Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Տասը տարեկան Ռուստամի նկարները գույներով են լի։ Դրանք վառ են, գունավոր ու պայծառ: Դեպի եզդիների սրբավայր՝ Լալըշ եկեղեցի տանող ճանապարհն ամբողջությամբ՝ աջ ու ձախ կողմերից զարդարված է եզդի երեխաների նկարներով: Ռուստամի սիրելի նկարի մոտ հասանք՝ սկսեց խոսել: Չի տեսել Հյուսիսային Իրաքը, բայց իր բոլոր նկարներում պատկերել է իր նախնիների հայրենիքը:
Մայիսը Ռուստամի դասընկերն է: Եզդի Մայիսի համար իր բնօրրան հայրենիքն ունի Հայաստանի գույները: Ամբողջ կյանքը տեսել է հայկական սարեր ու լճեր: Ասում է՝ իր նկարներում էլ հայ ու եզդի ժողովուրդները ընկերություն են անում:
Սիրամարգի նման գունավոր ու առատ. եզդիների համար սուրբ այս թռչունի նման իրենք էլ հեռվից հեռու նկատվում են:
Հինգ տարի առաջ կառուցվեց եզդիների սրբատեղի Լալըշ եկեղեցին ու արդեն 5 տարի սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի համար ուրախության ու երջանկության օր է:
Սկզբում եզդիերենով, հետո իմ խնդրանքով՝ նաև հայերեն, եզդի բանաստեղծուհին ուզում է, որ հաշտություն ու խաղաղություն լինի, ու այն՞ ինչ կատարվեց Շանգալում եզդի ժողովրդի հետ, այլևս երբեք տեղի չունենա:
Բազմաթիվ եզդիների մեջ մի կին տարբերվում էր իր հագուկապով: Նրան մոտենալու համար հերթ էին կանգնում:
Հյուսիսային Իրաքի կարոտը թեեւ սրտերում պահած, Հայաստանում ապրող եզդիները չեն մտածում այնտեղ դառնալու, անգամ եթե՝ անկախ պետություն ստեղծվի։ Նրանք Հայաստանի քաղաքացիներն են, նրանք հայերին են սիրում, հայերը՝ իրենց։