀԿ- ական գյուղապետին:

Գյուղապետարանից դուրս ենք գալիս ու սկսում պտտվել գյուղի  փողոցներով ու հանդիպում 12 -ամյա Արման Բարսեղյանին։ Նա սովորում է տեղի միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանում: Արմանը ասում է, որ առաջին տարին է, ինչ հայրը չի մեկնել  արտագնա աշխատանքի, այստեղ է աշխատանք գտել:

Ինքն էլ դեռ չգիտի  դպրոցն ավարտելուց հետո կմնա՞ գյուղում, թե՞ ոչ. Բայց արդեն հստակ որոշել է, որ ճարտարապետ է դառնալու ու գյուղում կառուցելու է    բնակարաններ, հիվանդանոց ու խաղահրապարակ:

Սարչապետը  հիմնել են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը 1928-29թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Վերջին երկու տարիներին ծնելիությունը նվազել է, քանի որ գյուղից արդեն մեկնում են ընտանիքներով: Ժամանակին 900 հոգանոց աշակերտ ունեցող դպրոցում այսօր սովորում են մոտ 170-ը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles