Ո՞ր տարիքում է ձևավորվում մասնագիտություն ընտրելու ցանկությունը, ին՞չն է նպաստում ճիշտ ընտրություն կատարելուն, որն է ծնողի անելիքն այս հարցում կամ որտեղ է միջամտության սահմանը: Այս հարցերին առնչվում են թերևս բոլորը, իսկ հոգեբանները մասնագիտական խորհուրդներ են տալիս։ «Ռադիոլուրը» որոշ կարծիքներ է ամփոփել։
Ի՞նչ են ծնողներին խորհուրդ տալիս մասնագետները. ինչպե՞ս անել, որ երեխան ճիշտ մասնագիտություն ընտրի, միջամտե՞լ այդ ընտրությա՞նը, թե՞ ոչ:
Կարևորը ճիշտ ուղղորդելն է՝ ասում են հոգեբանները, ուղղորդելն ու հուշելը ոչ թե սեփական նախասիրություններով , ցանկություններով կամ հենց մասնագիտությամբ, այլ՝ երեխայի նախասիրություններով առաջնորդվելով: Նախ պետք է հասկանալ երեխայի անձնային հատկանիշները, հետաքրքրություններն ու առանձնահատկությունները ՝ որպես առաջին քայլ նշում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: «Պետք չէ փաթաթել սեփական կարծիքը, համոզել: Կարևոր է երեխային ինֆորմացիա տալ մասնագիտությունների, շուկայում դրանց հնարավորությունների մասին, ինչու չէ՝ ծանոթացնել այդ մասնագիտության տեր անձանց հետ, որպեսզի երեխան կատարի գիտակցված ընտրություն»։
Մասնագիտության ընտրության հարցն առաջնային դառնում է 15-17 տարեկանում: Հենց այդ տարիքում է երեխան իր համար «կյանքի պլան» գծում և ապագան պատկերացնում իր ընտրած մասնագիտության մեջ:
Իսկ մասնագիտության ընտրությունը, հոգեբանների կարծիքով, մարդու ինքնադրսևորման հնարավորություններից մեկն է: Հոգեբանները մարդկանց մեջ մասնագիտական տեսակներ են առանձնացնում: Օրինակ՝ ռեալիստ տեսակը, որին բնորոշ են չոր մեխանիկական, տեխնիկական աշխատանքները: Մյուսը արտիստիկ տիպն է, որն առաջնորդվում է հույզերով և միշտ ստեղծագործելու հնարավորություններ է փնտրում: Կա նախաձեռնող մասնագիտական տեսակը , որի կրողները ղեկավար ու ադմինիստրատիվ աշխատողներ են դառնում: Իսկ սոցիալական տիպի ներկայացուցիչները կամ նրանք, ովքեր նախընտրում են մարդ-մարդ հարաբերությունները, ուսուցիչ, բժիշկ, հոգեբան են դառնում:
Եթե մարդու տեսակն ու մասնագիտությունը չեն համընկնում, ըստ մասնագետների, հոգեբանական խնդիրներն անխուսափելի են:
Իսկ ի՞նչ անել, երբ երեխան մի մասնագիտություն է ընտրել, իսկ ծնողը համոզված է, որ այդ ընտրությունը լավագույնը չէ կամ չի համապատասխանում երեխայի բնույթին: Հոգեբանն ասում է՝ նախ պետք է հասկանալ այդ ընտրության մոտիվացիան, պարզել , թե ինչու է երեխան հենց այդ մասնագիտությունն ընտրել:
Իսկ խնդիրը լուծելու համար ծնողներին երկու տարբերակ է առաջարկում՝ կամ բացատրել, բացահայտել այն անհամապատասխանությունը, որ կա մասնագիտության տեսակի և երեխայի բնույթի միջև, կամ հակառակը ՝ աշխատել երեխայի հետ այնքան, որ այդ անհամապատասխանությունը վերանա: