Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

21-րդ դար, Սարիգյուղ. այստեղ խմելու ջուրը դեռ աղբյուրից են բերում

$
0
0

hasmikdilanyan
Աննկարագրելի գեղեցիկ բնություն, որտեղ սակայն, հարակից գյուղերից հարս չեն գալիս: Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ համայնքում  բնակիչները հոգսերի պակաս չունեն: Դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհն այս գյուղի միջով է անցնում, անցնում են ու զարմանում, որ 2016թ  դեռ խմելու ջուրը աղբյուրից են բերում ու դույլով:  Գյուղացիներն Աստծուն փառք են տալիս, որ ոչ թե մեկ, այլ երեք աղբյուր ունեն, ու ջրի համար հերթ շատ չեն կանգնում: Հատկապես այս ընթացքում Սարիգյուղում տղամարդկանց դժվարությամբ կարելի է հանդիպել: Նրանց մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնել, հիմնականում՝ ՌԴ: Գյուղի փողոցներում հիմնականում երեխաներ են ու կանայք, նրանք անհամբեր սպասում են խոր աշնանը:

 

 

2016թ սեպտեմբեր: Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում  21-րդ դարում էլ  խմելու ջուրը դեռ աղբյուրից են բերում, միայն՝ ոչ թե կուժով, այլ՝  դույլերով: Ճանապարհին էլ ջուր բերող աղջիկները երիտասարդների գրեթե չեն հանդիպում՝ նրանց մեծ մասը գյուղում չէ, արտագնա աշխատանքի է` հիմնականում ՌԴ:

Գյուղացիներն ասում են՝ երիտասարդները չեն ամուսնանում,  պատճառները  սոցիալական ու  կենցաղային են: Սարիգյուղի բնակիչներն են զրուցակիցներս,  մանկավարժ Սիլվա Էլարյանն ու Մարինե Մանուչարյանը.

«Հիմնականում բնակարանի պրոբլեմը կա, ապրելու տեղ չունեն, պետք է նոր  ընտանիք ու բնակարան ստեղծեն, խուսափում են: Մեր գյուղում ընդամենը երեք աղբյուր կա, որն էլ էս սեզոնին կտրվում է, բարակում է ջուրը: Մենք կիլոմետրով խմելու ջուր ենք տանում: Գնացող-եկողները, որ տեսնում են ամաններով կամ դույլերով ջուր ենք տանում, զարմանում են, էս թվին խմելու ջուրը դեռ ձեռքով տանենք: Սա միակ գյուղն է, որ տարիներ շարունակ նույնիսկ հարս չեն ուզում տան: Տարիներ շարունակ ասվել է, որ Սարիգյուղին խմելու ջրի պակասի պատճառով աղջիկ չտան: Ավելի շատ այժմ դրսում են, հենց եղանակները սկսի ցրտել, կվերադառնան:

Զրուցակիցներս ցավով են  նկատում՝ շատ հաճախ տղամարդկանց մի մասը պարզապես արտագնա աշխատանքից այդպես էլ չի վերադառնում: Կանայք, իհարկե փորձում են փրկել ընտանիքը, երբեմն այն արդյունք տալիս է, երբեմն՝ ոչ:

«Շատերը կան, որ գնացել են, հետ չեն վերադառնում, կանայք գնացել են, որ ընտանիքները չքայքայվի, ոնց գնացել են, այնպես էլ վերադառնում են: Շատ դեպքեր կան: Գնում են, պարզվում է, որ ընտանիք, երեխա ունեն: Կարող է ծերանան ու վերադառնան, ես չգիտեմ, էդ ժամանակ էլ ընդունող կլինի՞: Շատերն ասում են, որ վերադառնա ընդունող չկա: Երիտասարդ տարիները հեռվում իրենք հոգսերի մեջ կքած: Հիմա էլ եկել են, իրենց համար դժվարություն է:

Կընդունեն կանայք արտագնա աշխատանքի մեկնած ու չվերադարձած ամուսիններին, ցույց կտա ապագան, իսկ ներկայում, ինչ-որ բան փոխվում է նրանց ընտանիքներում:

Այն, որ մեր երկրում ավելացել են ամուսնալուծությունները, անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում: Միայն թե պատճառների մասին գրեթե չի նշվում:  Առանց պաշտոնական  թվերի էլ երեխաների հոգեբանության վրա հատկապես հոր բացակայության բացասական ազդեցությունն ակնհայտ է: Տղամարդու բացակությունն ընտանիքնում փոխում է և կնոջ, երեխայի կյանքը, վերջիններիս վարքագծում փոփոխությունը առաջինը նկատում են  մանկավարժները:

Մարինե Մանուչարյան. «Երեխեքը առանց հոր անդաստիարակ են դառնում, պատուհաս են դառնում դպրոցի համար: Երկրորդ, դժվար է նաև կնոջ համար՝ գյուղատնտեսական բոլոր աշխատանքները մնում է կնոջ ուսերին: Ամենավերջին վատ բանը, որ ամուսինները սառում են: Մեջները սառնություն է մտնում»:

17-ամյա Ալլա Եգանյանը խնդիրներից խոսելիս առաջինը աշխատանքի բացակայությունն է մատնանշում: Հենց այդ պատճառով է նրա հայրն ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնում: Ալլան այս գյուղում միակ աղջիկը չէ, ով անհամբեր աշնանն է  սպասում, ընտանիքով խոր աշնան են հավաքվում, նա նաև ընկերների ծնողների բացակայությունն ու դժվարություններն է փոխանցում.

«Շատ դժվար է, կարոտն է, կենցաղային հարցերն են: Համարյա ամեն սեզոն գնում է: Նրան փոխարինում է եղբայրս, փորձում ենք օգնել մայրիկին: Իմ ընկերներն էլ կարոտում են իրենց հայրիկին»:

Այստեղ է, որ հարազատների կարոտը հաղթահարվում է ժամանակակից տեխնոլոգիաների՝ skype-ի կամ viber-ի օգնությամբ:

«Բայց մենք հաճախակի հայրիկի հետ խոսում ենք  skype-ի կամ viber-ի միջոցով, սակայն, չի փոխարինում անմիջական շփմանը: Ի՞նչը կարող է դրան փոխարինել: Իմ հորաքույրն էլ է արտերկրում, մենք նրանք քիչ ենք տեսնում շատ դժվար է»:

Նկատենք, որ այս համայնքում մեզ հանդիպած բոլոր երեխաների հայերը գտնվում են ՌԴ-ում: Իննամյա Խաչիկը սիրում է  նկարել, ֆուտբոլ խաղալ, այժմ գյուղում է քրոջ ու մոր հետ: հայրն արտագնա աշխատանքի է մեկնել, այո փոքրիկն էլ ադրբեջնական դիքրերից կրակոցներ հնչելիս ոչ թե հոր, այլ՝ մոր օգնությունն է ակնկալում, իսկ կրակոցներ Սարիգյուղում հնչում են: Հոր հետ  կրակոցներից չի խոսում.«Հեռախոսով եմ խոսում, ասում եմ բարև, ոնց ես, ասում են, որ կարոտել եմ»:

Մանուկ թե դեռահաս.  այս երեխաների աչքերում կարոտ կա, կարոտ ծնողի ու հարազատների նկատմամբ, կարոտ, որին  չի փոխարինի անգամ ապահով կյանքով ապրելու հեռանկարը: Իսկ   պատկերն  այսպիսին է Հայաստանի  բոլոր այն բնակավայրերում, որտեղից ավելի հաճախ են տղամարդիկ մեկնում արտագնա աշխատանքի:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles