Կառավարության նիստից հետո լրագրողների հետ է հանդիպել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Անդրադառնալով Գյումրու «Շիրակ» օդանավակայից դեպի Մոսկվա 10 հազար դրամ արժողությամբ ավիատոմսերով թռիչքներ իրականացնելուն, նա հայտարարել է, որ «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի այն, որ ավելի մատչելի և այլ տրամաբանության մեջ տոմսեր առաջարկի:
«Սա շատ կարևոր իրադարձություն է հենց այն պատճառով, որ «Շիրակ» օդանավակայանը մեր կողմից նախատեսված և նախագծված ձևաչափով է սկսելու աշխատել»,-ասել է վարչության պետը:
Նշենք, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016-ի նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից:
«Բյուջետային ավիաընկերությունները, ինչպիսին է նաև «Պոբեդա»-ն աշխատում են «սկսած… մինչև» տրամաբանությամբ: Վերին շեմը, պարզ է, շատ բարձր չի լինի, որովհետև «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի դրա ցածր գինը: Նախատեսվում է զարգացնել Գյումրու «Շիրակ»-ը՝ որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան: Գյումրիի օդանավակայանի գները, այո, ցածր են: Մենք օրենքում փոփոխություններ արեցինք ու վերացրեցինք պետտուրքն այդ օդանավակայանից մեկնող ուղևորների համար, Գյումրիում չի գործում 10 հազար դրամի պահանաջը: Կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջը և տեսնել, որ դրա կողմից իրականացվող տոմսերը գները սկսվում են 999 ռուբլիից: Եթե չեմ սխալվում, դա կազմում է շուրջ 7500 դրամ»:
Ավետիսյանի խոսքով՝ Վրաստանում բաց երկնքի քաղաքականությանն անցում է կատարվել մոտ 10 տարի առաջ. «Սա նշանակում է, որ մենք մի փոքր ուշացումով ենք մտել այստեղ: Ժամանակ է պահանջվում, որպեսզի աշխարհն ադապտացվի դրան, որպեսզի հասնի այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստ է վերանայել համաձայնագրերը, պատրաստ է հնարավություններ տալ ավիափոադրումներ իրականացնելու համար»,-հայտարաել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը: Նա նաև ասել է, թե իր կարծիքով, պտուղներն արդեն իսկ տեսանելի են:
Հարցին, թե Վրաստանից շուրջ 40 ԱՄՆ դոլարով Եվրոպա են մեկնում, Հայաստանում այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում, Սերգեյ Ավետիսյանը պատասխանել է. «Եթե հիմա «Շիրակ» օդանավակայանը «Պոբեդա» ավիաընկերության առաջին մուտքով սկսի վաճառել 10 հազար դրամ արժողությամբ տոմսեր, սա կնշանակի ձեր հարցի պատասխանը»: