Հայաստանում ունենք պատմամշակութային կոթողներ, որոնք թաքնված են զբոսաշրջիկի աչքից նաեւ անբարեկարգ ճանապարհների ատճառով:
Բայց եթե զբոսաշրջիկը մի փոքր համբերություն, իսկ երբեմն նաեւ՝ համարձակություն ունենա եւ հաղթահարի դժվար ու երբեմն վտանգավոր ճանապարհը, նրա առջեւ կբացվեն հայոց աշխարհի գողտրիկ անկյունները:
Այդպիսի մի անմոռանալի ճանապարհորդություն են «Ռադիոլուր»-ի հետ անցել գերմանացի զբոսաշրջիկները:
Ճանապարհը գնալով ավելի անբարեկարգ է դառնում, ավելի անանցանելի: Հյուրերս գերմանացիներ են: Նրանց համար Հայաստանն օտար ու անծանոթ անուն չէ: Երկրում առաջին անգամ չեն, ու երբ խոստանում եմ ցույց տալ ապշեցնող մի վայր, հպարտ ժպտում են ու վարժ արտաբերում՝ «Գառնի, Գեղա՞րդ»: Պարզ է՝ հայաստանյան տեսարժան վայրերով ու պատմամշակութային կոթողներով հասցրել են զարմանալ, ճանաչել:
Բայց իմ խոստացած տեղը, վստահ եմ, կհիացնի: «Եզակի ճարտարապետական կոթող»՝ արդեն Վայքում ներկայացնում է Հուշարձանների պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետի տեղակալ Համլետ Եղիազարյանը՝ ուղեկցելով Մարտիրոս գյուղի Վիմափոր եկեղեցին՝ 1286 թվական:
«Ճարտարապետական կառույցով եզակի եկեղեցիներից մեկն է, որը կառուցված է վերեւից. վերեւից են քանդելով իջել, հետո դուռը բացել: Միայն գավիթն է առանձին քար, մնացածը մեկ ամբողջական ժայռաբեկորի մեջ է: Դրա համար կոչվում է ժայռափոր, վիմափոր: Եկեղեցին ծառայել է նաեւ որպես բերդ-ամրոց, թաքստարան: Եկեղեցուց մինչեւ գետ կա մարդաբոյ բարձրությամբ ստորգետնյա ուղի: Մարդիկ, պատահել է, ամիսներով այստեղ պաշարված են մնացել, ու հենց եկեղեցուց այդ ուղով գնացել 700-800 մետրից՝ գետից ջուր են բերել»:
Ստորգետնյա ուղին հիմա փակ է, փլուզումներ են եղել, մի անգամ էլ գյուղի արկածախնդիր երիտասարդները փորձել են իջնել ու արգելափակվել են: Վանքի մասին լեգենդներ կան՝ ներսում հավաքվող ջուրն անցկացնում է վախերը, բուժում:
«Օրական 50-100 զբոսաշրջիկ ենք ընդունել. նախկինում տեղը չգիտեին: Գալիս են, երբեմն դժվարանում բացատրել, քարտեզի վրա մատնանշում են, հասկանում ենք՝ Վիմափորն են ուզում»:
Ժպիտները սառում են նոր Մարտիրոսից հին Մարտիրոս անբարեկարգ ճանապարհին: Իսկ երբ Համլետի ուղեկցությամբ հին գյուղից էլ ենք դուրս գալիս ու դաշտերի, հանդակների միջով՝ լեռնոտ ճանապարհով ուղեւորվում Վիմափոր եկեղեցի, բառերն էլ են կորչում: Փոխարենը չափազանց շատ պատմելու բան ունի մշակութագետ զրուցակիցս: Վանքը բնորոշվում է այնպիսի բառերով, որոնց համարժեքը գերմաներենով դժվարանում եմ գտնել. նախադասություններ են պետք: Հասնում ենք: Եկեղեցի են փնտրում: Չկա: Սարի մեջ է, տեղը չիմանաս՝ կողքով անցնես, չես տեսնի: Անպատկերացնելի է: Ցուցանակները հուշում են՝ Նզար լեռան ստորոտում ենք:
«Աշխարհում չկա նմանատիպը, նման է միայն Գեղարդը: Սա եկեղեցի չէ, այլ եկեղեցական համալիր՝ խցերով, խորանով: Մեծ, հիասքանչ, հոյակերտ»:
Զրուցակիցս ծնունդով Մարտիրոսից է: Համլետի չորս երեխաները Երեւանում են, սեփական տունը՝ Վայքում, բայց սիրտը հայրական տնից չի կտրվում:
«Տունս նորից կառուցել եմ: Ով գալիս է՝ խնդրում է՝ գանք ձեր բակում մի բաժակ խմենք»:
Հայերեն ճարտար խոսքը Մարտիրոսի մասին պատմելիս փոխարինվում է տեղական բարբառով, որ նախնիներն են բերել Պարսկաստանի Խոյ եւ Սալմաստ գավառներից:
«Մարտիրոսը 7 գաղթ է ունեցել: Միակ գյուղն է, որ ունի անձնագիր՝ մեծ հոյակերտ խաչքար, որը հին Մարտիրոսի կենտրոնում է՝ 1283 թվական»:
Համառ, հումորով, խելացի, երբեմն՝ սուր, կռվարար. մարտիրոսցիներն են:
«Մարտիրոսի, մարտիրոսցիների մասին լեգենդներ են պատմում: Ունեցել ենք աժդահա, հսկա մարդիկ: Այսօրվա ծանրորդները նրանց բարձրացրած ծանրության կեսի չափով էլ չեն բարձրացնում»:
Հյուրերս եվրոպական սիրալիրությամբ լսում են, երբ ճանապարհին պատմում ենք գյուղի պատմությունը:
«Վիմափորը կառուցվել է Պռոշ Իշխանի կարգադրությամբ, որի մարմինը թաղված է այս եկեղեցու գավթում»:
Ծովի բարձրությունից 2030 մետրի վրա ենք: Վիմափորից ներքեւ ու վերեւ՝ շլացուցիչ գեղեցիկ:
Մարտիրոսի շրջակա դաշտերում զգույշ է պետք քայլել: Վտանգավոր չէ: Ուղղակի գարնանն այստեղ ձնծաղիկները ոտքի տեղ չեն թողնում: Ամռանը կակաչների ու մանուշակագույն ծաղիկների չքնաղ գորգը տրորել սիրտդ չի թույլատրում: Մենք Մարտիրոս ու Մարտիրոսից հյուսիս-արեւելք՝ լեռների սրտում գտնվող Վիմափոր այցելում ենք խոր աշնանը: Ձյուն չկա: Գերմաքուր օդ, գերհզոր էներգետիկա, ոտքերիդ տակ՝ չպեղված հզոր դամբարանադաշտ: Դարերը հավերժացրել են եկեղեցին, իսկ պահպանման ու ճանապարհի հարցերը թողել ներկա սերունդներին:
«Ամեն օգոստոսի վերջին շաբաթը Վիմափորի օրն է: Գյուղի, ձորի ժողովուրդը հավաքվում է այնտեղ դհոլ-զուռնայով, կերուխումով»:
Զբոսաշրջիկ հյուրերս անդադար նկարում են՝ կարծես շտապելով չուշանալ: Ֆոտոներով հետո բազմաթիվ մարդկանց պիտի փոխանցեն իրենց հիացմունքը, մարդկանց, ովքեր, հաստատ, անպայման կհարցնեն՝ իսկ որտե՞ղ է Մարտիրոսը, ու ինչպե՞ս հասնել Վիմափոր: