Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

«Պլաստիկե» բրինձը բացարձակ անվտանգ է, հավամիսը՝ խիստ վտանգավոր

$
0
0


Պլաստիկե բրնձի մասին լուրերը հերքվում են, հաստատվում՝ հավամթերքի շուկայում տոննաներով վտանգավոր մթերքի առկայության լուրերը: Թռչնամիս ներկրող բոլոր 16 ընկերությունները ստուգվել են:

Բրազիլական, ռուսական եւ ուկրաինական մի շարք ընկերություններից ներկրված հավի մսի կոնկրետ օրերի արտադրանքը ճանաչվել է վտանգավոր՝ սալմոնելայով, լիստերիայով վարակված:

Խախտում թույլ տված ընկերություններից ներկրումը այսուհետ կատարվելու է ուժեղացված լաբորատոր փորձաքննության ներքո՝ մանրամասնել է Սննդամթերքի անվտանգության ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: Այժմ նաեւ տեղական թռչնամիսն է ուսումնասիրվում:

Պլաստիկե բրնձի հարցը մի տանտիկնոջ խոհանոցից դուրս եկավ, ողողեց համացանցը, մտահոգեց մարդկանց, ապա հասավ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Այստեղ արձագանքել են ու գնացել ոչ միայն բրնձի խմբաքանակի, այլեւ հատիկների հետեւից:

Իրացման կետում մնացած 3 կգ-ի կեսը բերել են լաբորատորիա, նմուշառել-փորձաքննել, այրել-հոտ են քաշել, եփել-համտեսել,  զգայաբանական հետազոտություն կատարել՝ պատմում է ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ  Վահե Դանիելյանը:

«Ինչեւէ, մենք բացառել ենք դրա սինթետիկ ծագումը: Ընդամենը բրինձը ցածրակարգ, կոտրատված բրինձ է, իսկ անվտանգության ցուցանիշներով բացարձակ անվտանգ է, ոչ մի պլաստիկի մասին մենք խոսել չենք կարող»: 

Մինչ ծառայությունը մի կողմից փորձում է փարատել բրնձի հետ կապված մտահոգությունները, մյուս կողմից թռչնամսի շուկայում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերում են մանրէաբանական խախտումներ: Բրազիլական «Frangosul», «SEARA», ռուսական «Պրեմիում» եւ «Мироторг», ուկրաինական «Qualiko» ֆիրմայի հավամթերքի որոշ օրերի արտադրաքանակը վարակված է սալմոնելայով, լիստերիայով, վտանգավոր է և օգտագործման համար անպիտան:

Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը կարգադրել է տոննաներով վտանգավոր ճանաչված խմբաքանակների իրացումը կասեցնել, իրացման ցանցից հետ կանչել, ոչնչացնել: Արդյո՞ք վտանգավոր միս այլեւս չկա շուկայում. Դանիելյանը վստահ չէ, բայց  շեշտում է՝ իր ընտանիքն էլ է խանութից միս գնում:

«Կազմակերպության անվանում, ապրանքանիշ, արտադրման ամսաթիվ, սա լրիվ բավարար է, որպեսզի քաղաքացին կարողանա նույնականացնել վտանգավոր մթերքը ու խուսափել դրանից»:

Վահե Դանիելյանը, սակայն, վրդովվում է «Ռադիոլուր»-ի դիտարկումից, թե հերթական անգամ իրենց ծառայությունը խնդիրն արձանագրում է միայն սպառողների շահերի պաշտպանների բողոքներից հետո, երբ վտանգավոր մթերքն արդեն հասել է իրացման ցանց ու մարդկանց խոհանոց:

«Ինձ թվում է՝ թյուր կարծիք է, որ ասում են՝ բոլորն իմանում են, իսկ ծառայությունը վերջում է իմանում: Երբ մենք 1200 պետական վերահսկողության միջոցառում ենք արել, 100-ից ավելի տնտեսվարողի գործունեություն ենք կանխել, դուք ինձ չեք կարող ցույց տալ գոնե 50 մարդու, որոնք դրա մասին մինչ այդ խոսում էին: Այս փաստը եզակի դեպք է»:

 


Վտանգավոր և օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիս՝ շուկայում

Նույն համատեքստում պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը պնդում է՝ 2017-ը ցույց տվեց, որ մեր սահմանն առավել քան խոցելի է:

«Դա նշանակում է՝ մենք ունենք մաքսավոր, որը կարող է կաշառքով թողնել ադրբեջանական ծագման խնձոր, նշանակում է սահման, որը խոցելի է թուրքական լոլիկի առումով, նշանակում է պետական մարմիններ, որոնք հայտարարում են, որ տվյալ մթերքը հայաստան չի մտել, բայց ես, որպես գիտնական եւ որպես սպառող, հայտնաբերում եմ այդ մթերքը շուկայում: Խնդիրն այստեղ է»:

Վահե Դանիելյանը շեշտում է՝ 2018-ից մեր սահմանին մոնիթորինգի, վերահսկողության նոր, լուրջ մեխանիզմներ են ներդրվելու: Երկիր մտնող միրգ-բանջարեղենը եւ կենդանական մթերքը փորձաքննվելու են ծանր մետաղների, պեստիցիդների, ԳՄՕ-ների, հորմոնների մասով: ԵԱՏՄ շրջանակներում ռիսկերը կանխելու մասին են մտածելու:

«Ինչու ենք մենք նախատեսել, որ 2018-ից ներդրվեն մոնիթորինգային ծրագրեր: Մենք խնդրել ենք կառավարության համապատասխան միջոցներ հատկացնել, որպեսզի մենք կարողանանք դա անել»:

Դանիելյանի բնորոշմամբ՝ խիստ կարեւոր այս միջոցառումները դեռ եկող տարի են իրականացվելու: Ստացվում է՝ մինչ այժմ, երբ դրանք չեն իրականացվել, բոլոր այս ռիսկերն անարգել թափանցել են մեր շուկա։ Ստացվում է՝ սպառողների շահերի պաշտպանների արձագանքներն ու բողոքներն ավելի քան արդարացված են:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles