Սա Շվեյցարիան չէ, բայց ապրել այստեղ կարելի է. դրա համար կա մեր օրերում, թերևս, կարևորագույն նախապայմանը՝ աշխատատեղ: Աշխատանքի շնորհիվ, ի տարբերություն Գեղարքունիքի մարզի մյուս համայնքների, արտագնա աշխատանքի մեկնողների թիվն այստեղ չի գերազանցում մեկ տասնյակը: Ալիսա Գևորգյանի ռեպորտաժը Վարդենիսի տարածաշրջանի Սոթք համայնքի մասին է: Ի դեպ, նշենք, որ լրագրողների այցը Գեղարքունիքի մարզ կազմակերպել էր Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD in Armenia):
Գեղարքունիքի մարզի համայնքների համապատկերում վիճակն այստեղ շահեկանորեն առանձնանում է. Սոթքում աշխատատեղեր կան՝ զորամաս, Ոսկու հանքավայր ու հրաձգարան:
Համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանի տվյալներով՝ գյուղի 270 ընտանիքից 150-ը աշխատանք ունի: Համայնքապետարանի բյուջեն տարեկան 110 մլն դրամ է, որից 66 մլն-ը ոսկու հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն է վճարում՝ որպես հողի հարկ: Հանքավայրից ստացվող հարկերը 2011-ից ուղղվում են համայնքին, արդյունքում գյուղի բյուջեն մեծ է, ինչի շնորհիվ էլ կարողանում են բազմաթիվ խնդիրներ լուծել:
Մինչև 1990-ականների սկիզբը Սոթքն ամբողջությամբ ադրբեջանաբնակ էր: Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում այստեղ բնակություն հաստատեցին Ադրբեջանի Խանլարի շրջանի Ոսկանապատ, Զուրնաբադ ու Ադրբեջանի հանրապետության տարբեր տարածքներից բռնագաղթած հայեր: 1992-ի դրությամբ բնակիչների թիվն այստեղ 3000 էր, այժմ դրա կեսն է մնացել:
Ըստ համայնքապետի, որն ի դեպ ծնունդով Զուռնաբադ գյուղից է, ժամանակին մարդիկ հեռացել են ոչ միայն սոցիալական, այլև եղանակային խիստ պայմանների պատճառով:
Գետաշենից Սոթք տեղափոխված զրուցակիցս երեք զավակ է մեծացրել այստեղ, ամուսնացրել, թոռներ ունեցել, բայց Սոթքի ցրտին դեռ չի հարմարվել: «Հիշողություններով ու երազներով անընդհատ Գետաշենում եմ»,-ասում է:
Խանլարից տեղափոխված Լավինա Շիրինյանն, ի տարբերություն գետաշենցի հարևանուհու, հարմարվել է Սոթքի և՛ աշխարհագրական դիրքին և՛ եղանակային պայմաններին: «Որտեղ ապրում ես, այնտեղին էլ սովորում ես». սա էլ նրա բանաձևն է:
«1989 թվականին ջրի գնով տունը Կիրովաբադում վաճառել ու ընտանիքով տեղափոխվել ենք Սոթք: Սկզբում շատ դժվար էր, հիմա՝ փառք աստծո»,- Նինա Գրիոգորյանն է զրուցակիցս.
«Համեմատության մեջ մեր գյուղն, իսկապես, բարվոք վիճակում է: Հո Շվեյցարիայի հետ չե՞նք համեմատվում, Վարդենիսի մնացած գյուղերի հետ ենք համեմատվում», — ասում է Սոթքի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը: