Ավան եւ Նոր Նորք-վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց ոստիկանության պարեկապահակային ծառագության գնդի գրավման գործով դատական նիստը:
Այս գործով անցնում են Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը, Վարուժան Ավետիսյանը, Սեդրակ Նազարյանը եւ այլք:
Դատական նիստը սկսվեց սկզբից։ Նախ՝ ՊՊծ գունդը գրաված 10 անդամները բարձր տրամադրությամբ մտան նիստերի դահլիճ, ողջագուրվեցին միմյանց հետ։ Վերջիններս դատավորի ներս մտնելիս ոտքի չկանգնեցին, որին նախագահող դատավորն ուշադրություն չդարձրեց:
Նշենք, որ այս գործը նախկինում քննող Արտուշ Գաբրիելյանը նման իրավիճակներում ամբաստանյալներին ժամերով հեռացնում էր նիստերի դահլիճից ու սանկցիաներ կիրառում։ Դատավարության հենց սկզբում Մեսրոպ Մակյանը հարցրեց, թե արդյո՞ք ինքնաբացարկի միջնորդություն ունեն: Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրին, փոխարենը՝ ամբաստանյալները հանդես եկան հայտարարությամբ։
Նախ՝ Գագիկ Եղիազարյանը բողոքեց, որ միայն մերձավոր ազգականների հետ տեսակցության արգելքն են հանել, իսկ քույրը, երբ 2 անչափահաս երեխաների հետ գալիս է տեսակցության, չեն թույլատրում։ Մեսրոպ Մակյանը խորհուրդ տվեց համապատասխան միջնորդություն ներկայացնել. ինքը կքննարկի։
Հայտարարությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Պավել Մանուկյանը։ Նշեց, որ 28 տարի առաջ է զենք վերցրել՝ ի շահ իր ազգի, և նույն հոդվածներով թուրքական իշխանությունների կողմից է դատապարտվել ազատազրկման։
Դատավորի ինքնաբացարակի հարցը քննարկելիս հայտարարությամբ հանդես եկավ նաև Արայիկ Խանդոյանը։ Նա մանրամասն պատմեց, թե ինչպես է որոշել զինվորական դառնալ: Սակայն այդ պահին Խանդոյանի ելույթը փորձեց ընդհատել գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը: Այստեղ Խանդոյանն արձագանքեց.
«Աղջիկ ջան, ձենդ կտրի, երբ տղերքն են խոսում»:
Այդ ամբողջ ընթացքում Պետրոս Պետրոսյանը կրկին խնդրեց դատարանին թույլ չտալ, որպեսզի ամբաստանյալը շարունակի խոսել, քանի որ Խանդոյանի հայտարարությունը որեւէ առնչություն չունի դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ: Սակայն դատավորը չընդհատեց Խանդոյանին:
Դատարանը հայտարեց ընդմիջում, որից հետո արդեն հայտարությամբ հանդես եկավ Վարուժան Ավետիսյանը։ Նա իրեն ներկայացրեց որպես ապստամբ ու դիմելով դատավորին ասաց՝ Դու՛ք դատավոր չեք, այլ հաշվեհարդարի գործիք, իսկ մենք ռազմագերիներ ենք և իրացրել ենք մեր իրավունքը։
Դատական այսօրվա նիստում դատավոր Մեսրոպ Մակյանին բացարկ չհայտնվեց, իսկ ահա դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը որոշվեց ներկայացնել հաջորդ նիստին։
Հիշեցնենք նաեւ, որ ՊՊԾ գունդը գրաված մյուս 11 անդամի մասով գործը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով եւս մեկ գործ էլ քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: