ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց կատարեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Աշտարակ-Թալին հատվածում, որտեղ ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, նախարարին ներկայացվեց աշխատանքների ընթացքը։ Ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը նշեց, որ 18.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։ Իրականացվել է նաև շուրջ 18.8 կմ հիմքի և 19.5 կմ ենթահիմքի տեղադրում։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։
Նախարարը հանձնարարեց տեմպերն ավելի արագացնել, ճանապարհի բետոնապատ երկու հատվածների միացումն ավարտել և առաջիկա ամիսներին այս հատվածում երթևեկությունը մասնակի բացել։
Թալին-Լանջիկ ճանապարհի 80-րդ կմ-ում «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության մասնագետների կողմից ենթահիմքի փորձարկման աշխատանքներ են ընթանում։ Հատուկ սարքերի միջոցով կատարվում է ճանապարհի հարթության և ենթահիմքի ստուգում։