Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի 14 -ամյա բնակիչ Արմեն Պողոսյանը հենաշարժական խնդիրների պատճառով տեղաշարժվում է մանկական սայլակով, որի վրա մի կերպ է հարմարվում: Արմեն Պողոսյանը կրթությունը ստանում է տանը: Հասարակությունից մեկուսացած տղայի մասին ուսուցիչներն ավելի ուշ են իմացել: Արմենը տարբեր երազանքներ ունի, դրանցից մեկը մարզվելն է, ցանկանում է հետախույզ դառնալ, ինչպես նաև հիմնել հասարակակական կազմակերպություն և օգնել հաշմանդամ երեխաներին:
Ալաշկերտի Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում հայ գրականության ժամ է, այս դասարանում է սովորում Արմեն Պողոսյանը, սակայն նա դպրոց չի գնում, ուսուցումը կազմակերպվում է տանը: Արմենը հաշմանդամություն ունի, նա շարժվում է սայլակով: Շարժվելը մեղմ է ասված, քանի որ Արմենի մանկական սայլակը չափազանց փոքր է 14 տարեկան աճող տղայի համար: Ծնողները չեն կարողանում լուծել հաշմանդամության սայլակի խնդիրը: Հայրն ասաց, որ սայլակ ձեռք բերելու խնդրանքով դիմել է Արմավիրի մարզպետարան, սակայն դեռ արձագանք չկա: Արձագանքն ուշանում է, տղան մեծանում: Մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ ծնված Արմեն Պողոսյանը երկար տարիներ ապրել է մեկուսացած, նրա մասին ուսուցիչներն ավելի ուշ են իմացել, երբ 10 տարեկան էր: Իմացել են և ներքաշել հանրակրթության ոլորտ:
Ուսուցչի այցելությունը շատ բան փոխեց Արմենի կյանքում, դասվար Անահիտ Զաքարյանը դարձավ միակ հարազատ մարդը, ում ամենաշատն էր տղան սպասում: Տառերի և թվերի ուսուցմանը զուգընթաց Արմենին առավել գրավել են սիրելի ուսուցչուհու պատմած ավանդապատումները, որոնք դրական ներազգեցություն են ունեցել իր վրա, զարգացրել մտահորիզոնը, առաջ քաշել նպատակներ և որոնել դրանց հասնելու ուղիները: Անահիտ Զաքարյանն ասում է, որ ամեն անգամ զարմացել է Արմենի կառուցողական մտածելակերպով:
Արդեն 4 տարի Արմենի ուսուցումը անցկացվում է տանը: Դպրոցի տնօրեն Մարգարիտա Դանիելյանը ցույց տվեց այն ուսումնական պլանը, որով առաջնորդվում են ուսուցիչները: Կազմվել է անհատական ուսուցման դասացուցակ, առարկայի ուսուցումը չի գերազանցում 30 րոպեն:
Անգլերենի իմացությունը թույլ է տալիս ազատ օգտվել համակարգչից, Արմենի նախասիրած առարկան հայոց լեզուն է:
4 տարվա կրթությունը օր-օրի փոխում է Արմենի երազանքներն ու ցանկությունները, սկզբում՝ բժիշկ, հիմա՝ հետախույզ, իսկ ամենակարևորը հաշմանդամություն ունեցող երեխաների հասարարակական կազմակերպության բացում: Նպատակը նույնն է՝ իր նման երեխաներին բուժել և օգնել: Արմեն Պողոսյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ծնողները չեն աշխատում, սեփականաշնորհված հող չունեն, մշակում են միայն տան դիմացի հողակտորը: Դպրոցի տնօրեն Մարգարիտա Դանիելյանը մտահոգված աշակերտի և նրա ընտանիքի սոցիալական վատ ապրելակերպով, ցանկացել է սոցիալական թեմաներով հեռուստահաղորդումների միջոցով հովանավորներ գտնել, սակայն հաշմանդամություն ունեցող տղան դեմ է եղել եթերից երևալուն: Մայրը պատմում է, որ 4 տարի առաջ Արմենին մի քանի վիրահատություններ են արել , ըստ որ նրա օրգանիզմը սկսել է աճել, մկաններն ու հոդերը շարժվել:
Արմենի առողջության լավացմանն օգնել են նաև վերականգնողական բուժումները: Ցավոք, հիմա փոքր սայլակի և ֆինանսական դժվարությունների պատճառով տղան չի կարող շարունակել: Արմենը վստահ է, որ կկարողանա քայլել նաև հատուկ հենակներով:
Օրեր առաջ Արմեն Պողոսյանի ծննդյան օրն էր, դասընկերներն արդեն երկրորդ տարին անակնկալ են պատրաստում նրա համար: Այս հարցում յուրաքանչյուր աշակերտ անհատական մոտեցում ունի, իրենք են պատրաստում այն բացիկները, որի վրա գրում են իրենց բարեմաղթանքները:
Արմենի ծննդյան օրը նրա համար տոն դարձնելը և դասընկերների հետ նշելը դասղեկ Նաիրա Մալխասյանի նախաձեռնությունն էր՝ սիրով ենք աշխատում Արմենի հետ, փորձում ենք ավելի վառ ու լուսավոր գույներ հաղորդել նրա կյանքին:
Արմենի կյանքը կփոխվի ինքնուրույն շարժվելու և հասարակական միջավայրում շփվելու միջոցով, երբ նա կկարողանա դուրս գալ իրենց մութ և թույլ լուսավորված սենյակից:
Ալաշկերտի 640 աշակերտական տեղով արդեն 8 տարի վերակառուցվող դպրոցում պայմանները բավարարում են հաշմանդամություն ունեցող տղայի ուսուցումը դպրոցում շարունակելու համար: