Կառավարությունը պատրաստվում է մարտական պայմաններում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին միանվագ եւ ամսական փոխհատուցում վճարել։ 2016-ի ապրիլի դեպքերը ցույց են տվել, որ միայն բյուջեի միջոցներով անհնար է ապահովել նրանց սոցիալական պաշտպանվածությունը։ Կառավարությունը դիմել է մի նոր քայլի, որը կարծես միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից։
Կառավարության նոր որոշումը լուրջ քննարկումների թեմա է դարձել հասարակության մեջ, այդ թվում սոցիալական ցանցերում։ Խոսքը զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին ամեն ամիս ապահովագրական վճար հատկացնելու նպատակով ստեղծվելիք հիմնադրամն է, որի գումարները գոյանալու են յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից ամսական 1000 դրամ գանձելով։ Գործընթացը մեկնարկելու է հունվարից: Հարցը խիստ հակասական է, քանի որ այն գտնվում է թե բարոյական, թե մարդկային, թե արդարության եւ թե ճիշտ կառավարման սկզբունքների խաչմերուկում է, եթե կարելի է իհարկե այդպես ասել:
Կառավարության այս նախաձեռնությունը քննադատողներից է օրինակ <<Հետք>> պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նա առաջիններից էր, որ Ֆեյսբուքում արձագանքեց՝ հիշեցնելով, որ բանակի ամբողջ բեռը միեւնույնն է ժողովրդի վրա է: <<Աշխատողները ոչ թե հազար դրամ են դնում ամեն ամիս իրենց աշխատավարձից, այլ ավելի շատ։ Նրանք դրա մասին ոչ մեկին չեն ասում, սուսուփուս դա անում են տարիներ շարունակ՝ չնայած ոչ մի պաշտոնյայի երեխա բանակում չի էլ ծառայում>>,- գրել էր նա՝ նորաստեղծ կառավարությանը նաեւ հուշելով իրական փողերի տեղը. <<Այդ հազարական դրամները հավաքելու փոխարեն թալանածը հետ բերեք եւ դրեք բանակի վրա>>,- խորհուրդ է տվել Բաղդասարյանը:
Ֆեյսբուքյան արձագանքով իրադարձություններին անդրադարձել է նաեւ <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը: <<Վճարելու եմ այդ 1000 դրամը։ Լուռ, անխոս, առանց ձեւականության՝ համարելով նաեւ՝ պարտադիր։ Ամեն ինչ անելու եմ, որ այդ համակարգը կայանա>>,- գրել է նա՝ միաժամանակ համաձայնելով, որ շատ են թալանել, հղփացել, միլիոնատեր դարձել, բայց այդ ամենում՝ ստվերում մնաց մի կարեւոր գաղափար, որը նախաձեռնության հիմքն էր՝ հայ զինվորականի ապահովագրումը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այս դեպքում հիշեցնում է, որ ապրիլյան պատերազմից հետո կար որոշակի ոչ համակարգված աշխատանք՝ զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին երաշխիքների տրամադրման հետ կապված: Ըստ էության՝ խնդիրներին համակարգային լուծում է տրվում, ասում է նա: Չի կարծում, որ հազար դրամի բեռը մեծ է լինելու աշխատող քաղաքացիների համար:
Համակարգը եւ համապատասխան հիմնադրամ ստեղծելու գաղափարը պաշտպանողներից է նաեւ ԱԺ-ում Հանրապետական խմբակցութ յան քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Բոլոր աշխատողների կողմից կամավորության սկզբունքով յուրաքանչյուր ամիս հազար դրամ պետք է փոխանցվի: Վստահությունը եւ հավատը հենց կատարված գործողություններից էլ բխելու է: Ես ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ անվստահության մթնոլորտ չսերմանենք»,- ասում է։
Առաջարկին դեմ արտահայտվողները, ի դեպ, բերում են եւս մեկ հիմնավորում: Եթե ստեղծվում է հիմնադրամ, ապա անպայման պետք է ունենա աշխատակազմ՝ համապատասխան ղեկավարով, տեղակալներով, աշխատողներով, վարորդներով եւ քարտուղարուհիներով: Իսկ դրանք եւս լրացուցիչ ծախսեր են: Սա կարող էր լինել եւ լավ գաղափար, բայց ինչպես մյուս լավ գաղափարները, որոնք կիրառելի են այլ երկրներում, մեզ մոտ մատուցվեց շատ վատ ձեւով եւ առաջացրեց հասարակության մեջ ընդվզում՝ կարծում է ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:
Նախագծին, որն այսօր նախնական քննարկվել է պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովում՝ ընդվզել է նաեւ նույն հանձնաժողովի անդամ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Խորհրդարանին ներկայացված առաջարկը համարում է նոր կառավարության լուրջ վրիպում:
Ի դեպ, նախագիծն ընդունելու դեպքում առաջանալու է մեկ այլ՝ սոցիալական անարդարության խնդիր: Պատճառն այն է, որ նախագծով առաջարկվում է նոր կարգը կիրառել 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող դեպքերի վրա, օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: Այսպիսով՝ կրկին ուշադրությունից վրիպելու են Արցախյան պատերազմի հերոսների, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորվածների եւ զոհվածների ընտանիքները: Քոքոբելյանը նշում է, որ նկատել է արդեն նաեւ որոշակի անհանգստություն հանրության շրջանում, թե ինչպես են հաշվարկվել այն գումարների չափը, որը անհրաժեշտ կլինի զինծառայողների ընտանիքներին փոխհատուցելու համար: