Ճանապարհային ոստիկանության վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն է ամփոփել Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
«Ռադիոլուրը» զրուցել է նաև երթևեկության մասնակիցներին՝ պարզելու համար, թե որքանով են նրանք նկատել դրական փոփոխություններ:
Մայրաքաղաքի որոշ փողոցների ծանրաբեռնվածության հիմնական պատճառը վերջին տարիների ընթացքում մի քանի հարյուր հազարի հասնող մեքենաների ներկրումն է:Դե իսկ քանի որ ներկրված մեքենաների մեծամասնությունն շահագործվում է Երևանում, այդ խցանումները երբեմն անտանելի են դառնում: Փողոցների բեռնաթափում իրականացնելու նպատակով ՃՈ-ը ընթացիկ տարվա ընթացքում մեծածավալ փոփոխություններ է կատարել:
Առանձնացնելով դրանցից մի քանիսը՝ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը կարևորեց նախ շրջանաձև խաչմերուկներում կատարված փոփոխությունները, ապա որոշ փողոցներում երթևեկելի գոտիների ավելացումը:
Բավականին դրական փոփոխություն է հետիոտնային անցումի մասին զգուշացնող դեղին թարթիչը և հետիոտնային նոր անցումները:
Եվս մեկ դրական փոփոխություն առանձնացրեց ՃՈ պետը: Լուսացույցների տեսանելիությունը բարելավելու նպատակով Երևանի մի շարք փողոցների լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա:
Դրա շնորհիվ զգալի բարելավվել է լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը, ինչպես նաև նվազել է վարորդների կողմից լուսացույցի ազդանշանը չնկատելու հետևանքով խախտումներ թույլ տալու հավանականությունը: Թե որքանով են այս փոփոխությունները գնահատում երթևեկության մասնակիցները, հետաքրքրվեցինք հենց իրենցից:
Ի դեպ՝ բոլոր բողոքներն ու առաջարկները կարելի է փոխանցել թեժ գծի միջոցով, որի հեռախոսահամարն է 1-77: Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքը վերջին նորամուծություններից ևս մեկն է:
Օպերատիվ կառավարման կենտրոնի առկայությունը հնարավորություն է տալիս առավել հրատապ արձագանքել քաղաքացիների ահազանգերին: ՃՈ պետի փոխանցմամբ՝ օրական 250-300 հեռախոսազանգ են ստանում թեժ գծով, ինչն արդեն իսկ վկայում է մեր համաքաղաքացիների վստահության մասին: