Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հրդեհ Խոսրովի անտառում. օր 4-րդ

$
0
0


Այսօր առավոտյան «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տարածքի հրդեհի օջախներում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը: Հրդեհի առավել վտանգավոր օջախները որոշելուց հետո, ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է 4 թռիչք՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: ԱԻՆ-ի հաղորդած վերջին նախնական տվյալներով Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ:


«Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն առաջիններից էին, որ փորձում էին կանխել բռնկված ու տարածվող հրդեհը: Հրդեհի պատճառների մասին խոսելը վաղ էր համարվում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող աշխատակիցներն ասում էին, որ եղանակային պայմաններից ելնելով՝ հրդեհը կարող էր բռնկվել ամեն ինչից.

«Կոնկրետ այս պահին որեւէ մեկը չի կարող ասել ինչից է եղել, ոնց է եղել»:

Աշխատանքների արդյունքները, սակայն, վերջնական նպատակին չհանգեցրին, քանի որ ժամանակ առ ժամանակ ակտիվացած քամին նպաստում է հրդեհի արագ տարածմանը: «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչ Հովականյան.

«Էսօրվա վիճակով ոչինչ չեմ կարող ասել: Բռնկվել է, չենք կարողանում դեմն առնել: Երեք օր մենք հանգցնում ենք, հետեւից կպնում է: Ուղղաթիռը օգուտ չտվեց, որովհետեւ քամին կրակը նորից է բորբոքում ու տարբեր ուղղություններով»:

Հրդեհի մասին ահազանգից հետո դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ավելի ուշ միանում են փրկարարները: Աշխատանքները համակարգում է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Աշխատանքներում ներգրավվում է ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքների հետագա ընթացքին փրկարարներին միացան  նաեւ ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 122 զինծառայող: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների 150 աշխատակից եւս միացավ հրդեհաշիջման աշխատանքներին: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը՝ ասում է բնապահպանության նախարարը:

Հրդեհի վայր շտապեցին նաեւ Արարատի մարզի Ուրցաձոր եւ հարակից համայնքներից բնակիչներ: Քաջիկը Նարեկ համայնքի կամավորների խմբի համակարգողն էր.

«Հանձնարարական ենք ստացել ու ինչքան հնարավոր է փորձում ենք աջակից լինել: Վիճակը շատ լուրջ է, դժվար է: Կիլոմետրերով ջուր ենք բերում: Երկու անգամ բարձրանում-իջնում ենք, օդը չի հերիքում, շնչներս կտրվում է, խեղդվում ենք: Վառված ծառերն էլ կարող են ընկնել, դրա համար շատ զգույշ պետք է լինենք»:

Առաջնային խնդիրը՝ հրդեհի առաջխաղացումն ու տարածումը կանխելն էր.

«Պայքարում ենք, որ առաջ չգնա: Ուժերը քիչ են, եթե մի քիչ ավելացնենք՝  գոնե կստացվի»:

Կամավորների անհրաժեշտության մասին հայտարարեցին նաեւ բնապահպանները: Դեռ երեկվանից «Խոսրովի անտառ» մեկնում էին նաեւ բնապահպան-կամավորների խմբեր՝ օժանդակելու հրդեհաշիջման աշխատանքներին:

«Եկել ենք, որպեսզի մեր հնարավորություններով օգնենք՝ այս հրաշք բնությունը պահպանենք»:

Կամավորների հիմնական խնդիրը նույնպես մխացող տարածքներում հողային աշխատանքներ կատարելն էր՝ քամու առկայության պարագայում հրդեհի հետագա բորբոքումների վտանգը չեզոքացնելու նպատակով: Այսօր, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, հրշեջ ինքնաթիռի աշխատանքի ընթացքում կամավորները տարածքից տարհանվել էին:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը օգոստոսի 12-ին` ժամը 12:30-ին էր ահազանգ ստացել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Աննախադեպ աղետի ծավալների մասին առավել հստակ պատկերացումներ կլինեն առաջիկայում:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles