Մանկական զարգացման հիմնադրամն այսօր հրապարակել է 6 գյուղական եւ քաղաքային համայնքների 12 նախադպրոցական հաստատություններում անցկացրած մոնիտորինգի արդյունքները: Ուսումնասիրություններով վեր են հանվել նախադպրոցական հաստատություններին բնորոշ մի շարք ընդհանուր խնդիրներ եւ դրանց լուծման ուղղությամբ ներկայացվել առաջարկներ:
Թեպետ խնդիրների մի զգալի հատված լուծելը ֆինանսական հնարավորությունների հետ է կապված, սակայն, կան նաեւ այնպիսիք, որոնց լուծումը նման դժվարություններ չի պահանջում՝ արձանագրել են քննարկման մասնակիցները:
Պիլոտային ծրագիրն իրականացվել է Արարատում եւ Վայոց ձորում: Մոնիթորինգ է անցկացվել այս մարզերի 6 քաղաքային եւ գյուղական համայնքների 12 նախադպրոցական հաստատությունում: Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն ասել է, որ մշտադիտարկմանը մասնակցել են նաեւ ծնողներ:
Արձանագրված խնդիրներին բավականին մանրամասնորեն անդրադարձել է սոցիոլոգ Տաթեւիկ Մարգարյանը՝ ներկայացնելով մոնիթորինգի հիմնական արդյունքները: Կան խնդիրներ, որոնց լուծումն ամենեւին էլ պայմանավորված չէ մեծ ֆինանսների առկայությամբ, օրինակ՝ նախադպրոցական որոշ հաստատություններում ներքնակները փոխելու անհրաժեշտությունը:
Որոշ խնդիրներ, մինչդեռ, միանգամայն պայմանավորված են համայնքների ունեցած հնարավորություններով: Օրինակ՝ կան համայնքներ, որտեղ նախադպրոցական հաստատության հասանելիությունը լուրջ խնդիր է: Երեխաները շատ են, խմբերում խտությունը սահմանված 25-ից բավականին մեծ, իսկ շատերը հերթագրված են ու հաճախելու հնարավորություն չկա՝ ասել է Տաթեւիկ Մարգարյանը:
Մոնիթորինգի նպատակը նախադպրոցական հաստատություններում մատուցվող ծառայությունների որակի եւ ներառականության բաղադրիչի ուսումնասիրությունն է: Արդյունքում՝ համապատասխան բարելավումների համար առաջարկներ կներկայացվեն տեղական ինքնակառավարման եւ պատասխանատու ու շահագրգիռ մարմիններին՝ ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Կրթության ազգային ինստիտուտի Վերապատրաստումների եւ ատեստավորման բաժնի ներկայացուցիչ Ասյա Հովհաննիսյանի խոսքով՝ բարձրացված հարցերն արդիական են ու կարեւոր, սակայն, անհրաժեշտ է ամեն խնդրի հիմնավորում եւ համատեղ աշխատանք՝ հանուն երեխաների.
Ակնկալվում է, որ օրվա քննարկումներից հետո ի մի կբերվեն բոլոր առաջարկները եւ կձեւավորվեն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված վերջնական առաջարկները: