Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all 5459 articles
Browse latest View live

Հայաստանում հանգստանալը թա՞նկ հաճույք է

$
0
0


Մատչելի՞ է արդյոք Հայաստանում հանգստանալը ավանդական այս հարցին. պաշտոնական ու ոչ պաշտոնական կարծիքները բախվում են:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը վստահեցնում է՝  Հայաստանում հնարավոր է մատչելի գնով հանգիստ կազմակերպել, անգամ տոնական օրերին:

Մինչդեռ մեր համաքաղաքացիներն ու տուրիզմի ոլորտի փորձագետները հակառակն են պնդում։

 

Հայկական ուրցն ու  մյուս խոտաբույսերը, որոնք աճում են Տավուշի մարզի Գոշ համայնքում, ամենամեծ պահանջարկն ունեն ինչպես Երևանից Գոշ այցելած մեր համաքաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում:

Իսկ տեղացիների համար ուրցը նաև բիզնես է, ինչպես նաեւ սեփական տունը վարձով տալը:

Պարզվում է՝ սեփական տունը հյուրատուն դարձնելու համար պետք է նաև  տան դիրքը հարմար լինի:

Հայաստան այցելող զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն հայկական խոտաբույսերը: Չնայած նախորդ տարվա համեմատ մոտ 21 տոկոսով ոլորտում աճ է գրանցել, այդուհանդերձ աշխարհում շատերը չգիտեն Հայաստանի տեղը, ավելին, այն շփոթում են տարբեր երկրների հետ: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն է փաստում:

Հայաստանի ճանաչելիության բարձրացման բազմաթիվ ծրագրերի իրականացման համար 200 հազար դոլար է ծախսվել, 2018-իի բյուջեով այն կրկնապատկվելու է:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստան այցելությունների թիվն ավելանում է, տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներն առաջարկվող փաթեթների գներից են դժգոհում:

Զբոսաշրջության  պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը  հարցի պատասխանն ունի՝ բիզնես մոդելով՝ առաջարկի ու պահանջարկի սկզբունքն է գործում:

Զարմինե Զեյթունցյանը շարունակում է պնդել՝  այնպես չէ, որ Հայաստանում հանգստանալը շատ թանկ հաճույք է, վստահեցնում է՝ հնարավոր է գտնել  մատչելի տարբերակներ:


Ցուցահանդես՝ նվիրված Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին

$
0
0

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախում սկսվել են  Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները: Ծննդով արցախցի  ճանաչված հոգեւորականի, ականավոր հայագետի եւ մանկավարժին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը սկսվել է Գանձասարում. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ու Մայր Աթոռի հոգեւորականները այդ առթիվ ուխտագնացություն են կազմակերպել Մաղավուզ, որտեղ ուղիղ 150 տարի առաջ ծնվել է  մեր ժողովրդի ականավոր զավակը:

Ինչպիսին էր անցնող տարին լրագրողների համար

$
0
0


2017 թվականին լրագրողներն ու լրատվամիջոցներն աշխատել են շատ բարդ եւ լարված պայմաններում՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով անցնող տարին:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նկատել է, որ մեկ տարի առաջ արձանագրած հիմնական մտահոգությունները մնում են անփոփոխ:

 

 

2017-ը լարված եւ բարդ է եղել լրագրողների ու լրատվամիջոցների համար: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ դա պայմանավորված է եղել խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններով:

Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ ընտրությունների ընթացքում իրենք արձանագրել են լրագրողների նկատմամբ 5 բռնության եւ 27 տարատեսակ ճնշումների դեպք: Նրա խոսքով՝ իրենք առաջընթաց չեն նկատում դրանց մեղավորների լիարժեք բացահայտման եւ պատժելու հարցում: Պնդեց, որ իշխանությունների քայլերն այդ առումով համարժեք չեն:

Մենք փորձեցինք այս գնահատականի, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունների եւ ճնշումների առնչությամբ հարուցված գործերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ նաեւ ՀՔԾ-ից: Ծառայությունից խոստացան ավելի ուշ արձագանքել, սակայն, մինչ հաղորդման հեռարձակումը խոստումը մնած անկատար:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն տարվա ամբողջական պատկերը կամփոփի հունվարին հրապարակելիք զեկույցով: Այս պահին տվյալների վերլուծություն է կատարվում:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ այն երեք հիմնական մտահոգությունները, որ արտահայտել են մեկ տարի առաջ, մնում են անփոփոխ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության կիրառմանը:

Արդյունքում, ըստ Բորիս Նավասարդյանի, Հայաստանը չի օգտվում այն բոլոր հնարավորություններից, որոնք ընձեռում է ոլորտի թվայնացումը: Ոլորտը կարգավորող հերթական նոր օրինագիծն էլ, որ մշակվել է, ամենեւին չի լուծում այն խնդիրները, որոնք կան: Օրինակ՝ մարզային հեռուստաընկերությունների գործունեության առումով լուծումներ տրված չեն՝ կարծիք հայտնեց Բորիս Նավասարդյանը:

Փորձագետները կարծում են, որ առկա նման խնդիրներին օրենսդրությամբ լուծումներ չեն տրվում եւ բացեր են մնում, քանի որ նախագծի մշակմանն իրենց ներգրավվածությունը չի ապահովվել: Այս հարցերի հետ կապված պարզաբանումներ խնդրեցինք ՀՌԱՀ-ից: Այստեղից խորհուրդ տվեցին դիմել հանձնաժողովի իրավաբան Դավիթ Մարգարյանին, որը ներգրավված է նոր օրինագծի մշակման աշխատանքներում: 

Վերջինիս հետ կապ հաստատել, սակայն, այդպես էլ մեզ չհաջողվեց:

Պետության ընդհանուր վիճակի մասին կարելի է դատել նաև տվյալ ժամանակահատվածի ճարտարապետությունից

$
0
0


Ճարտարապետությունը պատմության հայելին է, այն արտացոլում է երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային վիճակը՝ այսօր ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ կան պալատանման տներ և տեղեր, ուր ավելի լավ է ոտք չդնես, վտանգավոր է:

Ճարտարապետությունն է հենց ցույց տալիս, որ մեր երկրում ամեն ինչ կարգին չէ: Մեծ հնարավորություններ են պետք, որպեսզի ճարտարապետությունը զարգանա: Նոր նախագծեր, ծրագրեր կան, բայց դրանց իրականացման համար համապատասխան ֆինանսավորում է անհրաժեշտ, որը, ցավոք, չկա:

 

Ոլորտի միակ ձեռքբերումը ճարտարապետության օրենքի ընդունումն է՝ ամփոփելով 2017 թվականը նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:  Ինչ վերաբերում է ընդհանրապես ոլորտի ձեռքբերումներին, ճարտարապետ նկատում է, որ խորհրդային տարիներին դրանք ավելի շատ էին, քան, օրինակ, անկախ Հայաստանի պատմության մեջ:

Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ տարիներ առաջ իսկապես Երևանն իր դիմագիծն ուներ ու առանձնանում էր յուրահատուկ ճարտարապետությամբ: Ընդհանրապես՝ ժամանակաշրջանի ու պետության ընդհանուր վիճակի մասին կարելի է դատել նաև տվյալ պետության ճարտարապետությունից՝ ասում է նա:

Մկրտիչ Մինասյանի և մեր համաքաղաքացիներից շատերի հետ համաձայն չէ, օրինակ, ճարտարապետ, «Հին Երևան» նախագծի հեղինակ  Լևոն Վարդանյանը:

Նորանկախ Հայաստանի ճարտարապետական նախագծերից է նաև «Հին Երևանը»։ Նախագիծ, որի մասին Ճարտարապետների միության նախագահի բացասական վերաբերմունքն անփոփոխ է:

Մինչ Մկրտիչ Մինասյանը նախագծին դեմ է արտահայտվում, նախագծի հեղինակը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ աշխատանքներն արդեն սկսված են և նախատեսում են օր առաջ այն շահագործման հանձնել:

Դատական օրենսգրքի փոփոխությունները՝ արտահերթի առանցքում

$
0
0

ԱԺ արտահերթ նստաշրջանն այսօր մեկնարկել է  ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններով:

Պատգամավորները պնդում են, որ արտահերթ նիստերով շատ կարճ ժամանակ է տրվում կարեւորագույն օրինագծերի քննարկման համար: Նման աշխատաոճը համարում են կառավարության սխալ աշխատանքի հետեւանք:

«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն անգամ հորդորեց Աժ նախագահին օգտվել իր լիազորություններից եւ կառավարությանը հասկացել, որ լրջագույն օրենքները մեկ ամիս շուտ ուղարկեն խորհրդարան:

Վիճահարույց հարցերից մեկը խորհրդարանն այսօր արդեն հասցրեց արագացված քննարկել եւ ավարտել:

Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում Հայաստանն այս տարի 9 կետով զիջել է իր դիրքերը՝ դատական համակարգի պատճառով: Սա նշանակում է, որ գործարարները չեն վստահում հայաստանյան արդարադատությանը:

ԱԺ փոխնախագահ, տնտեսագետ Միքայել Մելքումյանն էր: Նա դեռ չասաց, որ Doing Business զեկույցում մեր ցուցանիշների նվազման պատճառների մեջ են նաեւ սնանկության գործերի քննությունը:

Ֆիքսել են, որ Հայաստանում սնանկության գործերը քննվում եւ ավարտվում են մոտավորապես 570 օրվա ընթացքում, ինչը երկար ժամկետ է համարվում: Առաջատար դիրքեր զբաղեցնող երկրներում այդ գործերը քննում են 130 օրում:

Այս ամենից գործադիր իշխանությունը հետեւություններ է արել: Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսում է ստեղծել ինչպես Սնանկության դատարան, այնպես էլ մայրաքաղաքում վարչական շրջանների դատարանների փոխարեն ունենալ մեկ՝ ընդհանուր իրավասության Երեւանի առաջին ատյանի դատարան: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ կարծում են՝ այս քայլերով կլուծվեն մի քանի խնդիրներ:

Այսօրվա դրությամբ ՀՀ դատարաններում քննվող գործերի մոտ 70 տոկոսը վերաբերում է գումարի բռնագանձման պահանջներին: Իսկ այս գործերի 80 տոկոսն էլ առնչվում է մինչեւ 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջներին: Այսինքն՝ այս տեսակի գործերը՝ նոր փոփոխություններով, ունեն երկամսյա ժամկետում քննվելու հնարավորություն: Սա  ենթադրում է դատական օրենսգրքի «պարզեցված վարույթների» մասին նոր դրույթը:

Գործադիր իշխանության մտադրությունները լավն են, բայց իրականացման գործընթացին արդեն այս պահին չի վստահում պատգամավորների մի մասը: Նախ՝ դուր չի եկել հսկայածավալ եւ կարեւորագույն օրինագիծը՝ արագացված կարգով եւ արտահերթ նիստով քննարկելու ձեւը: Արտակ Զեյնալյանը եւ Նաիրա Զոհրաբյանն քննարկման այս ձեւում արդեն իսկ ռիսկեր են տեսնում:

Այդ իրականություններից, օրինակ, Սերգեյ Բագրատյանին մտահոգում են համակարգում տարածված կոռուպցիան եւ նոր մարմնի ձեւավորման կարգը:

Հայաստանյան իրականություններն այս նախագծով չեն փոխվի՝ կարծում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ներկայացված լուծումները չեն գոհացնում:

Օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները բավականին ծավալուն են, բայց՝ քննարկման համար հատկացված շատ կարճ ժամանակահատվածում պատգամավորները կարողացան կենտրոնանալ զուտ տեխնիկական որոշ փոփոխությունների վրա։

Հայաստանը փոքր, բայց համեղ պատառ՝ կիբերհանցագործների համար

$
0
0


Կիբերանվտանգության խնդիրներն աշխարհում գնալով լրջանում են՝ այսօր նշել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Տարեց տարի համացանցից օգտվողներն ավելանում են, իսկ դրան զուգահեռ էլ մեծանում են  հակերային հարձակումները:

Այս տարի համացանցում  էլեկտրոնային առևտրի հարթակները թոփ հիսնյակի մեջ են եղել:

 

Ամերիկյան ամենամեծ զեղչերի՝ «Սեւ ուրբաթի» օրը Հայաստանում գրանցվել է օնլայն առեւտրի ողջ տարվա ծավալի 10 տոկոսը՝ այսօր հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ Հայաստանն աստիճանաբար սկսում է հետաքրքրել կիբերհանցագործներին։

Եթե 2016 թվականին համացանցից օգտվում էր Հայաստանի բնակչության մոտ 64 տոկոսը, ապա այս տարի, թեեւ դեռ հաշվարկներ չկան, մեդիափորձագետի դիտարկմամբ,  նրանց թիվը կհատի 75 տոկոսի շեմը:

«Մենք կարող ենք տեսնել, որ օրինակ այցելությունների թվով,  հիմնական էլեկտրոնային  առևտրի հարթակները մտել են թոփ 50-ի մեջ  և արագ բարձրանում են: Հիմնականում դա  Ali express-n  է ու Amazone»:

Ազգաբնակչության  ակտիվությունն այս ոլորտում իր հերթին բերում է այլ վտանգի:  Եթե առաջներում հակերային խմբերին այնքան էլ չէին հետաքրքրում հայերը, քանի որ չունեին գումար հեռախոսների մեջ,  բանկային քարտերում, ապա հիմա  հակառակ պատկերն է: Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հայերն այժմ փոքր, սակայն համեղ պատառ են կիբերհանցագործների համար:

«Նոյեմբերի-դեկտեմբերի ընթացքում  բավականին մեծ քանակի հարձակումներ եղան: Իհարկե, պաշտոնական վիճակագրություն չկա, ես կարող եմ միայն նշել այն օրինակները, որոնք միայն ես գիտեմ,  բայց փաստացի մեծ քանակի բանկային քարտի տվյալների գողության դեպքեր եղան, հենց այդ առևտրի թեժ պահին»:

Բնակչությունը ակտիվորեն օգտվում է օնլայն խանութներից, սակայն չունի անհրաժեշտ գիտելիքներ։ Մարտիրոսյանն ասածն օրինակով է ներկայացնում:  Ֆեյսբուքով գովազդվում է խանութ, որտեղ 5000 դոլարանոց  ապրանքը վաճառվում է  180 դոլարով։

Դրանով  սպառողը միանգամից դառնում է զոհ‘  քարտի տվյալները տրամադրելով խանութներին։ Նախ՝  ապրանքը չի գալիս, իսկ հետո էլ  քարտի տրամադրած տվյալներն օգտագործվում են  մեկ այլ խանութից գնումներ կատարելու համար: Կիբերհանցագործության զոհը չդառնալու համար մեդիափորձագետը նշում է մի քանի կետ, որոնց  առաջարկում է ուշադիր լինել:

«Պետք է օգտվել հայտնի խանութներից, ուշադիր լինել խանութների կայքերին, քանի որ, օրինակ, նույն ալի էքսպրեսն ունի նմանօրինակ կայքեր,  քարտային հաշիվներն ապահովագրելու համար բանկում  միայն օնլայն խանութներից օգտվելու համար  բացել հաշվեհամար  և այնտեղ պահել քիչ գումար,  իսկ գնումներն անելուց առաջ գումարը փոխանցել այդ հաշվին և հետո մնացորդը կանխիկացնել»:

Գոնե այս դեպքում կորուստը քիչ կլինի՝ ասում է:  Ի վերջո՝ տուժած սպառողների  իրավունքներն ինչպե՞ս պետք է պաշտպանել։ «Ռադիոլուրի» հարցին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը պատասխանեց:

«Եթե գործ ունենք դրսի կայքերի հետ, ապա որևէ կառույց մեզ փրկել չի կարող»:

Ժամանակին սպառողները  հասարակական կազմակերպությանը դիմել են, որ կայքերը չեն առաջնորդվում սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով, սակայն նախորդ տարվանից արդեն այդ օրենքը տարածվում է նաև նման դեպքերից տուժածների  դեպքում՝ ասում է սպառողների իրավունքների պաշտպանը: «Ռադիոլուր»-ի  փոքրիկ հարցումներն էլ  ցույց տվեցին, որ մեր համաքաղաքացիները առավել շատ օգտվում են  օտարերկրյա  էլեկտրոնային խանութներից։

Տեղական օնլայն խանութներից գնումների դեպքում կիբերհանցագործության  հարցը հնարավոր կլինի կարգավորել օրենսդրորեն՝ ասում են փորձագետները:

Վառվեցին hանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

$
0
0

Հանրապետության հրապարակում Երևանի ժամանակով 20։00-ին վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնական զարդարանքի լույսերի հետ միասին։

Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումները կշարունակվեն մինչ հունվարի 13-ը:

Lighting of the main Christmas Tree took place on Republic Square of Yerevan, Armenia

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է 

$
0
0

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի,
Արագածի, Արթիկի, Սպիտակի, Սևանի և Եղեգնաձորի տարածաշրջանների
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը`
30-40մ:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:


«Մեր տան» 11 տարվա  արդյունքը

$
0
0

Սոցիալական տարբեր պատճառներով Գավառի և Վանաձորի մանկատանը հայտնվում են ոչ միայն երկկողմանի ու միակողմանի ծնողազուրկ երեխաները, այլ  նաև նրանք, որոնց ծնողները տարբեր պատճառներով հրաժարվել են երեխաներից:  Մանկատանն ապրում են, կրթություն ստանում և չափահաս դառնալուց հետո հրաժեշտ տալիս:  Սկսվում է ինքնուրույն կյանքը:  Էջմիածնի ,,Մեր տուն,, հասարակական կազմակերպությունը վերջերս  ամուսնացրել է  17-րդ սանուհուն:

Մանկատան աղջիկների մի մասը ցանկություն է հայտնել ապրել Էջմիածնի  «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում, որտեղ սովորում են  տիրապետել կյանքի հմտութուններին, հաղթահարել դժվարությունները և ամենակարևորը՝ ներել ծնողներին: Կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը սա համարում է հոգեբանական դժվարությունների հաղթահարման   գործոններից  մեկը:


«Մեր տունը» գործունեության 11 տարվա ընթացքում տարբեր ճակատագրեր է տնօրինել, օգնել աղջիկներին ստանալ կրթություն և աշխատանք: Տարին ամփոփում է 17-րդ հարսանիքով: Ընդունված  կարգ է, աղջիկները պետք է «Մեր տնից» դուրս գան հարսանեկան  քողով և ամուսնական  երդում տան եկեղեցում:  Հերթը՝ Արփինեինն է: 2.5 տարի ապրելով Մեր տանը՝ նա գտավ իր երջանկությունը:  20-ամյա աղջիկը Էջմիածնին էր  եկել Գավառի մանկատնից, որտեղ եղբոր հետ ապրել է 15 տարի: Ծնունդով Շիրակի մարզից է, ծնողները կենդանի են, սակայն ապրում են առանձին:


Արփինեն Գավառի մանկատանն ապրել է մոտ 2 տարեկանից, եղբայրը մեկ տարով մեծ է իրենից: Խոստովանում է, որ բարդույթներից ազատվել է «Մեր տանը» գտնվելու ընթացքում. «Սկզբում ես շատ կոպիտ էի, բարդույթներ ունեի, ինձ հետ շատ աշխատեցին, որ ես դառնամ իսկական աղջիկ, նուրբ…» :

Մշտական  շփման մեջ է մոր կողմի   տատիկի, երբեմն էլ՝  մոր հետ: Ասում է, որ շատ է ցանկացել  կյանքի ամենաերջանիկ օրը տատիկին  իր կողքին տեսնել, սակայն ծերունական հիվանդության պատճառով դա հնարավոր չի եղել:  Արփինեն էլ մյուս աղջիների նման ձեռք է բերել մի քանի մասնագիտություն: Ամուսնության առաջարկը ստացել էր մեկ տարի առաջ «Մեր տուն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-րդ հոբելյանական միջոցառման ժամանակ՝ «Մեգերյան կարպետ» ընկերությունում: Վերջինս էլ հովանավորել  է նրա հարսանիքը:


Տիգրանուհի Կարապետյանը նշում է, որ արդեն ունի 17 փեսա ու 23 թոռ: Յուրաքանչյուր նոր կազմվող ընտանիքի հետ «Մեր տուն» աշխատակիցները նոր ոգևորություն են ապրում, աղջիկների գտած երջանկությունը՝  համարում իրենցը:  Հոգսաշատ ընտանիքը դեռ պրպտումների մեջ է, մանկատնից եկած աղջիկների համար  փորձում  են  նոր ծրագիր իրականացնել, գործ  հիմնել, որը կարող է նրանցից շատերի համար դառնալ  կայուն աշխատանք:


Մեր տան աղջիկներից  պետության կողմից բնակարան է ստացել 3-ը, իսկ մեկին հովանավորել է իտալացի բարերարը:  Հասմիկ Գյուրջինյանն այս տարի տեղափոխվել է Մարալիկի սոցիալական բնակարան:   Սպիտակում նմանատիպ  բնակարան է առաջարկվել  Մարգարիտա, Մարիետա և Արփինե քույրերին, որոնք հրաժարվել են Սպիտակ գնալուց: : Տիգրանուհի կարապետյանը նշեց, որ Մարգարիտան հիմա աշխատում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, իսկ Արփինեն սովորում է մանկավարժական համալսարանում, Սպիտակ տեղափոխվելիս երկուսն էլ կկորցնեն աշխատանքն ու կրթությունը:  Սոցիալական բնակարաններ հատկացնելիս պետք է հաշվի առնել նաև մանկատան սաների զբաղվածության խնդրի լուծումը:

12 թանգարաններ հունվարի 3-ից կգործեն

$
0
0

Մշակույթի նախարարության ենթակայության ավելի քան մեկ տասնյակ թանգարանները կսկսեն գործել հունվարի 3-ից: Նախարարությունից մանրամասնում են, որ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին ժամը 12։00-ից 17։00-ն բաց կլինեն  հետևյալ թանգարանները.

1. Հայաստանի ազգային պատկերասրահ (Երևան, Արամի 1)
2. Հայաստանի պատմության թանգարան (Երևան, Հանրապետության հրապարակ 4)
3. Գրականության և արվեստի թանգարան (Երևան, Արամի 1)
4. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Երևան, Արշակունյաց 28)
5. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
6. Ռուսական արվեստի թանգարան (Երևան , Իսահակյանի 38.Կասկադ համալիր)
7. Ե. Քոչարի թանգարան (Երևան, Մ.Մաշտոց 39/12 .Կասկադ համալիր)
8. Հ. Թումանյանի թանգարան (Երևան, Մոսկովյան 40)
9. Ս. Փարաջանովի թանգարան (Երևան, «Զորագյուղ» ազգագրական թաղամաս, 15, 16)
10. Ե. Չարենցի տուն-թանգարան (Երևան, Մ .Մաշտոց 17, Արամ 60)
11. Մ. Սարյանի տուն-թանգարան (Երևան, Սարյան 3)
12. Օրբելի եղբայրների տուն-թանգարան ( ՀՀ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր, Օրբելի եղբ. փողոց 12):

Ձմեռային զորակոչի հետ կապված բողոքները կքննարկվեն շաբաթը երկու անգամ

$
0
0


2017 թվականի ձմեռային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ այսօր։

Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից:

Ավետ Վարդանյանը մեկն է նրանցից, ում դիմում-բողոքը ՊՆ քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման նպատակով ստեղծված  հանձնաժողովի նիստում քննարկվեց այսօր: Ավետը ներկայացել էր առանց ծնողների, դիմումն էլ անձամբ է գրել:

Մասնավոր բժշկական հաստատությունում խորհուրդ են տվել Ավետին անցնել սրտի հետազոտություն։ Ասում է՝ զինկոմիսարիատը չի ուղարկել համապատասխան հետազոտություն:

Հանձնաժողովի անդամները մանրամասն քննարկում են դիմում-բողոքը։ Բժշկի եզրակացությունը մտահոգիչ է: Հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Վաչագան Մկրտչյանը մեկն է այն ծնողներից, ով մտահոգություն ունի: Ասում է՝ սխալ հետազոտություն է անցկացվել և բժիշկը չի կարող ավելի լավ իմանալ, ունի՞ իր որդին ցավեր, թե՞ ոչ:

«Հանձնաժողովի որոշմամբ կատարված որոշումը տեղին է ու հիմնավորված»,- ասում է Գեղամ Հարությունյանը:

Հայրը որոշման հետ համաձայն չէ:

Դիմումատուի ծնողները, իհարկե, ունեն իրենց պատկերացումներն ու գնահատականները, որոնք երբեմն կիսում ենք, երբեմն՝ ոչ՝ ասում են հանձնաժողովի անդամները: Նաև ցավով հավելում, որ դիմումների ճնշող մեծամասնությունն առնչվում են երիտասարդների առողջական խնդիրներին։

Յուրաքանչյուր դիմողի իրավունքների պաշտպանությունն ամենակարևորն է՝ շեշտում է հանձնաժողովի նախագահը:

Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում:

Զորակոչի ընթացքում քաղաքացիներից  ստացված դիմումների և բողոքների քննարկման նպատակով ստեղծված  հանձնաժողովի նիստերը կգումարվեն յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ Երևանի Մոսկովյան 5 հասցեում:

ՊՊԾ գնդի գրավման գործով դատում կրկին կրքեր են բորբոքվել

$
0
0

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «ՊՊԾ գունդը գրավածների  գործով նիստը դեռ չսկսված ընդմիջվել է. նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ վատացել է Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) ինքնազգացողությունը և նրա համար «Շտապ օգնություն» է հրավիրվել:

Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն էլ խնդրեց բուժօգնություն տրամադրել նաև իր պաշտպանյալին, քանի որ վերջինս հացադուլի մեջ է և շատ վատ վիճակում է գտնվում:

«ՊՊԾ-ը գունդը գրաված Արմեն Բիլյանն արդեն 3 օր է հացադուլ է հայտարարել: Պաշտպան Արմինե Ֆանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ  Բիլյանը հացադուլ հայտարարելով պահանջում է պատշաճ բուժօգնություն ցուցաբերել:

Արմինե Ֆանյանը  պահանջում է   նաև  իր պաշտպանյալին տեղափոխել  «Նուբարաշեն» ՔԿՀ-ից;   Չնայած հացադուլի մեջ գտնվելուն, այսօր  Արմեն Բիլյանը ներկայացել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ     դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «ՊՊԾ» գունդը գրավածների  գործով դատավարությունը:

Մեղադրող դատախազները շարունակում էին   ներկայացնել գրավոր ապացույցները: Ըստ արձանագրության՝ առգրավել են ամբաստանյալների  հագուստները, որով նրանք եղել են ՊՊԾ գնդում գտնված ժամանակ, տարբեր տեսակի զենքեր, մետաղալարեր:

Երբ դատախազ Արամ Արամյանը ներկայացնում էր առգրավված իրերի ցուցակը, Գագիկ Եղիազարյանը փորձեց հայտարարություն անել, սակայն  դատավոր Մեսրոպ Մակյանը,  լսելով հայտարարության մի փոքր մասը, հայտարարեց, որ այն ապացույցների հետ կապ չունի եւ թույլ չտվեց շարունակել:

Գագիկ Եղիազարյանը հրաժարվեց նիստին  մասնակցել։ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ    հայտարարեց՝ իր պաշտպանյալին թույլ չեն տվել ՔԿՀ-ից դատարան բերել տետրը, որտեղ գործին առնչվող գրառումներ են արվել: Երբ դատախազը ցանկանում էր միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնել, Սմբատ Բարսեղյանը շարունակում էր խոսել, որն էլ  առաջացրեց լարված իրավիճակ:

Դատավոր Մեսրոպ Մակյանը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց, որ  ստիպված է լինելու խոսափողները հավաքել։ Ընդմիջումից հետո խոսափողներն արդեն  հավաքված էին:  Սա էլ   առաջացրեց Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանի զարմանքը:

Այս հաստատությունից հետո նախագահող դատավորը հայտնեց, որ վատացել է Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) ինքնազգացողությունը և նրա համար «Շտապ օգնություն» է հրավիրվել: Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն էլ խնդրեց բուժօգնություն տրամադրել նաև իր պաշտպանյալին, քանի որ վերջինս հացադուլի մեջ է և շատ վատ վիճակում է գտնվում: Ընդմիջումից հետո Խանդոյանը վերադարձավ դահլիճ, սակայն դատական դահլիճում կրքերը ոչ միայն չէին հանդարտվել, այլ նոր թափով էին բորբոքվել։

Կրքերը էլ ավելի թեժացան երբ Սմբատ Բարսեղյանը հայտարարեց որ լքում է  դատարանի դահլիճը ու հրաժարվում իր պաշտպանյալ Հայկ Ալումյանից. Դատարանը, որոշեց  Սմբատ Բարսեղյանին 4 ժամ  հեռացնել դատարանի դահլիճից ու  հեռացավ խորհրդակցական սենյակ քննարկելու  փաստաբանից հրաժարվելու հարցը:

Աստղագիտությունը կրկին հետաքրքրում է երիտասարդներին

$
0
0


Ինչպիսին էր անցնող տարին Բյուրականի աստղադիտարանի համար: Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ամփոփել է անցնող տարին և նշել, որ այն իրադարձություններով բավականին հարուստ էր ոչ միայն աստղադիտարանի համար, այլեւ միջազգային աստղագիտական ձեռքբերումների առումով:

Թերևս գուցե հենց դա է պատճառը, որ աստղագիտության նկատմամբ հայ երիտասարդների հետաքրքրությունը աճում է:

Ոչ միայն աստղագիտությամբ հետաքրքրվողների թիվն է աճում, այլև երիտասարդ կադրեր են ավելանում հենց Բյուրականի աստղադիտարանում:

Զրուցակիցս՝ ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Արա Ավետիսյանը հայտնեց, որ չնայած տարեց տարի ուսանողների թիվը պակասում է, հետաքրքրությունը աստղադիտարանի նկատմամբ չի նվազում:

Ուսանողներից բացի այստեղ կարելի է տեսնել նաև բարձր դասարանի աշակերտների, ովքեր արդեն կողմնորոշվել և ընտրել են իրենց մասնագիտական ուղին: Ապագա աստղագետներ են՝ ասում է աստղադիտարանի տնօրենը: Միայն այս տարի 60-70 աշակերտ է այցելել Երևանի աստղադիտարան և ծանոթացել աստղադիտարանի աշխատանքներին, լսել համապատասխան դասախոսություններ:

Եվ իսկապես՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ևս փաստում է, որ տարեց տարի աստղագիտությամբ հետաքրքրվող երիտասարդների թիվն ավելանում է: Եթե մի քանի տարի առաջ աստղադիտարանի աշխատակազմում հիմնականում տարեց աստղագետներն էին իշխում, ապա այսօր երիտասարդ կադրերը տարեցներին չեն զիջում:

Ապագա աստղագետի հանդիպեցի ԵՊՀ բակում: Զրուցակիցս վստահ է և մասնագիտական ընտրությունն է ճիշտ կատարել, և աշխատաշուկայում իր տեղը կգտնի բուհն ավարտելուց հետո:

Շատ աստղագետներ բուհն ավարտելուց հետո մեկնում են արտերկիր և իրենց գիտական գործունեությունը շարունակում հայրենիքի սահմաններից դուրս: Կան նաև աստղագետներ, ովքեր չնայած դրսի առավել բարենպաստ սոցիալական պայմաններին, այնուամենայնիվ վերադառնում են հայրենիք: Այստեղ մեծ է հատկապես Բյուրականի աստղադիտարանի դերը:

Ինչ վերաբերում է աշխատավարձերին, Արեգ Միքայլելյանը նշեց, որ աստղադիտարանի աշխատողների բազային աշխատավարձը նվազագույնից է սկսվում` 60.000 դրամ, իսկ ամենաբարձր աշխատավարձը` հարկերը ներառյալ, 180000 դրամ է: Սակայն թեմատիկ ֆինանսավորման եւ միջազգային գրանտային ծրագրերի մեջ ընդգրկվածների աշխատավարձը հասնում է մինչև 400.000-ի:

Ամանորին ընդառաջ շուկայում գերիշխող դիրք ունեցող ապրանքային խմբերի վերահսկողությունը կխստանա

$
0
0


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում խստացնել վերահսկողությունը:

Վարչապետի խոսքով՝ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը: Դա, ըստ նրա, իր մեջ պարունակում է ապրանքների անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում  առկա մտահոգությունները, Կարեն Կարապետյանն առաջարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահին, Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կվերակազմավորվի հիմնադրամի

$
0
0

ՀՀ կառավարության որոշմամբ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի հիմնադրամի:

Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 21-ի նիստում:

Ըստ հիմնավորման, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հիմնադրամի վերակազմավորելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ցեղասպանության թանգարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու հանգամանքով:

Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի թանգարան-ինստիտուտի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև Սփյուռքից ներդրումների ապահովմանը:

Ակնկալվում է, որ հիմնադրամի կարգավիճակ ստացած թանգարան-ինստիտուտը կվերածվի ինքնավարության առավել բարձր մակարդակ ունեցող գիտական կենտրոնի` Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ոլորտ ներգրավելով նաև օտար ուսումնասիրողների, գիտնականների, ձևավորելու միջազգային հասարակայնության վերաբերմունք հայոց ցեղասպանության նկատմամբ՝ արտաքին աշխարհում անհրաժեշտ ընկալմանը հասնելու նպատակով։

«Կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունը լայն հնարավորություն կտա ավելի ճկուն ու արդյունավետ օգտագործել ֆինանսական միջոցները, թանգարանում ծավալել լրացուցիչ ներդրումներ պահանջող աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով նաև սփյուռքահայ գաղթօջախների ներկայացուցիչների, բարերարների: Հիմնադրամի կարգավիճակը ենթադրում է ավելի բարձր ինքնուրույնություն և ինքնակառավարում ի դեմս հոգաբարձուների խորհրդի, որն իրավասու է սահմանելու ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ»,- նշված է հիմնավորման մեջ:


Առողջապահությունը հանրության կողմից ընկալվում է որպես ամենակոռումպացված ոլորտներից մեկը

$
0
0

«Ասպարեզ» լրագրողական ակումբն այսօր ներկայացրել է «Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսական գործունեության մոնիտորինգի» զեկույցը: Հարցումներ են իրականացվել մարզային 10 շտապօգնության կայանների եւ 20 պոլիկլինիկաների հետ կապված:

Հարցումներին մասնակցել են ինչպես առողջապահական ծառայությունից օգտված քաղաքացիներ, այնպես էլ այդ հաստատությունների աշխատակիցներ: Գնահատվել են ծառայությունների որակը, հագեցվածությունը, աշխատանքային պայմաններն ու հնարավորությունները, կոռուպցիոն ռիսկերը: Ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորվել են նաեւ առաջարկներ:

Կազմակերպիչները կարծում են, որ դրանք կարող են օգտակար լինել եւ պետք է հաշվի առնվեն ոլորտի քաղաքականությունը մշակողների կողմից:

Մարզային բժշկական հաստատությունների մոնիքորինգն իրականացվել է «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի եւ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ: Վերջինիս տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքով՝ նման ուսումնասիրություններն իրենք կարեւորում են ուսումնասիրվող ոլորտներում որակական փոփոխություններ բերելու համար քաղաքականություն մշակելու տեսանկյունից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ ոլորտն իրենց հետաքրքրել էր այնքանով, որ կոռուպցիոն ցուցանիշերի բարոմետրով առողջապահությունը հանրության կողմից ընկալվում է որպես ամենակոռումպացված ոլորտներից մեկը:

«Իհարկե, դժվար է ասել՝ որքանով ավել կոռուպցիա կա այս ոլորտում եւ չի բացառվում, որ դատական, ոստիկանական համակարգերը ավելի կոռումպացված լինեն, բայց մարդկանց ընկալումն այդպիսին է եղել, քանի որ նրանք ավելի մոտիկ են կանգնած եղել առողջապահությանը»:

Սոնա Այվազյանը նաեւ նկատեց, որ, թերեւս, նույն պատճառով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունում առողջապահությունը նույնպես ներառված է առաջնահերթ 4 ոլորտների շարքում:

Բավականին մանրակրկիտ ներկայացնելով մարզային 10 շտապօգնության կայանների եւ 20 պոլիկլինիկաների գործունեության վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները՝ առողջապահության ոլորտի փորձագետ Վիոլետա Զոփունյանը տեղեկացրեց, որ հարցումներ են անցկացվել յուրաքանչյուր մարզում երկուական պոլիկլինիկայի եւ մեկական շտապօգնության կենտրոնի վերաբերյալ: Հարցումներին մասնակցել են ինչպես դրանցից օգտվող քաղաքացիներ, այնպես էլ այդ հաստատությունների աշխատակիցներ:

«Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ ուսումնասիրության թիրախը չի եղել որեւէ կոնկրետ բուժհաստատությունում ինչ-ինչ խնդիրներ բացահայտելն ու անվանական դրանք հրապարակելը.

«Նպատակը եղել է ընդհանրական պատկերը հասկանալը, թե, օրինակ, մարզային շտապօգնության կայանները  ընդհանուր առմամբ ինչ խնդիրներ ունեն: Նույնը՝ պոլիկլինիկաների մասով: Չեք տեսնի անվանական հիշատակում, թե, ահա՛, այսինչ տեղում այսինչ պրոբլեմը կար: Նպատակը դա չի եղել»:

Ուսումնասիրությունների արդյունքում նաեւ ձեւավորվել են առաջարկներ: Առողջապահության նախարարությունից մեզ այսօր չհաջողվեց դրանց եւ ընդհանրապես զեկույցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Լեւոն Բարսեղյանը, սակայն, այսօր տեղեկացրեց, որ զեկույցը նախապես քննարկվել է նաեւ մարզային առողջապահական հաստատությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ նրանք շահագրգռված են եղել եւ մասնակցել են քննարկումներին: Նա զեկույցը համարում է համագործակցային արդյունք:

Ստեղծվում է պետական կոմիտե. այն ավելի լա՞վ կպաշտպանի անտառները

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի բնապահպանության նախարարության համակարգում ստեղծվում է անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:

Ըստ հրամանագրի՝ կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ: Նախաձեռնելով նման կառուցվածքային փոփոխություն՝ կառավարությունում այն պայմանավորում էին ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծմամբ:

Այդպիսի առաջարկով հանդես էին եկել նաեւ բնապահպանները՝ հորդորելով առավել ինքնուրույնություն ապահովել «Հայանտառ»-ի համար: Հիմա, սակայն, բնապահպանները կարծում են, որ կատարված փոփոխությամբ դա չի ապահովվում, հետեւաբար որոշումը կիսատ է ստացվում:

Միակ դրականն այն է, որ ՊՈԱԿ-ի կարգավիճակը փոխվում է պետական կոմիտեի, իսկ գործառնական առումով որեւէ բան չի փոխվելու՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը:

Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը եւ միջոցառումների ցանկին կառավարությունը հավանություն տվեց մոտ մեկ ամիս առաջ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պարզաբանեց.

«Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների վերականգնման, անտառածածկի ավելացման, անտառների բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական նշանակության գործունեության պահպանման եւ զարգացման անհրաժեշտությամբ: Հիմնական փոփոխությունն այն է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվի որպես կոմիտե եւ տեղափոխվի բնապահպանության նախարարության ենթակայության տակ՝ հաշվի առնելով, որ Հայաստանում անտառներն ավելի շատ բնապահպանական եւ սոցիալական դեր ունեն: Դա չի նշանակում, թե չենք կատարելու գյուղատնտեսական ծրագրեր, եթե լինեն»:

Հայաստանի անտառներ ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խնդիրը Հայանտառի ինքնուրույնությունն ապահովելն էր: Իրենք առաջարկել էին դա, սակայն, ստացվում է, որ այսպիսով կառավարությունը խնդրին կիսատ լուծում է տվե:

Կոմիտեի կարգավիճակը կնպաստի ճիշտ կառավարմանը եւ հնարավորություն կստեղծի պահպանման եւ կառավարման ծառայությունների բաժանում կատարել՝ իր խոսքում այսպես էր ասել գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանը, ապա հստակեցրել.

«Այսինքն, աշխատանքային խումբը, որն այսօր պատասխանատու է ե՛ւ անտառի կառավարման, ե՛ւ պահպանման համար. այդ պատասխանատվությունները կտարանջատվեն, որը թույլ կտա կառավարման մակարդակն ավելի բարձրացնել»:

Նազելի Վարդանյանի կարծիքով՝ եթե վերահսկողությունը դուրս բերվի բնապահպանության նախարարության գործառույթներից, ապա, ինչ-որ չափով խնդիրը կլուծի: Սակայն, նա նկատեց, որ մյուս կողմից բնապահպանության նախարարությունն է իրականացնում փորձաքննություն, որը չի հանվում նրա գործառույթներից:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կատարված փոփոխության արդյունքում  իր ունեցած ակնկալիքներն ու հանձնարարականն էր հասցեագրել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:

Նշենք նաեւ, որ Անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին նախագահի հրամանագրով կառավարությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

Հենց դրանց առկայությամբ հնարավոր կլինի արդեն խոսել, թե ինչպիսի լուծումներ են ձեւակերպվել բնապահպանների ունեցած մտահոգությունների հետ կապված:

«Միկշին»-ն առաջարկել է, քաղաքապետարանը՝ հաստատել. ո՞վ ու ինչպե՞ս վաճառեց շենքի տանիքը

$
0
0


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ փորձում է պարզել Երեւանի Ադոնցի 6/1 հասցեում պետական ծառայողների համար պետական ծրագրով կառուցված վեցմուտքանի համալիրին առնչվող հարցերը:

«Ռադիոլուր»-ն արդեն անդրադարձել է, որ կառուցապատող «Միկշին» ընկերության հետ շենքի ավելի քան 300 շահառուները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ պարտադրվող սպասարկման պայմանագրեր՝ ամսական 24 հազար դրամ վճարման պայմանով, հոսանքի ենթակայանի բացակայություն, ինչի պատճառով մարդիկ մարտի մեկից ստացած բնակարաններում պարզապես ապրել չեն կարող, ու «Միկշինի» սեփականաշնորհած տանիքն ու ավտոկայանատեղի ելքը։ Այլ կասկածելի ու զավեշտալի դրվագներ էլ են բացահայտվել:

ՏՄՊՊՀ-ն արդեն երրորդ նիստով քննարկում է տասնյակ խնդիրները, որոնց բախվել է ավելի քան 300 պետծառայող՝ Ադոնցի 6/1-ում բնակարան ձեռք բերելով: Բնակիչների դիմումի հիման վրա հանձնաժողովի անդամները գնացել են բողոքների հետքերով ու պարզել սպասվածից ավելին: Պետական բնակարանաշինական ծրագիրն իրականացնելու համար կառավարության վստահությունը շահած ընկերությունն ամենատարբեր հնարքների է դիմել՝ հարուցելով շահառուների զայրույթն ու հանձնաժողովականների տարակուսանքը:
Շահառուները հարց են բարձրացրել՝ ի՞նչ իրավունքով է «Միկշին»-ն իրենց տանիքին ինքնակամ տեղադրել արեւային կայաններ, իսկ հսկա ավտոկայանատեղի ելքը փակել՝ թողնելով միայն մուտքի նեղացված ուղին, ըստ տեղեկությունների, ավտոլվացման կետ կառուցելու նպատակով: Պարզվում է՝ «Միկշինը» սեփականացրել է տանիքն էլ,  կայանատեղի ելքի հատվածն էլ: Ինչպե՞ս, ո՞ւմ ստորագրությամբ է սեփականաշնորհվել քաղաքացիների բաժնային սեփականությունը։ Կադաստրի պետկոմիտեի ներկայացուցիչ Միքայել Սարգիսջանյանի պարզաբանմանը հաջորդում է շահառուների զայրույթը, որքան էլ հանձնաժողովի նախագահ Շաբոյանը խնդրում է չմիջամտել:

«Ճիշտ է՝ տանիքը պետական գրանցման ենթակա չէ, քանի որ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն է, սակայն գրանցումն իրականացվել է որպես վերնահարկ, ոչ թե որպես տանի»:

Շահառուները հարց են բարձրացնում՝ «Ստացվում է՝ շենքը տանիք չունի՞, միայն վերնահա՞րկ է:

Հաջորդիվ՝ «Միկշին»-ի փաստաբանը պնդում է, թե բնակիչներին պատկանում է միայն իրենց բնակարանը, տարածքի մյուս մասի հետ իրենք գործ չունեն, «Միկշինն» էլ իր քայլերում բնակիչների կարծիքը հարցնելու կարիք չունի: Շահառուները հակափաստարկներ են բերում,  օրենքին հղում անում: Իրենց ձեռքին շենքի նախագծերն են՝ մեկը 2014, մյուսը՝ 2016 թվականի: Վերջինը Երեւանի քաղաքապետարանում «Միկշին»-ի առաջարկով փոփոխվել է: Բայց փոփոխություններից տեղյակ չեն եղել ոչ ծրագրի պետական պատասխանատու Քաղշինպետկոմում, ոչ էլ կադաստրում. վերջինիս ներկայացուցիչը պնդում է, որ իրենք գնալու, տեղում հանգամանքըհ ուսումնասիրելու գործառույթ չունեն, պարզապես հաստատում են ներկայացված փաստաթղթերը:

Ինչեւէ՝ փոփոխությամբ պակասել է բնակիչներին օրենքով պատկանող բաժնային սեփականությունը, ավտոկայանատեղին մնացել է առանց ելքի, հայտնվել են խորդանոցներ, որոնք կառուցապատողն առանձին վաճառել է: ՏՄՊՊՀ- ում երկար հարցապնդումից հետո «Միկշինի» փաստաբանը հայտարարում է՝ իրենց պատկանում է Ադոնցի 6/1 հասցեի 46 հազար քմ տարածքի կեսն ու ավելին: Այնինչ կառուցապատողի սեփականությունը չպետք է գերազանցեր 30 տոկոսը։ Հանձնաժողովում կարգն են մատնանշում ու շեշտում՝ այս հանգամանքը նաեւ բարդացնում է բնակիչների կողմից սեփական համատիրություն ստեղծելը:

«Այսինքն՝ անունը փոխենք, ինչ ուզենք գրանցե՞նք: Կադաստրի գործողություններն էլ հասկանալի չեն: Ո՞րն է դրա իրավական հիմքը: Արդյո՞ք սա պաշտոնական լիազորությունների գերազանցման դասական օրինակ չէ: Սա օրինական չէր կարող լինել, առավել եւս՝ այդքան արագ: Տանիքը բռնում գրում են վերնահարկ ու սեփականաշնորհում»,-ասում է շահառուներից մեկը:

Բոլոր այս հնարքները փոխկապակցված անձանց միջոցով են. «Միկշին»-ը «Ադոնց 6/1 կոմունալ» ընկերության միջոցով պարտադրում է ամսական 24 հազար դրամանոց սպասարկման պայմանագիր, ծառայությունների սակագների հաշվարկ, չնայած հանձնաժողովի պահանջներին, այդպես էլ չի ներկայացվում։ Չի ներկայանում նաեւ սպասարկող ընկերությունների ներկայացուցիչ Կարեն Ղազարյանը, ով բնակիչների պնդմամբ ու բոլոր հասցեներում «Միկշին»-ի ներկայացուցիչն է: Բայց «Միկշինի» փաստաբանն այս կապը պարզապես քաղիրավական հարաբերություն է որակում:

«Իմ ունեցած տեղեկություններով՝ «Միկշին» ընկերությունը կապ չունի նշված ընկերությունների հետ: Իսկ սակագները հաշվարկվել են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների մակերեսներից ելնելով»:

Հանձնաժողովը դեռ պետք է բազմաթիվ խնդիրների մասով որոշում կայացնի: Փաստերը շատ են՝ շահառուների բնակմակերեսները մի քանի քմ-ով ավելի են ներկայացվել, ինչը մարդկանց միլիոններ ու նյարդեր է արժեցել: Շենքի ջեռուցման կաթսայատունը՝ բարձր վտանգավորության օբյեկտ, տեղակայված է շենքի տանիքին, բայց «Միկշինը» դրա փաստաթղթերը չունի՝ ասում է՝ տեղադրող ընկերության մոտ են: Իսկ տեղադրողն էլ, պարզվում է, նույն «Միկշին»-ի տնօրենն է: Զավեշտալի դրվագներ էլ կան՝ բնակարանները ջեռուցելիս ջեռուցվող մակերերեսի մեջ հաշվում են նաեւ բաց պաշտգամբները:

«Միկշինի» ու շահառուների վեճը շարունակվում է»:

Հարյուրավոր քաղաքացիներ հոսանք չունենալու պատճառով ամիսներով չեն կարողանում բնակվել իրենց իսկ տանը:  «Միկշինը» եւ ՀԷՑ-ը նախ ենթակայան չկառուցելու մեղքը բարդում էին միմյանց վրա: Ապա ՀԷՑ-ը պաշտոնապես հայտարարեց, թե ենթակայանը մարտին պատրաստ կլինի, մարդիկ հոսանք կունենան, իսկ առայժմ կտրվի ժամանակավոր լուծում: Ժամանակավոր լուծումը կա, սակայն հիմա էլ «Միկշին»-ը հայտարարում է, թե կառուցվող ենթակայանն այս շենքի համար չէ:

«Ենթակայանը կառուցվող մյուս շենքերի համար է»:

«Այսինքն՝ բնակիչներիս տեսանկյունից ստացվում է, որ հետին միտք կար հոսանքի ստացման պայմանագրեր չկնքելու կամ կնքելը խոչընդոտելու մեջ, որպեսզի սպասարկման պայմանագրերի կնքումն արագացվեր »,-նկատում է շահառուներից մեկը:

ՏՄՊՊՀ ներկայացուցիչն իր հերթին է հակադարձում:

«Շինարարական առաջադրանքով նախատեսված է, որ Ադոնցի 6/1-ը պետք է ունենար ենթակայան, եւ պետք է նախատեսված լիներ դրա տարածքը»:

Շենքը, բոլոր այս խնդիրներով, ստացել է ավարտական վկայական: Քաղաքապետարանը, ՀԷՑ-ը, Քաղշինպետկոմը եւ այլն ստորագրել են ավարտական ակտը՝ աչք փակելով խնդիրների ու թերի փաստաթղթերի վրա: Ինչեւէ: Խնդիրները հասել են վարչապետին: Կա հանձնարարական՝ մինչեւ դեկտեմբերի 25-ը մարդկանց հարցերին տալ պատասխան: ՏՄՊՊՀ-ն փնտրում է պատասխանները:

Միկշինը դեռ որոշ պարզաբանումներ տալիս հապաղում է: Իսկ «Ռադիոլուր»-ը դեռ սպասում է քաղաքապետարանի խոստացած պարզաբանմանը:

Ախաթալայի պոչատարի վթարը վերացվում է, բայց հայտնի չէ՝ երբ է եղել վթարը

$
0
0


Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող պոչատարը վթարվել է և վթարի հետևանքով պոչանքը լցվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի այգին:

Դեպքի մասին հայտնի է դարձել երեկ, սակայն վթարը տեղի է ունեցել ավելի վաղ:

Ի՞նչ գործողություններ են կատարվել, ինչպե՞ս են բնակիչներն իմացել դեպքի մասին և ինչքանո՞վ  կարող է պոչանքը վտանգավոր լինել դպրոցի աշակերտների համար:

 

Ախթալայի ԼՀԿ պատկանող պոչատարը վթարվել է եւ ամբողջ պոչանքը տարածվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի այգում և շրջակայքում: Համայնքի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ տնօրենն Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է վթարի վայրից լուսանկարներ:

Ասում է, որ շատ պատահական է իմացել դեպքի մասին: Վթարի հստակ օր ոչ մեկ ասել չի կարող, բայց այն պետք է տեղի ունեցած լինի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում:

Տարածքում աշխատող տեխնիկան հայտնվել է միայն այսօր, գրառումից հետո՝ ասում է Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի ղեկավարը։ Դեռ չի այցելել վթարի վայր, չգիտի ովքեր են եկել, բայց վստահ է, որ տարածքը պետք է մաքրվի հատուկ տեխնիկայով:

ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի խոսնակ Վրույր Պեպանյանը դեպքի մասին տեղյակ էր: «Ռադիոլուրին» հայտնեց, որ իմանալուն պես այցելել են տարածք: Հիմա կատարվում են մաքրման աշխատանքներ:

Դեպքի մասին երեկ են տեղեկացել:

Ախթալայի թիվ 2 դպրոցն այս պահին վերանորոգվում է՝ հաստատում են զրուցակիցներս: Տարածքն ամբողջովին չմաքրելու դեպքում այն վտանգավոր կլինի անգամ այն ժամանակ, երբ երեխաներն ավելի ուշ վերադառնան շենք:

Այգում տարբեր բույսեր են ցանել երեխաները՝ պատմում է Օլեգ Դուլգարյանը:

Մաքրման աշխատանքները հայտնի չէ, թե ինչքան կտևեն։ Դուլգարյանը վստահ է, որ տարածքը սովորական մարդկային ուժով ու միջոցներով չի մաքրվի՝ այդպես թողնելու դեպքում խիստ վնասակար կդառնա երեխաների համար: Խոստանում է շարունակել հետևել մաքրման աշխատանքներին։

Նադեժդա Բենկլյան՝ Վրաստանում միակ կին օդաչուն

$
0
0


Վրաստանում միակ կին օդաչուն` Նադեժդա Բենկլյանը, արդեն վեց ամիս թռիչքներ է կատարում, երկնքում եղել է 600 ժամ։

Բենկլյանը 14 տարեկանում է որոշել օդաչու դառնալ, երբ ավիատոր հայրը նրան օդաչուների կաբինայում թուլ է տվել մի ողջ թռիչքի ընթացքում ծանոթանալ, թե ինչպես է կառավարվում ինքնաթիռը։

«Ռադիոլուրը» Վրաստանի միակ կին օդաչուին հանդիպել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ թռիչքից առաջ նա ստուգում էր ինքնաթիռը․․․ 

Թռիչքից առաջ հրամանատարի հետ Նադիան ստուգում է  Embraer  ինքնաթիռը, որով թռիչքներ է կատարում արդեն 6 ամիս։ Նա օդաչուների համար նախատեսված խցիկում (կաբինայում) է տեղավորում քարտեզներով լեցուն հաստափոր այն գրքերը, որոնք անհրաժեշտ են յուրաքանչուր օդաչուի արտակարգ դեպքերում այլ օդանավակայաններում վայրէջք կատարելու համար։ Նա «Ռադիոլուրին» պատմում է, թե ինչպես է օդանավը նախապատրաստում թռիչքի:

«Ես միացնում եմ ինքնաթիռի համակարգը, որը դուք տեսնում եք այստեղ, ինչպես նաև  թռիչքի ուղին։ Այս ամենից 40 րոպե անց սկսում է բորդինգը՝ նստեցումը, և ուղևորները ներս են գալիս։ Դիսպետչերից  ստանում ենք թռիչքի իրավունք և դրանով սկսվում է օդային կյանքը»,-ասում է Նադիան, ով կրում է ինքնաթիռի տեսքով ոսկեգույն ականջօղեր։

Նադյան անկեղծանում է՝ օդաչու դառնալն իր մանկության երազանքը չի եղել։ Ինք էլ շատ աղջիկների նման երազել է երգչուհի կամ դերասանուհի դառնալ։ Հայրը Անկախ Վրաստանի լավագույն օդաչուներից էր եւ դա ազդեցություն թողեց մասնագիտության ընտրության հարցում։

«Ես 14 տարեկանում ինքնաթիռի խցիկում եմ թռել․ հայրս անձնակազմի անդամ էր և ինձ էլ թողեցին մտնել օդաչուների խցիկ։ Ինձ շատ դուր եկավ ինքնաթիռը կառավարող օդաչուների գործը։ Հենց այդ ժամանակ մտածեցի օդաչու դառնալ, մտնել այդ աշխարհ»։

Ասում է, որ այդ օրվանից սկսեց կարդալ ինքնաթիռի ու օդաչուների մասին գրքեր, նայել տեսանյութեր։ Դպրոցն ավարտելուց հետո արդեն ինքն իր համար որոշել էր։ «Հայրս օդաչու էր, բայց չէր ուզում, որ նույն ճանապարհով գնամ»,- ասում է նա։

 «Մայրս լացում էր՝ ասելով արդեն հոգնել եմ․ հայրդ միշտ երկնքում է, ամեն օր նայում եմ ամպերին, սպասում․․․ չեմ ուզում քեզ էլ այդպես սպասել»։

Ծնողները նույնիսկ երկրորդ կուրսում փորձեցին փոխել ֆակուլտետը, սակայն դասախոսների հետ հանդիպումից հետո հրաժարվեցին այդ մտադրությունից։ Նադյան գերազանցությամբ ավարտելով ավիացիոն ակադեմիան, ուսանողական տարիներին Թելավիի օդանավակայանից գրանցած հաջող թռիչքներով աշխատանքի անցավ Վրաստանի ազգային ավիափոխադրող ընկերությունում՝ georgian airways-ում։

Փոքրամարմին, նուրբ այս աղջիկը կարողանում է այնպիսի փափուկ վայրէջքներ կատարել, որ ուղևորները ցանկանում են տեսնել օդաչուին։ Նրանք հիանում են, երբ իմանում են, որ օդաչուն աղջիկ է։

«Նման դեպքերում, իհարկե, ուղևորներն ինձ ոգևորում են, ուզում եմ էլ ավելի  զարգացնել իմ կարողությունները, առաջ գնալ, դառնալ լավագույնը»։

Ասում է՝ վայրէջքը թռիչքի ամենակարևոր մասը չէ, գլխավորն այն է, որ ինքնաթիռն այդ պահին հասնի անվտանգ, առանց խախտումների․

Embraer-ից հետո նա որոշել է վարել Boing մեծ օդանավեր, դառնալ ինքնաթիռի հրամանատար։

«Այսօր դա իմ գլխավոր ձգտումն է, ինչին նպատակաուղղված գնում եմ։ Գիտեմ, որ դա սարերի հետևում չէ»։

Վրաստանի միակ կին օդաչուն ծնվել է Վրաստանի Բորժոմի քաղաքում, ռուսական կրթություն է ստացել։ Ասում է՝ տանը տատիկն ու պապիկը հայերեն են խոսում, որ ինքը չմոռանա։ Վերջում, թռիչքից րոպեներ առաջ, բարեմաղթանք հղեց հայերենով.

 «Շնորհավորում եմ Նոր տարին, ցանկանում անվտանգ թռիչքներ»։

Viewing all 5459 articles
Browse latest View live