Բուհ-ական նոր օրինագիծը բավարար հիմքեր չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացման համար, ահազանգում են հաշմանդամություն ունեցողները։
Օրինագիծը չի քննարկվել նրանց և նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ: Հաշմանդամություն ունեցողները պնդում են, որ նոր օրինագիծը ոչ միայն իրենց շահերից չի բխում, այլև ոտնահարում է իրենց հավասար կրթության իրավունքը:
Եթե դպրոցները շատ թե քիչ հաջողվել է ներառական դարձնել, ապա դպրոցի հաշմանդամություն ունեցող շրջանավարտը չի կարող բարձրագույն կրթություն ստանալ:
ՀՀ-ում, բացառությամբ Ամերիկյան համալսարանի, որևէ բուհ հարմարություններ չունի:
Սահող հատակներից մինչև բարձր աստիճաններ. Աննա Իսկուհի Ավետիսյանը հենց նման անմատչելի միջավայրում է 5 տարի սովորել Հայաստանում ֆրանսիական համալսարանում:
Տեղաշարժման դժվարություններ ունեցող ուսանողուհին շենքում տեղաշարժվել և կրթություն է ստացել բացառապես մոր և ընկերների օգնությամբ:
Այսօր էլ միասին ուղևորվեցինք այն բուհը, որը տարիներ առաջ է ավարտել Աննան: Իր ավարտելուց հետո համալսարանը շատ է փոխվել: Հազիվ ճանաչեց:
Ինչպես ասում է՝ ավելի գունեղ է դարձել, ընդարձակվել, բայց մատչելիության հարցը լուծվել է այնքանով, որ մուտքի աստիճանների մոտ բռնակ է ավելացել, որն իր ժամանակ չկար. ..Ի դեպ Աննան այն շրջանավարտներից է, որին այսօր էլ մեծ ջերմությամբ են դիմավորում բուհում:
Աննան բուհում հիմնականում սովորել է 202 և 207 լսարաններում, որոնց երբեմնի տեղում այսօր համասարանի գրադարանն է: Թերևս հենց դա էր պատճառը, որ չկարողացանք մեծ պատկերացում կազմել նրա ուսումնառության դժվարությունների և դրանց հաղթահարման մասին:
Հաշմանդամությունը տարբեր է լինում, կարիքները՝ նույնպես: Ներառական կրթության մասին խոսելիս Աննան առանձնացնում է միայն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որտեղ շատ թե քիչ այդ կարիքները հաշվի են առնված: Իսկ այ բարձրագույն կրթության բնագավառում խոսում է բացառապես հարմարությունների բացակայության մասին:
Աննան այժմ մասնագիտությամբ իրավաբան է, զբաղվում է մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ: Առհասարակ՝ Աննան իրեն այն եզակի երջանիկներից է համարում, որոնք չնայած դժվարություններին, կարողացել են դրանք հաղթահարել ու երբևէ խտրական վերաբերմունքի չեն հանդիպել: Իսկ ամենաերջանիկը դպրոցական տարիներն էին:
Որևէ խտրական վերաբերմունքի չի հանդիպել ոչ ուսուցիչների, և ոչ էլ դասընկերների կողմից: Կարծում է, որ հաշմանդամություն ունեցող անձի հանդեպ վերաբերմունքը հենց հաշմանդամություն ունեցող անձից է գալիս:
Աննան, ի դեպ, միակը չէ, որ սեփական նպատակասլացության շնորհիվ կարողացել է հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել բավականին լուրջ հաջողությունների:
Արմինե Ղազարյանն էլ տեսողության խնդիր ունի: Չնայած բոլոր անհարմարություններին 3 մագիստրատուրա է ավարտել և սովորելու փորձ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Խոչընդոտներն ուղեկցել են ամբողջ կյանքում, ու չնայած այդ ամենին, այսօր փայլուն և պահանջված մասնագետ է դարձել:
Ամենամեծ դժվարություններին թերևս բանասիրության ֆակուլտետում է հանդիպել, հատկապես, երբ պետք էր կարդալ ու շատ կարդալ:
Արմինեն հասկանում է, որ Հայաստանը փոքր երկիր է և յուրաքանչյուր բուհ չի կարող բոլոր հարմարությունները ստեղծել:
Միևնույն ժամանակ կարծում է, որ կարելի է հիմնել մեկ ընդհանուր գրասենյակ, որը կզբաղվի բոլոր բուհերում սովորող հաշմանդամություն ունեցող ուսանողների ուսումնառության աջակցությամբ: Ժամանակին կրթության և գիտության նախարար դառնալու երազանք-նպատակ ունեցող Արմինեն այժմ աշխատում է կրթության ազգային ինստիտուտում, որտեղ էլ ներառական կրթության մասին նյութեր է թարգմանում:
Մինչ Աննան ու Արմինեն հաղթահարում են անմատչելի միջավայրը և բոլոր մյուս դժվարությունները ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքներ են գրում և ընդունում մարդիկ, ովքեր լավ տեսնում են, լսում ու քայլում:
Թեքահարթակային այս մտածողությունը արդեն հոգնեցրել է, ոտնահարվում է անգամ հավասար կրթության իրավունքը՝ ահազանգում է «Դիսըբիլիթի-ինֆո» հկ նախագահ Զարուհի Բաթոյանը:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին այս հարցը բազմիցս է տրվել տարբեր ամբիոններից, այդ թվում ԱԺ-ում բուհ-ական նախագիծը ներկայացնելիս: Բոլոր ժամանակներում նախարարի պատասխանը մեկն է. ցանկությունը մեծ է, գումարներ չկան:
Ֆինանսական խնդիրների պատճառաբանությունը շատ վիրավորական է, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց Զարուհի Բաթոյանը: Ի վերջո խոսքը մարդու իրավունքների մասին է, իսկ կրթությունը մարդու հիմնարար իրավունքն է: