տեղադրված 09.30
լրացված 16.18
Այսօր աշխարհում նշվում է Բնական աղետների նվազեցման միջազգային օրը: Ընդունված է ասել, որ բնական աղետների 90 տոկոսը կապված է կլիմայի փոփոխության հետ, մնացածը՝ մարդկային գործոն է: Մյուս կողմից՝ կլիմայի փոփոխությունը նույնպես որոշ չափով կապված է վնասակար գործունեության հետ: Կարո՞ղ են արդյոք մարդիկ ազդել բնական աղետների վրա, ինչպես նվազեցնել դրանց թիվը եւ որ աղետներն են հատկապես սպառնում Հայաստանին: Այս բոլոր հարցերի պատասխանները առաջարկում ենք ստանալ «Ռադիոլուրի» անդրադարձում:
Միայն անցյալ տարի՝ 2015-ին, բնական աղետներից ամբողջ աշխարհում տուժել է մոտ 100 միլիոն մարդ, զոհերի թիվը հասել է հազարների, տնտեսական վնասը կազմել է շուրջ 92 մլրդ դոլար: Ամեն տարի ՄԱԿ-ը հայտարարում է, որ բնական աղետների առումով դիտարկվող տարին ռեկորդային է: «Սպասվում է, որ այս տարին նույնպես ռեկորդ կսահմանի»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը: Հայաստանի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում բնական աղետների թիվը տարբեր գնահատականներով աճել է 2-ից 4 անգամ:
ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի համար բնական աղետների առումով Հայաստանում երկրաշարժից հետո առաջնային խնդիր են սողանքները: Սողանքային տարածքները կազմում են Հայաստանի ընդհանուր տարածքի 4,1 տոկոսը, գրանցված են 2000-ից ավելի խոշոր սողանքներ՝ մոտ 500 քառակուսի կիլոմետր տարածքով: Շատերը գտնվում են բնակավայրերի սահմաններում՝ մասնավորապես Իջեւան, Կապան, Վանաձոր, Դիլիջան եւ այլ քաղաքներում: Սողանքային տարածքներ կան նաեւ Երեւանում:
Մարատ Գրիգորյանի ներկայացմամբ՝ Դիլիջանում, օրինակ, կառուցապատման ժամանակ գնահատվում են միայն տվյալ տարածքի սողանքային ռիսկերը, բայց բնության օրինաչափությունների համաձայն՝ ակտիվացող սողանքը չի շրջանցելու կոնկրետ շենք եւ շինություն: Մասնագետները ժամանակին դիմել են կառավարությանը՝ առաջարկներով եւ հակասողանքային համալիր ծրագրերով: Առաջարկներն այդպես էլ մնացել են թղթի վրա: Համալիր պայքարը, բնականաբար, ունի որոշակի ծախսեր՝ կախված սողանքային դաշտի զբաղեցրած տարածքից: Օրինակ՝ Ողջաբերդի սողանքային դաշտում հակասողանքային աշխատանքների համար նախատեսվել էր 150 միլիոն դրամի չափ գումար: Գումար չունենալը կամ աղետների համար միայն բնությանը մեղադրելն այնքան էլ արդարացի չէ: Որոշ դեպքերում իրավիճակի վրա ազդում է նաեւ մարդու վնասակար գործունեությունը: Բայց Մարատ Գրիգորյանը կարծում է, որ բնապահպանությունը եւ հարմարավետ կյանքը կարելի է համատեղել: Հաջողված օրինակներ աշխարհում արդեն կան:
Այս ճանապարհն է ցույց տալիս նաեւ Միավորված ազգերի կազմակերպությունը: Սեպտեմբերի 25-26-ը Նյու-Յորքում անցկացված ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանի ժամանակ ընդունվեց Կայուն զարգացման համաշխարհային ծրագիր, որը գործելու է մինչեւ 2030 թիվը: Ծրագրում ընդգրկված է 17 նպատակ տարբեր ուղղություններով, տարբեր ոլորտներով: Միայն մեկ կամ մի քանի ուղղությամբ պայքարը չի լուծի մարդկության դեմ ծառացած խնդիրները:
Փոխկապակցված 17 նպատակների մեջ են մտնում նաեւ կայուն արտադրությունը եւ սպառումը, այսինքն՝ նոր եւ մաքուր տեխնոլոգիաները, կայուն կամ, ինչպես հիմա են ասում, «խելացի» քաղաքների ստեղծումը: «Խելացի քաղաք» կառուցելու համար, ի դեպ, Հայաստանում որպես փորձնական ծրագիր ընտրվել է Գորիսը: