Պատվաստումների նկատմամբ կարծիքները միշտ իրարամերժ են։
Ոմանք դա համարում են անհրաժեշտ, որոշ ծնողներ, ու ոչ միայն, կարծում են, որ համընդհանուր վակցինացիան անթույլատրելի է։
Պատվաստումների օգտակարության և վնասների մասին կարծիքներն ընդհանրացրել է «Ռադիոլուրը»:
Առողջ հղիությունից հետո զրուցակիցս, ով չցանկացավ անունը հրապարակել, ունեցել է թթվածնային քաղց ունեցող երեխա: Պոլիկլինիկայում պատվաստման ժամանակ զգուշացրել է, որ երեխան ծնվել է թթվածնային քաղցով և մտահոգվել՝ պատվաստումից հետո հնարավո՞ր են բացասական հետեւանքներ։ Բժիշկը հորդորել է չհրաժարվել: «Ոչ վերջինն ես, ոչ էլ առաջինը»՝ ասել է: Սակայն պատրաստումից հետո երեխայի մոտ նկատվել են ցնցումներ: Հաջորդ պատվաստումներից հետո եղել են ցնցումներ, վարքի փոփոխություն: Վերջապես՝ ծնողը որոշել է հրաժարվել դրանից:
Ինչքան պատվաստման տարել ենք, ինքը լրիվ փոխվել է՝ կապրիզնիություն մի այլ կարգի, և ցնցումներ: Իսկ մեկ ու կես տարեկանի պատվաստումից հրաժարվելու եմ, շատ եմ լսում մահացության դեպքերի մասին:
«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ 29 տարեկան Նոննան, ամբողջ հղիության ընթացքում կարդացել, ուսումնասիրել է պատվաստումների մասին, հաշվի առել շուրջը կատարվողը՝ հաշմանդամություն, մահացության դեպքեր։ Որոշել է հրաժարվել պատվաստումներից: Ծննդատանը պատվաստումից հրաժարվելու համար կասկածել են աղանդավոր լինելու մեջ, իսկ պոլիկլինիկայում մանկաբույժը շատ կոպիտ է արձագանքել այդ որոշմանը: Երեխան ունեցել է գլխուղեղի կիստա, ծնողն էլ սա պատճառաբանելով է փորձել ազատվել բժշկի ճնշումներից:
«Տնեցիք լաց էին լինում, բա որ չպատվաստվի վատ լինի, ես լաց էի լինում, որ պատվաստվի ինչ կլինի: Դաժան օրեր ենք անցկացրել այդ պատվաստումների պատճառով»:
Արդեն 6 ամսական փոքրիկը, ծնողի բնորոշմամբ, առողջ է մեծանում: Նոննան ավելի շատ վախենում է պատվաստումների հետևանքներից: Ծնողները, որոնց հետ զրուցել եմ, միաձայն դժգոհում էին, որ երեխաներին մինչ պատվաստումը չեն կատարում համապատասխան զննում: Ինչպես Նոննան է նշում, բազում գրականություն է կարդացել, որտեղ մատնանշված է, թե ինչ մետաղների քանակի ավելցուկի և պակասի դեպքում է պետք կատարել պատվաստումը:
Միայն ծնողի հետ հարց ու պատասխան է՝ ջերմություն ունեցել է, գրիպ չէ և այլն, իսկ սա բավարար չէ: Հոգեբան Սոֆիա Հովսեփյանն էլ, ով աշխատում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, եկել է այն եզրակացության, որ պատվաստանյութերը միգուցե իրենց որակի պատճառով բերում են առողջական խնդիրների, կամ էլ արթնացնում են երեխայի մոտ եղած խնդիրները: Նա էլ է համամիտ, որ մանրակրկիտ հետազոտությունից հետո պետք է պատվաստեն:
Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն իր հերթին նշում է, որ բժշկի պարտավորությունն է մինչ պատվաստումը կատարել որոշակի զզնում՝ օրինակ լսել թոքերը, չափել ջերմությունը, հարցուփորձ անել ծնողին։
Շատ դեպքերում ծնողներն իրենք պետք է պահանջեն մանկաբույժին պատասխանել իրենց անհանգստացնող հարցերին և կատարեն գործիքային զննումներ: Սակայն ինչ վերաբերում է լաբորատոր հետազոտությանը, ապա, ըստ ԱՆ ներկայացուցյի, դրանք նախ չեն առաջարկվում միջազգային պրակտիկայում, հետո էլ ոչինչ չեն փոխի:
Որոշ պատվաստումներ ամբողջ կյանքի համար են, որոշները՝ ոչ: Օրինակ ԿԿԽ պատվաստման մեկ դեղաչափը 95 տոկոսով պաշտպանում է հիվանդություններից և դա ամբողջ կյանքի համար է: Որոշների մոտ կարող է այդ պաշտպանությունը լիարժեք չառաջանալ։
Այդ դեպքում առաջարկվում է կրկնակի դեղաչափ՝ ասում է: Կարծիք կա, որ վարակիչ հիվանդություններով վարակվելու դեպքում իմունային համակարգն ավելի է ամրապնդվում, իսկ պատվաստանյութը իմունային համակարգին թույլ չի տալիս ամբողջությամբ գործել: Գայանե Սահակյանը պնդում է՝ դա ոչ մասնագիտական հիմնավորում է:
«Բնական ճանապարհով պատվաստված երեխան հիվանդանում է վիրուսով»:
Արդյո՞ք Հայաստանն ունի այն հնարավորությունները, որ պոլիկլինիկաները համալրեն որակյալ պատվաստանյութերով. հարցին բանախոսը պատասխանեց, որ մեկ անգամ տեսնելով ազգային պահեստի ամբողջ պարունակությունը, որակի մասին խոսելը կլինի անիմաստ:
Պատվաստումները հիմնականում արևմտաեվրոպական երկրների արտադրության են։