Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Կեսարիայում (Կայսերի) սկսվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այն գրեթե 40 տարի օգտագործվել է որպես մարզադահլիճ: Եկեղեցին այսուհետ իր դռները կբացի որպես գրադարան:
Կեսարիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվում են Կեսարիայի քաղաքապետարանի կողմից: Եկեղեցին իր դռներն է բացելու որպես շուրջօրյա գրադարան: Պատմական շինությունը կունենա 50.000 գիրք:
Գրադարանի ծրագրի մանրամասների մասին տեղեկատվություն է փոխանցվել Կեսարիայի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքին: Քաղաքապետին ներկայացված ծրագրերում ներկայացվել են գրադարանի բոլոր մանրամասները՝ գրապահարանները, աշխատանքային սեղանները, լուսավորությունը և այլն:
Գրադարանն ունենալու է մասնագիտական գրականություն՝ մոտավորապես 50 հազար գիրք և հնարավորություն է տալու ինչպես անհատներին, այնպես էլ խմբերին աշխատել գրադարանի տարածքում: Գրադարանն ունենալու է նաև էլեկտրոնային գրքեր և փաստաթղթերի բաժին: Գրադարանին կից նաև գործելու է սրճարան-գրադարան: Վերականգնման աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է գրադարանը բացել 2017թ. աշնանը:
Երկար տարիներ որպես մարզադահլիճ օգտագործվող եկեղեցում իրենց կրոնական արարողություններն իրականացնելու համար Կեսարիայի բողոքական համայնքը դիմել էր եկեղեցին իրենց հանձնելու խնդրանքով: Ստամբուլի բողոքական եկեղեցին դիմում էր ներկայացրել Կեսարիայի քաղաքապետարանին, քանի որ Կեսարիայի բողոքական համայնքը աղոթատեղի չունի: Բողոքական եկեղեցու դիմումը, սակայն, մերժվել էր: