Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Բըրբենքում

$
0
0

Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Ժողովն սկսվել է միասնական Տերունական աղոթքով, որից հետո ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը թեմի հոգևորականների և աշխարհականների անունից բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը և ԳՀԽ անդամներին` անդրադառնալով թեմի հիմնադրման 90-ամյակի առիթով Վեհափառ Հայրապետի կատարած հովվապետական այցի մանրամասներին:

Սրբազան Հայրը շեշտել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատմական այս այցը մեծ ուրախություն և խանդավառություն է առաջացրել ԱՄՆ Արևմտյան հայոց թեմում` զորացնելով սերը և նվիրումը Ս. Էջմիածնի և Հայրենիքի հանդեպ: Նա վստահեցրել է, որ Վեհափառ Հայրապետի այցից հետո վերանորոգված հավատքով, նվիրումով և սիրով պիտի շարունակեն իրենց առաքելությունը` ի շահ Հայոց Եկեղեցու պայծառության և բարգավաճման:

Այնուհետև ԳՀԽ անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը շեշտել է, որ հովվապետական այս այցի առանցքում հայ պատանիներն ու երիտասարդներն էին:

Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրել է, որ Հայրենիքից հեռու նրանց մեջ զորավոր են ազգասիրությունն ու եկեղեցասիրությունը, նախանձախնդրությունը հայոց լեզվի և մեր ազգային արժեքների պահպանության գործում: Նորին Սրբությունը գոհունակությամբ է անդրադարձել Մեքսիկա կատարած հովվապետական իր անդրանիկ այցին, ուր իր օրհնությունը բաշխեց տեղի հայությանը և միասնաբար աղոթեցին երկրաշարժից զոհվածների հոգիների հանգստության համար:

Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, թեմական խորհրդի ատենապետ Տիար Ժոզեֆ Կանիմյանին, Արևմտյան թեմի հոգևոր սպասավորներին և աշխարհականներին հովվապետական այցի ժամանակ ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել նաև ԳՀԽ նորընտիր կազմին` մաղթելով արդյունաշատ և բեղուն աշխատանք:

Ժողովի նիստերն ատենապետել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Օրակարգի հաստատումից հետո ընթերցվել է և հաստատվել նախորդ` 2017 թ. մայիսի 16-17-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:

Այնուհետև Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է  ԳՀԽ կանոնադրության լրամշակված նախագիծը, որը պատրաստվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի կողմից:

Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ լուսաբանություններ են տվել հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։

Ժողովականներն իրենց դիտարկումներն ու սրբագրություններն են առաջարկել կանոնադրության հոդվածների վերաբերյալ: Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է խմբագրական աշխատանքից հետո կանոնադրության նախագիծն առաքել թեմեր առաջարկությունների և դիտարկումների համար:

Ժողովին «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարերար տիար Ասո Դավիդյանը Գերագույն հոգևոր խորհրդին զեկուցել է Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի ներկա վիճակի վերաբերյալ։ Նա տեղեկացրել է, որ նախապատրաստական փուլի աշխատանքներն արդեն ավարտված են և առաջիկա ամիսներին նա հանդիպումներ և հարցազրույցներ կունենա թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռում սպասավորող մի շարք հոգևորականների և աշխարհականների հետ: Այս առիթով ԳՀԽ անդամները գոհունակություն են հայտնել տիար Ասո Դավիդյանին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ուսումնասիրության արդյունքները կնպաստեն Հայոց Եկեղեցու գործառնությունների առավել արդյունավետ կազմակերպմանը:

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ և Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ժողովականներին ներկայացրել է «2018 թ. որպես երիտասարդության տարի» հռչակման տարում նախատեսվող ծրագրերի մանրամասները: Սրբազան Հայրը նշել է, որ տարվա ամփոփումը կլինի հուլիսի 5-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նախատեսված համընդհանուր ուխտագնացությունը: Տարվա ընթացքում նաև կկազմակերպվեն երիտասարդական ուխտագնացություններ թեմակալ առաջնորդների հետ դեպի Ս. Էջմիածին:

ԳՀԽ ժողովի ընթացքում համատեղ նիստ է գումարվել թեմական խորհրդի անդամների հետ, որի ժամանակ ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ընդհանուր զեկույց ներկայացրեց թեմի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին:

Ժողովի վերջավորության Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է ԳՀԽ անդամների արդյունավետ աշխատանքին` ի նպաստ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման: Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունն է ուղղել նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդին և թեմական խորհրդի անդամներին`  հովվապետական այցը և ԳՀԽ նիստերը հավուր պատշաճի կազմակերպելու համար` առ Աստված աղոթք հղելով թեմի պայծառության և հավատացյալ ամերիկահայերի կյանքի բարօրության համար:

Ժողովն ամփոփվել   «Պահպանիչ»  աղոթքով։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles