32 տարի շարունակ ամեն առավոտ շտապում եմ աշխատանքի ու ամեն անգամ դասարան մտնելիս միայն իմ առարկայից չեմ խոսում, այլ նաեւ համաշխարհային գրականությունից, երկրի վիճակից, պետական մտածողությունից` «Ռադիլուրին» պատմում է Տավուշի մարզի Լուսաձորի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սոնիկ Զեյնալյանը ու հիշում դպրոցի երանելի ժամանակները, երբ դասերն անցկացվում էին լեցուն դասարաններում։
«Ես սովոր եմ դասավանդել 20- 25 աշակերտ ունեցող դասարաններում, բայց արդեն 7- 8 տարի է իմ աշակերտների թիվը 5-ը չի գերազանցում»,- ասում է տիկին Զեյնալյանը: -Տխրում եմ, որ օր օրի գյուղերը դատարկվում են, մարդիկ ամեն օր բռնում են արտագաղթի ճանապարհը, ինչ չէինք կարող ասել պատերազմի տարիների համար»:
Տավուշի մարզի Լուսաձորի դպրոցում ձմռան ամիսներին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները դասի են նստում վերարկուներով, տաք գլխարկներով ու շարֆերով: Մեր այցելության պահին էլ ականատես եղանք հենց այդ պատկերին. Հակառակ դասասենյակում ցրտին՝ աշակերտները ժպիտով պատասխանում էին մեր բոլոր հարցերին։ Այն հարցին, թե չե՞ն ցանկանա արդյոք տեղափոխվել այլ դպրոց, որտեղ պայմաններն առավել բարենպաստ կլինեն ու դաս անցկացնելն ավելի հաճելի, նրանք միաբերան պնդեցին՝ սիրում են իրենց դպրոցը ու չեն ցանկանում այլ վայրում սովորել: Իսկ դպրոցում իսկապես ցուրտ էր:
Լուսաձորի հիմնական դպրոցը կառուցվել է 150 աշակերտի համար. բայց այսօր դպրոցում սովորում է 32 աշակերտ. Հետևաբար՝ ուսուցումն էլ իրականացվում է երկկոմպլեկտ սկզբունքով։ Դասվար Էլմիրա Դավթյանը, ով դպրոցի ստեղծման օրվանից աշխատում է, նշում, որ աշակերտների համար այդքան էլ դժվար չէ երկկոմպլեկտ դասարանում դաս անելը։ Դժվարը մանկավարժների համար է, թեեւ ասում են, որ արդեն սովորել են ու 45 րոպեանոց դասաժամը կարողանում են բաշխել այնպես, որ ոչ մի երեխայի հարց անպատասխան չմնա։
Լուսաձորի գյուղապետ Վարդան Սարդարյանը, ով այս տարի է ընտրվել, ասում է, որ դպրոցում աշակերտների թիվը կարող էր ավելի շատ լիներ, եթե ձմռան ամիսներին դպրոցում այսքան ցուրտ չլիներ: Սակայն խոստովանում է, որ ցուրտը միակ պատճառը չի, այլ նաեւ, որ դասերն անցկացվում են երկկոմպլեկտ դասարաններում։
Նկատենք սակայն, որ, ըստ էության, մանկավարժներն աշխատում են երկու դասարանում ,բայց վարձատրվում են մեկ դասաժամի համար։