Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Անկախ երկրի քաղաքացին իր իսկ երկրում անկախ լինելու խնդիր ունի

$
0
0


Ինչպիսի՞ն է անկախ Հայաստանի ընկալումը անկախ երկրի ժողովրդի կողմից: Հարցումները ցույց են տալիս՝ միջինից բարձր սերունդը դեռ կառչած է խորհրդային ավանդույթներին: Երիտասարդների հայացքը եւս դուրս է ուղղված, սակայն առավելապես դեպի արեւմուտք: Տարբեր ոլորտի մասնագետները մատնանշում են սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքական եւ սահմանային անկայունությունն ու ավելացնում՝ անկախ երկրի քաղաքացիներն իրենց իսկ երկրում անկախ լինելու խնդիր ունեն, քանի որ չգնահատված, սահմանափակված եւ անհավասար մրցակցության մեջ հայտնելու ռիսկերը բարձր են: Մյուս կողմից էլ Հայաստանն իր զարգացումը չի պատկերացնում առանց միջազգային դոնորների եւ աջակից երկրների: Կարելի՞ է ասել, որ անկախ Հայաստանի ամենամեծ խնդիրն այսօր իր կախյալ վիճակն է դարձել. «Ռադիոլուրն» է փնտրել հարցի պատասխանը:

Ժամանակին ռուսներն աղոթում էին ցարի համար, իսկ տարիներ անց սպանեցին նրան. սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն այս միտքը պատահական չի հիշում: Համեմատելով՝ նկատում է՝ ժամանակին մենք պայքարում էինք Հայաստանի անկախության համար, իսկ հիմա ամենատարբեր խնդիրների լուծումը փնտրում ենք Հայաստանից դուրս՝ տարբեր երկրներում, միություններում ու դաշինքներում: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ամբիոնի վարիչ  Արթուր Աթանեսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ հարցումները պարզել են՝ հայ քաղաքացիները անկախության պահպանումը, ցավոք, երբեմն ստորադասում են այլ խնդիրների:

« Ինչպիսի հիմնախնդիրներ են տեսնում մարդիկ Հայաստանում: Անկախությունը մարդկանց համար 6-7-րդ հարցն է ընդամենը: Սոցիալական խնդիրները, անգամ Ցեղասպանության ճանաչումը, Արցախյան հիմնախնդրի լուծումը 4-րդ, 6-րդ տեղերում էին անցյալ, նախանցյալ տարի: Որպես առավել հրատապ խնդիր դիտարկվում էր աշխատատեղերի ստեղծումը, անվտանությունը, պաշտպանվածություն: Այդպիսի բաներ են մարդիկ ուզում»:

Հարցումները, Արթուր Աթանեսյանի փոխանցմամբ, բացահայտում են՝ միջինից բարձր սերունդը շարունակում է կառչած մնալ խորհրդային ավանդույթներին, եւ նրանց մի ստվար զանգվածը կցանկանար վերադառնալ խորհրդային միություն: Սա միայն մեզ բնորոշ չէ, ասում է զրուցակիցս ու հիշում՝

«14 թվականին ռուսներն աղոթում էին ցարին, իսկ 4 տարի անց նրան սպանեցին, այսինքն՝ հակառակ բանն արեցին: Չի բացառվում՝ մենք էլ, ժամանակին պահանջելով անկախություն, հիմա հակառակը պահանջենք՝ վերադարձ ցանկացած տեղ, միայն թե ոչ անկախությանը»:

Մի փոքր այլ է պատկերը երիտասարդների մոտ: Որպես առանձին սոցիալական խումբ՝ նրանց մի ստվար զանգված շատ հայրենասեր է, պահանջատեր, հետամուտ իրենց պահանջների կատարմանը՝ սկսած մաքուր բնությունից, սոցիալական բարվոք պայմաններից ու իրավունքների պաշտպանությունից: Նրանք սեփական ինքնատիպ երկիրն են ուզում՝ ազատ, սեփական որոշումների տերը: Բայց կան «բայցեր», առանձնացնում է սոցիոլոգը:

«Եթե խորհրդային տարիներին մարդիկ սովորում էին պետության համար եւ պետության մեջ աշխատելու եւ ապրելու համար, ապա հիմա երիտասարդության մեջ կան հակասոցիալական տիպեր, որոնք սկզբունքորեն դեմ են ցանկացած համակարգի, իսկ պետությունը համակարգ է: Դեմ են օրենքներին, դեմ են կանոններին, դեմ են բանակցելուն, համաձայնվելուն, զիջելուն»:

Ինչո՞ւ է ստացվել այնպես, որ անկախություն վաստակած, նվաճած Հայաստանի քաղաքացու հայացքն այսօր դուրս է ուղղված: Ինչո՞ւ է Հայաստանն իր անվտանգությունը փնտրում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններում, իսկ զարգացման հեռանկարները՝ Եվրաինտեգրման գործընթացում: Արդյո՞ք «փոքր երկիր ենք» պատճառաբանությունը տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Եւ կարելի՞ է ասել, որ անկախ Հայաստանի ամենամեծ խնդիրն այսօր իր կախյալ վիճակը դարձել: Վերջին ձեւակերպումը քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը փոքր-ինչ կատեգորիկ է դիտարկում: Բնականաբար, փոքր երկիր լինելը չի կարող բոլոր հարցերի պատասխանն ու խնդիրների հիմքը լինել: Այնուամենայնիվ, «Ռադիոլուր»-ի  զրուցակիցը նկատում է՝

«Հայաստանն իր շահերի զորու կերտում է իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը՝ սակայն, այո, հաշվի առնելով տարատեսակ հարցեր»:

Անկախությունն, ըստ նրա, արժեք է, որը անվտանգության ելակետն է, ու միայն դրանով կարող ես քո զարգացման հեռանկարը որոշել. ասում է:

Իսկ թե որտեղից են սկսվում հայրենիքն ու անկախությունը, տավուշցի դպրոցականներն այսպես են պատկերացնում՝ 

Անկախ այն հանգամանքից, թե Հայաստանն իր զարգացման վեկտորը ուր ուղղությամբ է ուղղում, ստիպված է բախվել «փոքր երկրներն ունեն մեծ խնդիրներ» տեսությանը: Բայց աշխարհում կան փոքր երկրներ, որոնք արդյունավետ կառավարման, մրցունակ գաղափարների ու քաղաքական կամքի շնորհիվ դարձել են առաջամարտիկ: Ուստի Հայաստանի նման փոքր երկրի խնդիրները պետք է փնտրել արդյունավետ կառավարման մեջ, ամփոփում է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը, որպեսզի անկախ երկրի ամենամեծ խնդիրն իր կախյալ վիճակը չդառնա:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles