Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Մասնագիտությունը հրաձիգ, կոչումը զինվոր

$
0
0

«Արցախյան պատերազմում մենք հաղթել ենք, բայց չեմ ցանկանա, որ պատերազմը կրկնվի,  մարդկային կորուստներ ունենանք»,- ասում է Արմավիրի «Արծիվ-13» ջոկատի անհետ կորած  հրաձիգ  Ալբերտ Ամիխամյանի այրին: 13 տարի միասին, 26 տարի առանց ամուսնու:

Ջոկատի  անհետ կորելուց 16 տարի անց Սվետլանա Մելքոնյանը  տեղեկացել  ամուսնու զոհվելու մասին, Մարտակերտի ազատագրման ժամանակ:

Արդեն 26-րդ  գարունն է  տիկին Սվետլանան դիմավորում է առանց ամուսնու՝ Ալբերտ Ամիրխանյանի, ում հետ ապրել է ընդամենը 13 տարի: Նրա հետ անցկացրած  տարիներն այնքան հագեցած  են եղել, որ մինչև օրս ապրում է ամուսնու հուշերով և  ուժ ստանում:

1992 թվականի հունիսի 13-ին Ալբերտը մեկնեց Արցախ, սակայն Սվետլանայի մտքով չանցավ, որ այդ օրը վերջին անգամ էր տեսնելու ամուսնուն: Ալբերտ Ամիրխանյանը անհետ կորել է 1992թ-ին արցախյան պատերազմում,  Մարտակերտի ազատագրման ընթացքում: Նա  Արմավիրի «Արծիվ 13» ջոկատից էր, և լավագույն հրաձիգներից մեկը: Պատերազմի թոհուբոհում կամավորականներից  շատերը չեն տիրապետել զենքին:  Այս գործը վստահված էր Ալբերտին:

Հրաձգությունը նրա  սիրելի զբաղմունքներից մեկն էր, երկրորդ մասնագիտությունը: Մասնակցել է հրաձգության մրցումներին՝ արժանացել պատվոգրերի: Պատերազմի ժամանակ Ալբերտ Ամիրխանյանը  Հոկտեմբերյանի ջոկատը կամավորականներով համալրելու և հրաձգության դասերի կազմակերպմամբ էր  զբաղվել: Նա գիտակցել է, որ պատերազմում զինվորների քանակով չեն հաղթում, այլ մարտավարությամբ: Այս խնդրով մտահոգված Արմավիրի կրակադաշտերում ու բաց տարածքներում ՝տղաներին կրակել է սովորեցրել:

Գնացել էր  կռիվ ու վերադարձել, շարունակել կամավորականների հավաքագրումը: 1992 թվականի հունիսի 28-լույս 29-ի գիշերը Ռուբիկ Եղոյանի ջոկատի  26 մարտիկներն անհետ կորան անհավասար մարտում՝ ընկնելով շրջափակման մեջ: Նրանց մեջ էր նաև Ալբերտը: Դեպքից օրեր առաջ կնոջը հանգիստ չէր տվել   չարագուշակ երազը: Ներքին տագնապը  ստիպել է հետևել շտաբի մուտք ու ելքին՝ սպասելով լուրի: Հետո հայտնել են  բոթը:

Վերհիշելիս Սվետլանան հուզվում էր, վերապրում՝ ծանր օրերը:  Կինը հույսը չէր կտրել սպասելուց ՝ աչքը  ճամփին պահելով:  1992թ հունիսի 29-ից  16 տարի անց անհետ կորածների հարազատները  տեսանյութի միջոցով տեղեկացել են նրանց զոհվելու մասին:  Տեսանյութում  պարզորոշ երևացել են զոհերի դեմքերը, կինը ճանաչել է ամուսնուն:

«Ինձ թվում է Ալբերտն ինքնասպան է եղել, որովհետև դիակներից շատերի վրա վնասվածքներ, արյուն կար, իսկ Ալբերտը, կարծես, քնած լիներ: Գնալուց առաջ ասում էր՝ մենք մեզ կվերացնենք, գերի չենք լինի»,-ասում է զոհվածի այրին:

Անհետ կորած զինվորները շիրիմներ չունեն, նրանց հիշատակը հարգում են   Արմավիր քաղաքի կայարանամերձ հրապարակում կառուցված հուշարձանին ծաղիկներ  խոնարհելով: Սվետլանան երբեմն միանում է արցախյան ուխտագնացությանը մեկնող երկրապահ կամավորականների խմբին, հասնում այն վայրերը, որտեղ վերջին կռիվն է տվել իր ամուսինը:

Ալբերտ Ամիխանյանի անվամբ անվանակոչված դասարան կա Արմավիրի թիվ 2 դպրոցում: Դպրոցի տնօրեն Գևորգ Առաքելյանը ցույց տալով դասարանն ու անկյունը ասաց, որ աշակերտները լավ են ճանաչում հերոս տղաներին: Բացի հիշատակի օրերից տարբեր միջոցառումներ են կազմակերպվում  նվիրված Հայաստանի անկախությանն ու  արցախյան ազատամարտին:

Ալբերտը միայն ֆիզիկապես է բացակա: Երեխաներն ամուսնացել են, ունեն իրենց ընտանիքը:  Տղան ժամանակավորապես  բացակայում  է հայրենիքից: Սվետլանան մնացել է իր հուշերի հետ, հարևանուհու հետ սրճելիս ամեն անգամ  մի նոր պատմնություն են հիշում ու օրը լցնում հայրենիքի համար զոհված ամուսնու  ներկայությամբ:

Հիշում են,  անցնում առօրյա  գործերին:  Սվետլանան հիմա էլ անհամբեր  սպսում է իր տղա թոռան ծնվելուն,  ում կոչելու են   պապի անվամբ՝ Ալբերտ Սահակի Ամիրխանյան:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles