Անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի կազմում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է ընտրվել։
Ազգությամբ հայ Իզաբելա Օսիպովան առաջադրվել է երկրի Օմբուդսմենի կողմից՝ խորհրդարանում ստանալով 93 ձայն։
Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը ողջունում է ազգային փոքրամասնությունների կողմից ընդունված ներկայացուցչի մուտքը հոգաբարձուների խորհուրդ։ Երկրում գործող հայկական, ադրբեջանական, ռուսական, եզդիական և այլ էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող շուրջ 60 կազմակերպություն կողմ էր այդ պաշտոնում թբիլիսահայ Իզաբելլա Օսիպովայի թեկնածությանը։
Վերջինս «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ Օմբուդսմենի գրասենյակից (մինչ այժմ համակարգում էր Օմբուդսմենի գրասենյակին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհուրդը, խմբ․) տեղափոխվում է լրատվական դաշտ՝ երկրում ապրող տարբեր ազգերի հարցով իր առաջարկությունների ծրագրով։
«Առաջին հերթին առաջ եմ քաշելու ազգային փոքրամասնությունների ինտեգրացիայի հարցը։ Դա տեղի է ունենալու նաև իրենց հասանելի լեզվով երկրում ընթացող գործընթացների մասին տեղեկություն ստանալով»։
Եզդիական համայնքը ներկայացնող, ներգրավվածության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագիտ Միրզոևը նշում է, որ Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունները, որ կազմում են երկրի բնակչության 15 տոկոսը գրեթե ներգրավված չեն կառավարման ու որոշումների կայացման հարցում, քանի որ նաև իրազեկ չեն։
«Մենք սպասում ենք, որ հանրայինն իր աշխատանքում այսուհետ բավարար չափով կներկայացնի երկրի էթնիկ ու կրոնական բազմազանությունը»։
Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը, որ հեռարձակվում է երկրի գրեթե բոլոր շրջաններում «ճգնաժամային ռեյտինգում» է հայտնվել. լսարանն անգամ երկու տոկոսի չի հասնում։ Այս պատկերը փոխելու համար նոր ղեկավարությունը մի շարք փոփոխություններ է ձեռնարկել, այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ արտադրանքի հարցում, որոնք ընթացքի մեջ են, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց հեռուստաընկերության գլխավոր տնօրենի օգնական Ռամիլա Ալիևան։
«Մենք պատրաստվում ենք հայերեն և ադրբեջաներեն լեզուներով օնլայն ինտերնետ ռադիո հեռուստատեսության գործարկման ուղղությամբ, ընթացքի մեջ է վրացերեն լեզվի ուսուցման ու տարածման մասին հաղորդումը, ինչպես նաև հանրայինի ստեղծման օրվանից հավաքված եզակի արժեք ներկայացնող արխիվային նյութերի հրապարակումը»։
Հեռուստաընկերության տնօրենի օգնականը, ով հիմնականում համակարգում է հայերենով, ադրբեջաներով և մյուս փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումները, նշում է, որ ընկերությունն այսօր, քան երբևէ հետևում է Հանրային հեռարձակման մասին օրենքին, որը պարտադրում է եթերային ժամանակ տրամադրել ազգային փոքրամասնությունների լեզուներով ծրագրեր և հաղորդումներ հեռարձակելու համար։ Ըստ նրա, օրինակ նախկին իշխանությունների տարիներին հայերենով ու ադրբեջաներենով հեռարձակվող լրատվական հաղորդումները նույնիսկ որոշ ժամանակով փակվել էին։
«Մի խոսքով մենք ուզում ենք ասել, որ Վրաստանում ապրող քաղաքացիները անկախ իրենց ազգանունից, էթնիկ ու կրոնական պատկանելիությունից վրաց հասարակության մասն են․․․ Հանրայինը կարծում եմ ազգային փոքրամասնությունների հարցով որդեգրած իր ծրագրով կարող է օրինակ ծառայել նաև կառավարության համար»։
Ասում է Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի օգնականը՝ հաղթանակ համարելով հոգաբարձուների խորհրդում ազգային փոքրամասնությունների աջակցությունը վայելող թեկնածուի հաստատումը։