Կյանքի մեծ մասն արտերկրում անցկացրած, մի քանի լեզուների տիրապետող, Գերմանիայում անգամ մշտական բնակության իրավունք ստացած, իսկ 2014-ին Հայաստան տեղափոխված Տիտալ Օսմանովին հանդիպել եմ Ուրցաձոր համայնքի Հայլո կոչվող սարատեղում, որտեղ եզդի երիտասարդն այսօր ավելի քան 100 ոչխար է պահում: «Առանց Հայաստանի ապրել չեմ կարող»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում խոստովանել է եզդի երիտասարդը։
1993 թվականին ազգությամբ եզդի Տիտալ Օսմանովի ընտանիքն Արարատի մարզի Այգավան գյուղից տեղափոխվեց Ռուսաստան, 12 տարի հետո կրկին վերադարձան Հայաստան, երկու տարի անց ուղղություն վերցնելով դեպի Ուկրաինա: Ավելի ուշ՝ շուրջ երեք ու կես տարի Տիտալն ապրում էր Գերմանիայում: «Հենց Բեռլինում, անգամ մշտական բնակության իրավունք էի ստացել, բայց չդիմացա, առանց Հայաստանի ապրել չեմ կարող»,- ասում է երիտասարդը։
Գերմանիայի փոխարեն Հայաստան. Գեղամա լեռներում Տիտալն այսօր անասնապահությամբ է զբաղվում: Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար. ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի օժանդակությամբ ձեռք բերված ոչխարների թիվն այսօր շուրջ հարյուրի է հասնում: Ծրագրերը շատ են, գերնպատակը՝ ոչխարների թիվը հնարավորինս մեծացնելը։
Եթե եզդին ոչխար չունի, ուրեմն հայ է, էլ ինչ եզդի. տարածված այս հումորը, ըստ Տիտալի, իրականում լուրջ հիմքեր ունի: Ոչխարաբուծության ոլորտում եզդին մրցակից չունի: Տիրապետում են գաղտնիքների, որոնք միայն նրանց են հասանելի: Հաջողության գաղտնիքը հարյուրամյակների ընթացքում կուտակած փորձն է, որը, կարծեք, գենետիկորեն փոխանցվել է նաև կյանքի մեծ մասն արտերկրում անցկացրած, մի քանի լեզուների տիրապետող Տիտալ Օսմանովին։
2015-ին Տիտալի ամուսնությունն էլ տեղի ունեցավ ազգային ավանդույթներին համապատասխան: Ամեն ինչ որոշեցին ծնողները։ Այդուհանդերձ՝ Տիտալը կարծրատիպերին հլու- հնազանդ հետևողներից չէ : Աշխարհ տեսած երիտասարդը նորագույն տեխնոլոգիաները կենցաղ ու անասնապահության ոլորտ տեղափոխելու կողմնակից է: Հեղափոխական նորամուծությունների հարցում պատրաստ է լինել առաջինը։