Ինչ ծրագրով եւ ծախսերով ենք ապրելու հաջորդ տարի արդեն պարզ է: Կառավարության հաստատած 2018-ի բյուջեի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան:
Ոլորտային քննարկումները սկսվելու են ավելի ուշ, բայց այսօր փաստաթղթի սոցիալական հատվածի նախնական քննարկումն էր: Սակայն այն սկսեց մտահոգիչ բացահայտումներով:
Կոռուպցիոն բացահայտումները սոցիալական ոլորտում շարունակվում են: Այս անգամ հայտնի դարձավ 4 միլիարդ դրամի կորստի մասին: Որեւէ մեկը, սակայն, չի պատժվել եւ չի պատժվելու այս թերացման համար: Խնդիրը պարզ է՝ մեղավորին գտնելն է շատ բարդ, բայց կոռուպցիոն մեխանիզմն արդեն բացահայտված է:
Խոսքը կենսաթոշակառուների համար գոյություն չունեցող ստաժի հավելագրումն է: Սա պարզվել է համակարգը էլեկտրոնային դարձնելուց հետո, երբ համադրվել են գոյություն ունեցող բազաները՝ պարզաբանում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը համոզված է՝ այս ոլորտում միայն 4 միլիարդ չէ, որ կորում է:
Մեր իրականության այսպիսի մութ կողմերն այսօր բացահայտվում էին ԱԺ-ում՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ քննարկվեց հաջորդ տարվա բյուջեի նախագծի միայն սոցիալական հատվածը:
Գործող կառավարությունը ուրախալի լուրերով չի գալու ԱԺ հաջորդ տարվա բյուջեի հաստատման համար: 2018-ին բացի գնաճից որեւէ այլ բարձրացում չի նախատեսվում՝ կենսաթոշակները եւ աշխատավարձերը մնալու են նույն չափի, ինչ այսօր են:
Սոցիալական հարցերի փոխնախարարը չկարողացավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հստակ բացատրել, թե ինչպես են այսպիսի տեմպերով պայքարելու աղքատության դեմ:
Սոցիալական ոլորտի հետ կապված մեկ այլ մտահոգիչ փաստը կապված է սերունդների համերաշխության սկզբունքի հետ: Միջազգային չափանիշները հուշում են՝ այն պետությունները, որտեղ 63-ից բարձր տարիք ունեցողների թիվը կազմում է հասարակության 12 տոկոսից ավելին՝ համարվում են ծերացող երկրներ:
Հայաստանն այդ շեմը նույնիսկ անցել՝ անկեղծացավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:
2018 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարանում, ըստ ոլորտների, քննարկվելու է հոկտեմբերի 30-ից: