Վաղ առավոտ է, ու մենք Արցախի Հանրապետության ՊԲ կենտրոնական զորամասերից մեկում ենք։ Այդ ժամին նորակոչիկները շարային, ֆիզիկական պատրաստության պարապմունքներ են անցկացնում։ Սպասում ենք այնքան։ մինչեւ տղաները կավարտեն իրենց նախավարժանքերը։
Մինչ այդ շրջում ենք զորամասում։ Արցախյան ազատամարտի հերոսների լուսանկարների կողքին ավելացվել է ապրիլյան պատերազմին զոհված Արցախի հերոս 19- ամյա Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը:
Զինվորները արդեն ավարտում են նախավարժանքը, մոտենում ենք զրուցելու ու զուգահեռ նաև լուսանկարում: Նկատում եմ, որ զինվորներից մեկի ձեռքին գործընկերներիցս մեկի լուսանկարչական ապարատն է: Նա արագ-արագ սկսում է լուսանկարել ծառայակիցներին: Մոտենում եմ նրան ու զրույցի բռնվում: Նիկոլայ Ավետիսյանը Երևանից է, 26 տարեկան, սակայն զինծառայության մեկնել է միայն չորս ամիս առաջ:
Կարմիր դիպլոմով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝ գեղարվեստական լուսանկարչություն բաժինը, բայց ավարտելուց հետո առողջական խնդիրների պատճառով որոշ ժամանակով ազատվել է բանակից: Հետո արդեն ամեն ինչ կարգավորվել է, ու նա զորակոչվել է բանակ: Ուզում եմ հարցնել, թե արդյո՞ք դժվար չէ այդքան մեծ տարիքում ծառայելը։ Նիկոլայը կանխազգալով հարցս ժպտում ու ասում է՝ շատ հեշտ է, խնդիր չկա:
Նա ծանոթ է նաև տարկետման իրավունքի սահմանափակման խնդրին: Ասում է, որ տարկետման հետ կապված կարելի է մի քիչ անհատական մոտեցում ցուցաբերել:
Մինչ զրուցում ենք՝ մեզ մոտենում են նաև այլ զինվորներ ու խնդրում Նիկոլային իրենց լուսանկարել: Մյուս զրուցակիցս Վահե Չիլյանն է։ Արդեն 5 ամիս է զորակոչվել է բանակ։ Ասում է, որ անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ պետք է իրականացնի մարտական հերթապահություն:
Հետո Վահեի հետ սկսում ենք զրուցել արդեն առանց ձայնագրիչի: Ամբողջ զրույցի ընթացքում լայն ժպտում է: Կարծես միտքս կարդում է ու չսպասելով հարցիս ասում՝ որ իրեն զորամասում «ժպիտ» են ասում:
18 տարեկան Գևորգ Բաղդասարյան էլ որոշել է ուսումը շարունակել արդեն զորացրվելուց հետո։ Երևանից է, սովորել է Հակոբ Կոջոյանի ու Հենրիկ Իգիթյանի նկարչական արվեստանոցներում, այնուհետև Շիրակի մարզի Հառիճավանքի Թրբանճյան հոգևոր ընծայարանում:
Որոշումը, ուսումը շարունակել արդեն Գևորգյան հոգևոր ճեմարանում, վերջին պահին փոխում է ու զորակոչվում ազգային բանակ։ Հարցնում եմ՝ արդյո՞ք դժվար չէ հոգևոր ու ստեղծագործական միջավայրից հետո լինել զինվորական միջավայրում:
Ի դեպ՝ արդեն 2018- ից Գեւորգյան հոգեւոր ճեմարան ընդունվածներն այլեւս տարկետման իրավունք չեն ստանա, 18 տարին լրանալուն պես կզորակոչվեն բանակ։
Սրա մասին տեղեկացրեց ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը։ Տարկետման իրավունքը սահմանափակվում է եւ տրվում միայն ՊՆ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերին դիմածներին՝ ասում է:
Նշենք, որ լրագրողները զորամաս էին այցելել «Ճամփորդ» հասարակական կազմակերպության և ՊՆ հետ համատեղ կազմակերպած դասընթացների շրջանակներում: