Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են: Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում առաջիկայում այն կկառավարվի նոր կենտրոնից` Գորայք համայնքից: Փոփոխությունների արդյունքում որքանով կլուծվեն սառնակունքցիների խնդիրները, ցույց կտա միայն ժամանակը: Իսկ խնդիրները իսկապես քիչ չեն. «Ռադիոլուրը» պարզել է Սառնակունքի բնակիչների հետ զրույցում :
Օրեր առաջ Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում էինք, որտեղ տրամադրությունները նախընտրական էին: Սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ փորձեցինք տեղացիների ակնկալիքներին ու նրանց հուզող խնդիրներին ծանոթանալ: Նշենք, որ Սառնակունքը մեկն է այն համայնքներից, որը խոշորացման արդյունքում կմիանան Գորայք համայնքին, որի ղեկավարի պաշտոնի համար էլ կմրցեն առաջադրված երկու թեկնածուները:
Նախընտրական օրվա լռության սկզբունքը պահպանելով գյուղացիների հետ նրանց ամենօրյա հոգսերի ու խնդիրների մասին ենք զրուցում: Տեղացի Մուրադ Խաչատրյանն ասում է, որ սառնակունքնցիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է:
Եկամուտը լավ կլիներ, եթե կաթի ու մսամթերքի իրացման խնդիր չլիներ: Նաև անասնակերն է թանկ: Բակում հսկայական խոտի դեզի համար, ասում է, շուրջ միլիոն ու կես դրամ է վճարել: «Ռիսկը մեծ է, դժվար է ասել, վերջում եկամուտը կարդարացնի ծախսերը , թե ոչ»,-ասում է սառնակունքցի ֆերմերը:
Ռուսաստանում բախտ որոնողների թիվը Սառնակունքում մեծ չէ: «Բայց կան»,-ասում է Մուրադ Խաչատրյանն ու ցույց տալիս հարևանի տունը:
Կամո Ղազարյանը Սառնակունքի երիտասարդներից է: Նրա ձևակերպմամբ գյուղի երիտասարդների շուրջ 80 տոկոսն անգործ է: Եղած մի քանի աշխատատեղերում էլ ծանոթ-բարեկամով են ընդունվում:
Նա Սառնակունքի այն երիտասարդներից է, ով բախտն արդեն Ռուսաստանում փորձել է: Տուլայում է աշխատել, բայց դժգոհ վերադարձել է:
77-ամյա Սեդա Իվանյանի որդին Ռուսաստանում է, արտագնա աշխատանքի է մեկնել, բայց ընտանիքն էլի թոշակի հույսին է: Ծայրը ծայրին թոշակով են փորձում հասցնել:
Սառնակունքնցիների այլ խնդիրների մասին: գյուղն ամբողջությամբ գազիֆիկացված է, բայց օգտվել չեն կարողանում: «Գազը քթներիս տակով գնում է, բայց մեզ ինչ»,-ասում է Մուրադ Խաչատրյանը:
Սառնակունքում վաղը ՏԻՄ ընտրություններ են: Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում առաջիկայում այն կկառավարվի նոր կենտրոնից` Գորայք համայնքից: «Գորայքը ֆինանսական լուրջ միջոցներ ունի, որոնք հավանաբար կուղղվեն նաև մյուս գյուղերի, այդ թվում և Սառնակունքի զարգացմանը»,-ակնկալում են վերջինի բնակիչները,
միաժամանակ չբացառելով, որ կարող է գործել նաև խորհրդային տարիների վատ նախադեպը, երբ կենտրոնը բարգավաճում էր, իսկ փոքր բնակավայրերն անտեսվում էին: