Սոցփաթեթի մատուցման մեխանիզմը հոկտեմբերի 1-ից փոխվում է: Առողջապահության ոլորտի պատասխանատուները խոստանում են շտկել նախկինում գրանցված բոլոր թերությունները: Շուրջ 100 հազար պետական ծառայող առողջապահական ապահովագրության փաթեթից օգտվելիս այլեւս չի բախվի տեխնիկական խնդիրների:
Սոցփաթեթի շահառուներին զայրացնող ու հոգնեցնող հանգամանքները կմնան հետեւում. առողջապահության ոլորտի պատասխանատուները սոցփաթեթի շրջանակում ապահովագրության փոփոխություններին վստահորեն բարեփոխում անունն են տալիս:
«Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան՝ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը տեղեկացնում է՝ սոցփաթեթի շահառուները հետայսու պարտադրված չեն առողջական խնդիրների դեպքում կամ կանխարգելիչ հետազոտություններ անցնելու համար նախ իրենց տեղամասային պոլիկլինիկայի երբեմն ցածրորակ ծառայություններին դիմել: Քաղաքացին հոկտեմբերի 1-ից ազատ է ցանկացած ժամանակ դիմել ցանկացած բուժհաստատություն: Փոխնախարարը լուրջ փոփոխություն է խոստանում:
«Հիմա նա կարող է իր հայեցողությամբ ընտրել 150 բուժհաստատություններից ցանկացածը եւ բուժզննման գնա այնտեղ»:
Առողջական ո՞ր խնդիրների լուծումը կծածկի սոցփաթեթով սահմանված առողջապահական ապահովագրությունը, կհստակեցվի կառավարության հաստատած հստակեցված եւ ամբողջական ցանկով՝ «Ռադիոլուր»-ին վստահեցրեց առողջապահության փոխնախարարը՝ անդրադառնալով մեր դիտարկմանը, որ ախտորոշման մեջ որոշակի «խորամանկ» ձեւակերպումներով պետծառայողներին պարզապես դուրս են թողնում պետպատվերի շրջանակից՝ բացատրելով, թե նրա այս խնդիրը չի մտնում անվճար ծառայությունների ցանկի մեջ: Սոցփաթեթի ավելի քան 700 ծառայությունների ցանկը հիմնականում անփոփոխ է մնացել: Հանվել են այն ծառայությունները, որոնք տարբեր սքրինինգ-ծրագրերով արդեն ապահովված են:
«Ինչ ենք մենք առաջարկում նոր փաթեթի դեպքում: Քաղաքացին պետք է զանգահարի իր ապահովագրող ընկերության 24-ժամյա ծառայությանը, տեղեկացնի իր խնդրի մասին: Եւ արդեն դրանից հետո կարող է գնալ հենց բուն իր ցանկացած բուժհիմնարկ: Ըստ էության՝ մենք նրան տվել ենք ընտրության ազատություն, չենք խոչընդոտում կամ ուղղորդում որեւէ տեղ»:
Շահառուն այլեւս չի բախվի «պետպատվերի գումարը վերջացել է, պետք է ամիսներով սպասեք» պատճառաբանություններին, ինչպես մշտապես լինում էր: Տեխնիկական խնդիրներից հոգնած՝ քաղաքացին ստիպված չի լինի, քաշքշուկից զզված, վճարել հասանելիք անվճար ծառայությունների դիմաց՝ ասում է: Պարզապես, հերթերից խուսափելու համար նախապես կապ հաստատեք ապահովագրողի հետ ու հերթագրվեք բժշկի մոտ, խորհուրդ է տալիս առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:
«Արդեն մեխանիզմն այնպես է ստեղծված, որ տեխնիկապես հնարավոր չէ դեպք, երբ որեւէ բուժհիմնարկ նրան ասի՝ պետպատվերը վերջացել է, կամ պետք է հերթագրվեք: Ելնելով հիվանդության բարդությունից՝ ամենաերկար ժամկետը, որ մարդը պետք է սպասի, 2 օրն է, ընդ որում՝ խոսքը պլանային վիրահատությունների ու հիվանդանոցային բուժման մասին է»:
Սոցփաթեթի շահառուն այլեւս թղթային, գումարային հարցերի չի առնչվի՝ խոստանում է փոխնախարարը: Արդեն ապահովագրական 6 ընկերության հետ սոցփաթեթի ծառայություն մատուցելու պայմանագիր ունի ավելի քան 150 բուժհիմնարկ՝ այսինքն՝ գրեթե բոլորը:
«Մենք երաշխավորել ենք, որ 100 հազար շահառուից յուրաքանչյուրը, անկախ այն հանգամանքից, թե որ ապահովագրողի հաճախորդը կլինի, ստանա միեւնույն տիպի ստանդարտացված ծառայություններ»:
Պետծառայողներն արդեն սոցփաթեթի առնչությամբ ապահովագրողներից ցանկացած խնդրի դեպքում կարող է դիմել ֆինանսական հաշտարարին: Սա եւս նորություն է: Ընդ որում՝ եթե հաշտարարը որոշում է կայացնում հօգուտ քաղաքացու, ապահովագրողը որոշումը վիճարկելու իրավունք չի ունենա: Ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Արտակ Մարտիրոսյանը փոփոխությունների հարցում լիահույս է: Զրուցակիցս թերություն է դիտարկում այն, որ շահառուները սահմանափակված են անձամբ ընտրելու ապահովագրական ընկերությունը, սակայն հարցը լուծում ունի՝ կարեւոր է, ասում է, որ բոլոր ապահովագրողներն արդեն կծածկեն նույն խնդիրների հետ կապված ծախսերը: Սա նաեւ մեկ այլ խնդիր է լուծում՝ բացատրում է:
«Ուղղորդման, կոռուպցիոն ռիսկերը բացառվում են»:
Առաջին փուլով շուրջ 100 հազար պետծառայողներին ապահովագրելուց հետո եկող տարի շուրջ 600 հազար հաշմանդամ ու սոցիալապես անապահով մարդ կապահովագրվի: Հաջողության դեպքում արդեն պարտադիր ապահովագրությունը կտարածվի բոլոր աշխատողների վրա, ընդ որում, Արտակ Մարտիրոսյանի փոխանցմամբ, ամեն ինչ տարվում է նրան, որ ապահովագրական ծախսերը թողնվեն գործատուի վրա: Տեխնիկական խնդիրները համակարգված լուծում են ստանալու, ասում է զրուցակիցս, միայն թե քաղաքացիներն իրազեկ ու պահանջատեր լինեն: