լուսանկարը՝ <<Առավոտի>>
Երևանում տպարանի շենքի քանդման թույլտվությունը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենադի Կարապետյանը Ռադիոլուրի հետ զրույցում վստահեցրել է,որ Երեւանի կենտրոնում գտնվող 100 տարվա պատմություն ունեցող առաջին տպարանի շենքի քանդման շուրջ ստեղծված աղմուկն անտեղյակության արդյունք է:
Երկու օր առաջ Երևանի կենտրոնում ապրող բնակիչները պայթյունի ձայնը լսելին անկնկալի եկան: Մի քանի րոպե անց պարզ դարձավ, որ պայթեցվել է Հանրապետության փողոցում գտնվող նախկին առաջին տպարանի շենքը։ Երևանցիներն ասում են, որ նախապես իրենց ոչ ոք պայթեցման մասին չէր տեղեկացրել:
Տպարանի շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Այն ներառված չէր ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Շենքի սեփականատերը՝ «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենադի Կարապետյանը, քանդման թույլտվություն ստանալու համար դիմել էր Երևանի քաղաքապետարան և ստացել այն: «Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն: Պայթեցման եղանակով քանդում իրականացնելու լիազորություններ քաղաքապետարանը չունի»,- «Ռադիոլուրին» հայտնեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։
Տպարանի տեղը սեփականատերը կառուցելու է բազմաֆունկցիոնալ շենք: Գենադի Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է՝ Երեւանի կենտրոնում գտնվող 100 տարվա պատմություն ունեցող առաջին տպարանի շենքի քանդման շուրջ ստեղծված աղմուկը անտեղյակության արդյունք է: «Մենք քանդել ենք այդ բակի տարածքը,հիմնական ճարտապետական հետաքրքություն ներկայացնող մասերը պահպանվել են։ Դիմել ենք հուշարձանների պահպանություն կոմիտե ճշտելու համար՝ դա հետաքրքրություն ներկայացնո՞ղ շենք է, թե՞ ոչ:Ասեցին, որ դա հուշարձանների ցուցակում չի գրանցված»,- ասում է շենքի սեփականատերը:
Նա նկատում է, որ հանրության կողմից նման արձագանքի չէր սպասում։ Այն բնական կլիներ, եթե ամբողջ շենքը քանդվեր: Այսօր փաստացի պահպանվել են երկու հիմնական մուտքերը, իսկ բակի մասը, որը չէր երևում ու առանձնապես ոչինչ իրենից չէր ներկայացնում, քանդվել է՝ ասում է Կարապետյանը։
Օրեր առաջ լրատվամիջոցների հետ հարցազրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ասել էր, որ խնդիրը սեփականության դաշտ է տեղափոխվել եւ սեփականատերը ինքն է որոշել` ինչպես վարվել։ «Այդ շենքը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում և ուներ սեփականատեր, ով որոշել է քանդել այն ու նոր շենք կառուցել: Շենքի պատմամշակութային արժեքի հետ կապված այնքան էլ համամիտ չեմ, շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր: Եթե արժեքավոր լիներ, անշուշտ, մենք կներառեինք այն պատմամշակութային ուշարձանների ցանկում»։
Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տրամադրում է պայթեցման աշխատանքներ իրականացնելու լիցենզիա, բայց ԱԻՆ-ը չի ընդունում կոնկրետ շինություն պայթեցնելու որոշումը։ Ինչ վերաբերում է վերոնշյալ շենքի պայթեցման աշխատանքներին, ապա արտակարգ իրավիճակների նախարարությունը միայն իրականացրել է անվտանգության կանոնների պահպանության վերահսկողություն. պայթեցման աշխատանքների ընթացքում տեղում հերթապահություն է իրականացրել մեկ մարտական հաշվարկ՝ հայտնում են ԱԻՆ- ից։