Թվային օրակարգի մշակման աշխատանքները շարունակվում են: Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հանձնարարակներից մեկն էլ այս խնդրի շուրջ էր: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ավարտին են հասցվում «Հայաստանի թվային օրակարագ 20-30» երկարաժամկետ ռազմավարության մշակման աշխատանքները: «Անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրերի մշակման ու դրանց իրագործման աշխատանքները», — ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է 3-օրյա ժամկետում կառավարություն ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունները:
«Մասնավորապես անդրադառնալ հետևյալ ոլորտներին՝ կառավարման փոխգործության պլատֆորմի ու հանրային ծառայությունների կառավարման մեկ պատուհանի ներդրում, բնական ռեսուրսների ու հողերի կառավարում, խոշորացված համայնքներում պետական, մասնավորապես՝ սոցիալական, համայնքային ու այլ ծառայությունների էլեկտրոնային եղանակով մատուցում, տեսչական մարմինների էլեկտրոնային կառավարում և այլն», — նշել է վարչապետը: