Ինտերնետը մարդկության ամենահրաշալի հայտնագործություններից է, բայց ինչպես ամեն մի երևույթ, այն ևս ունի իր առավելություններն ու թերությունները: Դրանց մասին տարբեր տեսանկյուններից շատ է գրվել ու խոսվել՝ սկսած տարբեր կիբերհանցագործություններից:
Այսօր մի անհատական դեպքի կանդրադառնանք, երբ օգտատիրոջ իրավունքները սահմանափակել է հենց սոցցանցի ադմինիստրացիան:
Օգտատերը պնդում է, որ իր գրառումները որեւէ վիրավորանք որեւէ մեկի նկատմամբ չեն պարունակել եւ, զարմացած է, թե ինչու են Հայաստանում օգտատերերն այդպես անպաշտպան:
Գրող, հրապարակախոս, երկու գրքի հեղինակ Մարի Բարսեղյան-Խանջյանը Ֆեյսբուքի օգտատեր է: Հոդվածներ է հրապարակում ինչպես հայալեզու լրատվամիջոցներում, այնպես էլ ռուսալեզու կայքերում:
Հրապարակումների եւ վերլուծությունների թեմաներն առնչվում են ադրբեջանական կեղծված պատմությանը, նաեւ՝ այդ երկրում ապրող բնիկ ժողովուրդներից թալիշների ոտնահարված իրավունքներին:
Հրապարակված նյութերից որոշ մեջբերումներ զետեղում է նաեւ Ֆեյսբուքյան իր էջում: Այս տարվա մայիսին ՖԲ-ի ադմինիստրացիան առաջին անգամ արգելափակել է օգտատիրոջ էջը՝ մատնանշելով ռուսալեզու կայքէջերից մեկում կատարած հրապարակումը ՖԲ-ի իր էջում տեղադրելու փաստը:
Հերթական անգամ օգտատիրոջ էջն արգելափակվել է սեպտեմբերին: Այս անգամ արգելափակումը սահմանվել է 6 օր, սակայն, երկարաձգվել: Այսօր նա կարողանում է մտնել իր ֆեյսբուքյան էջ, սակայն նամակ ընկերներին գրել կամ որեւէ գրառում կատարել չի կարողանում՝ միակողմանի կիրառված արգելափակման պատճառով:
Օգտատերը զարմացած է, թե ի՞նչ հիմքով է արգելափակվել իր էջը, քանի որ իր վերլուծական հրապարակման մեջ ուրեւէ վիրավորական բառ որեւէ մեկին չի ուղղել, անգամ՝ Ադրբեջանի ժողովրդին: Ասաց, որ առաջին արգելափակումից հետո Ֆեյսբուքյան ադմինիստրացիային հղած իր նամակներն էլ անպատասխան են մնացել, ինչն առավել մտահոգել է օգտատիրոջը:
Մեզ հետ զրույցում ոլորտի մասնագետներից, «Արմինկո» ընկերության ղեկավար Գրիգոր Սաղիյանն ասաց, որ նման խնդիրները կարգավորելու գործառույթները, կոնկրետ դեպքում Ֆեյսբուքի «փոլիս»-ին է պատկանում:
Այսինքն, մի մասնավոր կազմակերպություն թելադրում է այն նորմերը, որով պետք է ղեկավարվեն տվյալ դեպքում ՀՀ քաղաքացի-օգտատերերը: Ընդ որում՝ միշտ չէ, որ արգելափակումներն իրականացնում են մարդիկ: Հիմնականում դա ավտոմատ ծրագրերով է իրականացվում:
Կոնկրետ դեպքում, Գրիգոր Սաղյանը նշեց, որ բնականաբար Ադբեջանն աշխատում է, որ նման հրապարակումների հեղինակներին սոցցանցն արգելափակի: Ինչ վերաբերում է հայկական կողմից հակաքայլերին: Դրանք, նրա խոսքով, կարելի է միշտ էլ կատարել, բայց, ի վերջո, որոշողը Ֆեյսբուքն է լինում: