2018թ. ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: Նշված վիզաների համար ընդհանուր առմամբ այլևս հայտերը չեն կարող ներկայացվել Գերմանիայի դեսպանություն։ Այս քայլը միտված է դիմումների սպասելաժամանակի կրճատմանը:
Ներկայում դեսպանության առցանց գրանցման համակարգում Շենգենյան վիզայի համար 2018թ. ապրիլից սկսած այլևս պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություն չկա: Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձում է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ հայկական դրամով: Այսուհետ դեսպանությունը կշարունակի վիզայի դիմումներ ընդունել խիստ սահմանափակ ծավալով: Ազգային վիզաների դիմումների և այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Դեսպանությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դիմումների ընդունման և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացները միմյանցից անկախ են:
Վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցները: