տեղադրվել է ժամը 15։51- ին
լրացվել է ժամը 19։05- ին
Այսօր ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները: Ավարտին է մոտենում նաև մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձեւավորումը։ Կառավարության 2016-17 թվականների միջոցառումների ծրագրին է այսօր անդրադարձել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը և նշել, որ նոր չափանիշներով կտրուկ մոտենում ենք պաշտպանությունների կազմակերպման եվրոպական չափանիշներին, իսկ խորհուրդների աշխատանքը դառնում է առավել թափանցիկ: Կառավարության ծրագրից բխող բարեփոխումներին է անդրադարձել նաև ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Նա մասնավորապես կարևորել է գիտության ֆինանսավորումը հիմնականում կիրառական ծրագրերի ուղղությամբ:
Բարձրագույն որակավորման հանձնաժողովը բարեփոխումների լուրջ գործընթաց է սկսել: Բարեփոխումները միտված են ՀՀ կառավարության 2016-2017թթ. մմիջոցառումների ծրագրի իրականացմանը, այն է՝ «գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում, եվրոպական երկրների հետ համադրելի համակարգի ստեղծում»: Ըստ այդմ՝ արդեն ավարտվել են Հայաստանի գիտական աստիճանի շնորհման անվանացանկի վերահաստատման աշխատանքները:
Հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների եւ բուհերի մասնագետների կարծիքները՝ ԲՈՀ-ը վերանայել է անվանացանկը՝ այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր՝ նշեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
Իհարկե կան մասնագիտություններ, որոնց դոկտորներ ընդհանրապես չունենք: Օրինակ ռազմական գիտությունները, աստվածաբանությունը այլ մասնագիտությունների հետ չեն միավորվել, սակայն այս գիտությունների դոկտորների Հայաստանում չկան՝ նկատեց ԲՈՀ-ի նախագահը: Լիլիթ Արզումանյանի փոխանցմամբ՝ աստիճանաշնորհման նոր անվանացանկի հիմքով ստեղծվել են նոր մասնագիտական խորհուրդներ, նոր չափանիշներով: Մասնավորապես յուրաքանչյուր գիտնական կարող է լինել միայն մեկ խորհրդում և մեկ մասնագիտությամբ: Այս նոր չափանիշներով նաև պաշտպանություններն ու խորհուրդների աշխատանքը կդառնա առավել թափանցիկ:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք այդ թափանցիկությունը վերաբերելու է նաև պաշտոնյաների պաշտպանությանը, Լիլիթ Արզումանյանը պատասխանեց, որ ընդհանրապես չի հասկանում պաշտոնյաների գիտական աստիճան ստանալու իմաստը:
Վերադառնալով ոլորտի բարեփոխումներին՝ նշենք, որ կառավարության ծրագրից բխող գիտության ոլորտում սպասվող բարեփոխումներից է նաև գիտության՝ մասնավորապես կիրառական ծրագրերի ֆինանսավորումը։ Մինչև հիմա գիտական համայնքի հետազոտությունների մեծամասնությունը վերաբերում էր հիմնարար հետազոտություններին: Անդրադառնալով այս ծրագրին՝ Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ Վարդան Սահակյանը հայտնեց, որ 2018 թվականից հետազոտությունները հիմնականում լինելու են կիրառական բնույթի:
Կառավարության ծրագրից է բխում նաև գիտահետազոտական կազմակերպությունների վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակումը։ Հայաստանում այն 70 տարեկանն է։ Անդրադառնալով այս ծրագրին՝ Վարդան Սահակյանը նկատեց, որ նպատակը արդյունավետ սերնդափոխությունն է: