Հայաստանի կինոգործիչների միությունը, որը երկար տարիներ ղեկավարում էր Ռուբեն Գևորգյանցը, վերջինիս մահվանից հետո մնացել է առանց նախագահի: Կինոգործիչների միությունը երկար ժամանակ առանց ղեկավարի չի կարող գործել, ուստի միության անդամներն անհամբերությամբ սպասում են վաղը կայանալիք վարչության նիստին։ Վաղն էլ կորոշվի՝ գումարե՞լ արտահերթ համագումար և ընտրել միության նոր նախագահ, թե՞ նշանակել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ մեկ տարով հետաձգելով միության համագումարը։
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվանից հետո նոր իրավիճակ է ստեղծվել հայ կինոընտանիքում: Միության անդամներից շատերը սպասում են, որ առաջիկայում պետք է գումարվի կինեմատոգրաֆիստների միության համագումար, որն էլ կընտրի միության նոր նախագահին։ Դե իսկ մինչև նոր նախագահի ընտրությունը՝ մթնոլորտը միությունում դժվար է հանգիստ անվանել: Միության անդամների սպասելիքները բավականին մեծ են՝ հատկապես վաղը կայանալիք վարչության նիստից։ Թերևս այդ նիստն էլ վճռորոշ դեր խաղա հնարավոր թեկնածուների առաջադրման գործում: Հարություն Խաչատրյանը, որ նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահն է, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ վաղը պարզ կդառնա կառաջադրի՞ իր թեկնածությունը միության նախագահի պաշտոնում, թե՞ ոչ:
Վաղվա նիստից մեծ են նաև Կինոգործիչների միության հանգուցյալ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդու` կինոռեժիսոր Վահե Գեւորգյանցի սպասելիքները: Ի դեպ՝ հակառակ շրջանառվող խոսակցություններին՝ վերջինը դեռևս չի հայտարարել իր թեկնածության մասին: Ամեն ինչ կորոշի վաղվա վարչության նիստը՝ նշեց զրուցակիցս:
Եթե, այնուամենայնիվ, ինքը չառաջադրվի, կա՞ ինչ- որ մեկը ում տեսնում է միության նախագահի պաշտոնում։ Վահե Գևորգյանցը դժվարացավ առանձնացնել որևէ մեկին:
Ամեն դեպքում՝ հավանական թեկնածուներից մեկն էլ հենց Վահե Գևորգյանցն է, ով այնուամենայնիվ «Ռադիոլուրի» հետ զրույցում չթաքցրեց, որ մտավախություն ունի, որ իրեն կարող են պաշտոնի «ժառանգականության» մեջ մեղադրել:
Այսպիսով՝ վաղվա նիստում կորոշվի գումարե՞լ արտահերթ համագումար և ընտրել միության նոր նախագահ, թե՞ նշանակել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: