Աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Կոնգոյի Հանրապետության արտաքին գործերի, համագործակցության և սփյուռքի հարցերով նախարար Ժան-Կլոդ Գակոսոյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Կոնգոյի արտգործնախարարը, նշելով, որ ջերմությամբ է հիշում Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով նախորդ տարի Հայաստան կատարած այցը, ընդգծել է, որ ուրախ է այսօր ստորագրել մի փաստաթուղթ, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ մեկ տարի առաջ Երևանում։
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այդ առումով կարևորվել է համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են երկու երկրների արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվությունների անցկացման մասին հուշագիրը։