Արմավիրի մարզում ներառական կրթությունը կազմակերպվում է 47 դպրոցում, որտեղ ընդգրկված է 1190 աշակերտ: Արգավանդ գյուղի միջնակարգ դպրոցում ներառական կրթությունն իրականացվում է այս ուսումնական տարվանից: 23 երեխա արդեն ներառվել են, միայն առաջին դասարանում սովորում է տարբեր խնդիրներ ունեցող 3 երեխա: Ներառական կրթության մասնագետները չունեն համախատասխան աշխատասենյակներ, նրանք պարապմունքներն անցկացնում են միևնույն սենյակում: Հոգեբանի սենյակը առաջին դասարանցի Էդմոն Հակոբյանի սիրելի տեղն է:
Վեց տարեկան Էդմոն Հակոբյանի համար դժվարություն չէ առավոտյան ոտքով գյուղի մի ծայրից հասնել մյուս ծայրամասում գտնվող դպրոց: Նա արդեն երկու տարի հաղթահարել է այդ դժվարությունը: Սկզբում՝ նախակրթարան, ապա հանրակրթական դպրոց: Էդմոնը իր հասակակիցների հետ սովորում է միևնույն դասարանում, լսում դասերը, մասամբ կատարում ուսուցչի տված առաջադրանքները: Մասամբ, քանի որ Էդմոնի ունակությունը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից:
Էդմոն Հակոբյանը վեց տարեկան է, բայց արդեն 2 անգամ վիրահատվել է, առաջինը 1 տարեկանում, երկրորդը՝ 3, երրորդ վիրահատությունն առջևում է: Նրա մոտ ախտորոշված է հիդրոցեֆալիա: Մայրը՝ Շուշանը, ասում է, որ բժշկական սխալի հետևանքով Էդմոնը ծնվել է հղիության 7-րդ ամսում՝ գլխուղեղի ներփորոքային արյան զեղմամբ: Նա ընտանիքի երրորդ զավակն է: Հիվանդության բարդությունները լուծվում են մարմնում տեղադրված սարքի՝ շունտի միջոցով, որը հնարավորություն է տվել տղային շարժվել, քայել ու կենսունակ լինել:
Ծնված օրից մինչև հիմա Էդմոն Հակոբյանը շրջապատված է հոգատարությամբ և ուշադրությամբ, շարունակական բուժումներն արդարացնում են ծնողների և հարազատների սպասումները: Փոքրիկն ապրում է լիարժեք կյանքով, շփվում է հասակակիցների հետ, խաղում, լսում երաժշտություն, նկարում՝ թեև դեռ դժվարանում է տարբերել գույները, սակայն դրանք հաղթահարելի են:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքով կարգավորվում և հավասար հնարավորություններ է ընձեռվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հավասար հիմունքներով ստանալ կրթություն: Արմավիրի մարզում 1190 աշակերտ ներառական կրթություն է ստանում 47 կրթօջախում: Արգավանդ գյուղի միջնակարգ դպրոցում ներառական կրթությունն իրականացվում է այս ուսումնական տարվանից, որտեղ ընդգրկված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 23 երեխա: Դպրոցի տնօրեն Մխիթար Դանիելյանը տեղեկացրեց, որ 10 երեխայի կարիքները բժշկահոգեբանամանկավարժական գնահտման կենտրոնի գնահատումից հետո նույնպես կստանան ներառական կրթություն: Օրենքը թույլ է տալիս մեկ դասարանում սովորել մինչև 3 նույնատիպ կամ տարբեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Էդմոն Հակոբյանը դասարնում միակ ներառական կրթություն ստացող երեխան չէ, նրա հետ սովորում են Գարեգինն ու Արշամը: Գարեգինն ունի խոսքի խնդիր, իսկ Արշամի մոտ նկատելի են խոսքի, քայլքի հապաղում և մտավոր խնդիր:
Առաջին դասարանում սովորող 34 աշակերտից դասվար Սոնա Դանիելյանը անհատական է պարապում կրթության առանձնահատուկ պայամանների կարիք ունեցող 3 երեխայի հետ: << Երեքի հետ էլ անհատական եմ պարապում, հուսամ արդյունք կտա մեր աշխատանքը>>,- ասաց դասվարը:
Էդմոնի մոտ արդեն նկատելի են դրական փոփոխությունները: Եթե ուսումնական տարվա սկզբից Էդմոն Հակոբյանի և Արշամ Ոսկանյանի մայրերը դասարանում նրանց կողքին են եղել, հիմա Էդմոնն ինքնուրույն է: Հոգեբան Ձյունիկ Վարդանյանը նշեց, որ տարվա սկզբին Էդմոնը դժվարությամբ է նստել աշակերտական նստարանին, շարունակ շարժվել է դասասենյակում. <<Այս երկու ամսվա ընթացքում զգալի փոփոխություններ ունենք, նա իրեն հանգիստ է պահում դասարանում, լսում ուսուցչուհուն >>:
Էդմոնի համար սիրելի ժամերից է ներառական կրթության մասնագետների հետ անցկացնելը, լեգոներով բազմահարկ տներ է կառուցում, երկրաչափական պատկերներ հավաքում:
Արգավանդի դպրոցում ներառական կրթության համակարգի մասնագետները չունեն համապատասխան պայմաններ, ուսուցումն իրականացնում են մեկ սենյակում, տարբեր ժամերի, աշխատում են նաև խմբակային: Դպրոցի տնօրեն Մխիթար Դանիելյանն ասաց, որ շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս ներառական կրթության ուսուցման համար առանձին սենյակներ տրամադրել, քաի որ դպրոցի երկու մասնաշենքում սովորում է 313 աշակերտ, սակայն հունվարից հետո կաշխատեն խնդիրը լուծել:
Կեսօրին էդմոնը նույնքան ճանապարհ հաղթահարելով հասնում է տուն: Դժվարությամբ, բայց դասերը սովորում է, նպատակը մեկն է՝ աստղ ստանա. <<Խնձորն ունի երկու վանկ և մեկ ձայնավոր հնչյուն>>:
Տանը ցույց տալով իր ընդունակությունները, փոքրիկ չարաճճին ուշադրությունը սևեռելով խոսափողի վրա, ձեռքիցս վերցրեց և հարցազրույց սկսեց իր ընտանիքի անդամների հետ՝ չմոռանալով նաև արտասանել :