Երեւան քաղաքի 1-03 ծառայության 36 մեքենաները քաղաքացիներին սպասարկում են առավելագույն արագությամբ: Զանգի ընթացքում մինչ կարգավարը գրանցում է հիվանդի տվյալներն ու անհանգստացնող գանգատները, 9-15 րոպե է հատկացվում արագ արձագանքման խմբին կանչի վայր հասնելու, 20 -30 րոպե հիվանդի մոտ մնալու, բուժօգնություն ցուցաբերելու, հոսպիտալացման որոշում կայացնելու համար: <<Բարդ ու պարտավորեցնող աշխատանք, որը վերջին շրջանում գնահատելի է դարձել ՀՀ հասարակության կողմից>>,-այսօր ամփոփելով 2016 թվականի <<Շտապօգնության>>աշխատանքը նշել է ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Ամփոփելով ծառայության 2016 թվականի աշխատանքը՝ տիկին Ստեփանյանը հայտնեց, որ անցած տարի կատարել են 247 496 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 49 432 հիվանդ, մանկական կանչերը եղել են 25 270-ը, և հիվանդանոց է տեղափոխվել 9 109 երեխա: 2016 թվականին <<Շտապօգնություն>> ստացված կանչերի քանակով առաջատար են եղել սիրտ-անոթային հիվանդություններով խնդիրներ ունեցող հիվանդները, վերջինիս հաջորդել է սուր շնչառականը, այնուհետեւ վնասվածքները:
Հարկ է նաեւ ընդգծել, որ սիրտ-անոթային խնդիրներով հիվանդների կանչերը 2016 թվականին լինելով 57.456, 2015 թվականի հետ համեմատած 5.928-ով պակաս է գրանցվել: «Այս տարի ամանորյա տոների ընթացքում Երեւանի «Շտապօգնության» ծառայությունը սննդային թունավորման դեպքով ոչ մի կանչ չի ստացել»:
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի տոնական 10 օրերի ընթացքում սննդային թունավորման պատճառով 2 կանչ է գրանցվել: Ամանորյա տոներին շտապ օգնությունը 7.544 կանչ է ստացել. նախորդ տարվա համեմատ՝ 971-ով պակաս: Կանչերի մեծ մասը եղել է գրիպի եւ սուր շնչառական վարակների պատճառով, սակայն դրանց թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քիչ է եղել:
Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ տոնական օրերին «Շտապօգնության» 36 խմբերը սպասարկել են շուրջ 750 կանչ՝ օրական ավելի քան 20 կանչ՝ մեկ բրիգադի համար: Իսկ եթե ներկայացնենք ամբողջ տարվա վիճակագրական պատկերը, ապա ծառայությունն օրական միջինը շուրջ 700 կանչ է ստանում, սակայն գրանցվել են ամիսներ, երբ կանչերի թիվը հասել է 900-950-ի, օրինակ՝ 2016 թվականի հունվար եւ նոյեմբեր ամիսները: Իսկ 2010 թվականին ամենօրյա կանչերի թիվը չի գերազանցել 400-ը:
Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին իրենց աշխատանքը խստացված ռեժիմով են կազմակերպել ոստիկանության աշխատակիցները: 24 ժամյա հատուկ ռեժիմով են աշխատել նաեւ պարեկապահակային ծառայությունը և ճանապարհային ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 9-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 6 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք: Մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 56-ը: Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք: Իսկ անցած 8 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 87-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այժմ արտակարգ իրավիճակների մասին: Դեկտեմբերի 31-ից հունվարի 10-ը բոլորին է հասանելի եղել 911 ծառայությունը: Այս օրերի ընթացքում գրանցվել է 657 ահազանգ, որից 249-ը արտակարգ դեպքերին առնչվող կանչերն են կազմել: <<Մարդկանց վստահությունը ծառայության նկատմամբ օրըստօրե շարունակում է աճել, դա է վկայում նաեւ կենցաղային թեկուզ աննշան դեպքերի վերաբերյալ հնչած զանգերը>>,-Ռադիոլուրին փոխանցեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը՝ ամփոփելով նախորդ 10-ը օրերին 911 ուղղված կանչերը: Ի տարբերություն «Շտապօգնության», որը չի ստացել սննդային թունավորամն կանչեր, 911-ը՝ շմոլ գազից թունավորման դեպքեր արձանագրել է:
Եթե ամբողջացնելու լինենք, ապա 358 կենցաղային դեպքերին վերաբերող զանգեր են հնչել՝ բանալիների կորուստ, դռան փականների հետ կապված խնդիրներ, ջրագծերի խափանում: